Մամուլի տեսություն 11-06-2017
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել Կատարի սցենարի խաղավարի դերում:
Ռեսալաթ
Թրամփը Կատարի սցենարի խաղավարը
Այն դեպքում ,երբ խորացել է Կատարի և Պարսիցծոցյան երկրների միջև լարվածությունը, Դոնալդ Թրամփը այդ հակամարտության մեջ Սաուդյան Արաբիայի կողմնակցի դերում է հանդես գալիս։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Կատարը բարձր մակարդակում ֆինանսապես աջակցում է ահաբեկիչներին և արդեն ժամանակն է, որ այդ երկիրը վերջ դնի ահաբեկիչների ֆինանսավորմանը:
Ալիք
Իրանում ՀՀ զինվորական նոր կցորդն այցելել է ազգային առաջնորդարան
Հունիսի 10-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսյանը, առաջնորդարանի իր գրասենյակում ընդունեց Հայաստանի Հանրապետության նորանշանակ զինվորական կցորդ գնդապետ Արթուր Արզումանյանին:Պրն. Արզումանյանն եկել էր Սրբազան Հորն այցելելու և իր առաքելության սկզբին օրհնություն հայցելու:Թեմակալ առաջնորդը ողջունեց և հաջողություն մաղթեց գնդապետին՝ հույս հայտնելով, որ երկու հարևան երկրների հարաբերությունների ամրապնդման գործում նա կունենա իր ներդրումը:
Շարղ
ԻԼԻՊ-ն սպառնացել է Սաուդյան Արաբիային
Լրատվական աղբյուրներ հաղորդել են, որ ԻԼԻՊ-ն այս անգամ սպառնացել է Սաուդյան Արաբիային։ «Ռոյթերս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԻԼԻՊ-ը Արաբիային սպառնացել է, որ հարձակումներ ու ռմբակոծություններ է իրականացնելու այդ երկրում։
Համշահրի
Թուրքիան հովանավորում է Կատարին
Թուրքիայի նախագահ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանը պահանջում է դադարեցնել Կատարի շրջափակումը։ Նա Արաբիային կոչ է արել վերջ դնել Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամին։Էրդողանը հայտարարել է, որ թուրքական կողմը շարունակելու է ցանկացած տեսակի աջակցություն ցուցաբերել Կատարին: Նա նշել է, թե մինչ օրս չի տեսել, որ Կատարն ահաբեկիչներին օգնություն ցուցաբերի:
Թուրքիայում ընդունել են որոշում, որով թուրքական կողմն իր զինված ուժերի ներկայացուցիչներին տեղակայելու է Կատարում: Որոշումը վավերացրել էր այդ երկրի նախագահ Էրդողանը:
Թեջարաթ
Անգելա Մերկել.« Իրանը և Կատարը չպետք է մեկուսացվեն»
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտահոգություն է հայտնել Կատարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ։
Նա Պարսից ծոցի երկրներին, նաև Իրանին ու Թուրքիային կոչ է արել համատեղ աշխատել տարածաշրջանային ճգնաժամի կարգավորման համար։Նրա խոսքով, այդ «շատ տագնապալի» իրավիճակն անհնար է հաղթահարել առանց տարածաշրջանային դերակատարների ներգրավման։ «Մենք տեսնում ենք, որ հակամարտությունների կարգավորումն անհնար է , քանի դեռ տարածաշրջանի բոլոր երկրներն չեն ներգրավվում հակամարտության կարգավորման գործընթացում»։ Մերկելը ընդգծել է տարածաշրջանում ուժերի «ողջամիտ» հավասարակշռություն պահպանելու անհրաժեշտությունը։
Ջավան
Աբուբաքր ալ Բաղդադին սպանվել է ․ Daily Mirror
Բրիտանական «Daily Mirror» պարբերականը վկայակոչելով սիրիական աղբյուրներին տեղեկացրել է,որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբուբաքր ալ Բաղդադին սպանվել է:
Ըստ պարբերականի ՝ սիրիական պետական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ Աբուբաքր ալ Բաղդադին սպանվել է հունիսի 10-ին Սիրիայի օդուժի կողմից Ռաքքա քաղաքում իրականացված ավիահարձակումների արդյունքում: Ռաքքան համարվում է ԻԼԻՊ-ի կենտրոնակայանը: «Daily Mirror»-ը նշել է, որ դեռևս որևէ անկախ աղբյուր չի հաստատել ԻԼԻՊ-ի պարագլխի մահը:
Ավելի վաղ ևս հաղորդումներ էին հրապարակվել ալ Բաղդադիի սպանության մասին,սակայն դրանցից ոչ մեկը հավաստի չի եղել։
Ալիք
WSJ-ն հայտնել է Սիրիայի հարցով Ռուսաստանի ու ԱՄՆ-ի գաղտնի բանակցությունների մասին
Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչներն անցկացրել են առնվազն 2 գաղտնի հանդիպում, որոնց ժամանակ քննարկել են Սիրիայում դեէսկալացիոն գոտիների հարցը: Այդ մասին գրում է Ալիք օրաթերթը՝ հղում անելով «panorama.am»-ին։
Պարբերականի աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպումները կայացել են Հորդանանում, որոնց մասնակցել են նաև տեղի իշխանությունների ներկայացուցիչները: Ըստ աղբյուրի՝ ևս մեկ հանդիպում պետք է այս շաբաթ Ամանում կայանար, սակայն այն չեղյալ է հայտարարվել չհամաձայնեցված ժամկետների պատճառով:
Նշվում է, որ ռուս-ամերիկյան հետագա բանակցությունները վտանգի տակ են Վաշինգտոնի ու Դամասկոսի հարաբերությունների սրման պատճառով:
Պարբերականի զրուցակիցներն ընդգծել են, որ Միացյալ Նահանգները ցանկանում է Ռուսաստանի հետ համագործակցության տարբերակ գտնել ու վերացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Եթե դեէսկալացիոն գոտիներն ապացուցեն իրենց արդյունավետությունը, ապա Վաշինգտոնն ու Մոսկվան կարող են պայմանավորվել դրանք Սիրիայի այլ տարածքներում հաստատելու մասին:
Նշվում է նաև, որ ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչները, ինչպես նաև ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը չեն մեկնաբանել իրավիճակը:
Առավոտ
Թուրքիայում կալանավորվել է «Amnesty International»-ի թուրքական ներկայացուցչության ղեկավարը
«Amnesty International» միջազգային իրավապաշտպան ընկերության Թուրքիայի ներկայացուցչության համահիմնադիր և ղեկավար Թաներ Քըլըչի վերաբերյալ կալանավորման որոշում է կայացվել: Թուրքական «Karınca» թերթի կայքի համաձայն՝ փաստաբան Քըլըչը ձերբակալվել է հունիսի 6-ին՝ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի առթիվ ընթացող հետաքննության շրջանակներում: Երեք օր տևած ձերբակալությունից հետո Քըլըչը տեղափոխվել է դատախազություն՝ ցուցմունք տալու նպատակով: Ավելի ուշ նրա վերաբերյալ կալանավորման միջնորդություն է ներկայացվել և Քըլըչը տեղափոխվել է դատարան: Իրավապաշտպան Քըլըչի կալանավորման լուրը հայտնի է դարձել «Amnesty International»-ի թուրքական ներկայացուցչության անդամ Անդրեյ Գարդների թվիթերյան գրառումից: «Մարդու իրավունքների ջատագով Թաներ Քըլըչը կալանավորվեց՝ առանց որևէ կոնկրետ, համոզիչ փաստարկի: Ի՜նչ ամոթ», – գրել է Գարդները: Հունիսի 8-ին ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հեդեր Նաուերթը գրավոր հայտարարությամբ կոչ էր արել ազատ արձակել «Amnesty International»-ի Թուրքիայի բաժնի ղեկավարին՝ Թուրքիայում տեղի ունեցող նմանատիպ դեպքերը բնութագրելով որպես ահազանգ: Նմանատիպ կոչով էր հանդես եկել նաև Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինի խոսնակը: Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակներում 23 փաստաբանի վերաբերյալ ձերբակալման որոշում էր կայացվել: Այդ ցանկում տեղ էր գտել նաև Թաներ Քըլըչի անունը: Նշված 23 փաստաբաններից 18-ը այս պահին արդեն անազատության մեջ են: