Մամուլի տեսություն 04-07-2017
Օբաման քննադատել է Թրամփին:
«Ռեսալաթ»
Օբաման քննադատել է Թրամփին
Ինչպես ակնկալվում էր, ԱՄՆ նախկին նախագահը քննադատել է երկրի գործող նախագահին ՝ Փարիզի կլիմայական համաձայնագրից դուրս գալու համար: Ջակարտայում Օբաման ասել է.«Փարիզում մենք ի մի եկանք ՝ կլիմայական խնդրի հետ կապված պատմական համաձայնագիրը ստորագրելու գաղափարի շուրջ: Համաձայնագիր, որը նույնիսկ ԱՄՆ ղեկավարության ժամանակավոր բացակայության դեպքում էլ կարող է մեր զավակներին պայքարելու հանարավորություն տալ»:
2015 թվականին ՝ Օբամայի նախագահության օրոք, Փարիզում 190 երկրի ղեկավարների կողմից ստորագրվեց բնակլիմայական համաձայնագիրը: Եվրոպական երկրների քաղաքական գործիչներն ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփի այդ քայլը որակել են Վաշինգտոնի անպատասխանատվության վառ ապացույց:
«Համշահրի»
Չինաստանի նախագահը զգուշացրել է Թրամփին
Շի Ջինփինգը Դոնալդ Թրամփին զգուշացրել է, որ «որոշ բացասական գործոններ» վնասում են Պեկին-Վաշինգտոն հարաբերություններին:
Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահների հեռախոսազրույցը կայացել է այն բանից հետո, երբ Չինաստանն իր դժգոհանքն է հայտնել Թայվանին ամերիկյան զենքեր վաճառելու , չինական մի բանկի դեմ շրջափակում սահմանելու և Հյուսիսային Կորեայի հետ կապեր հաստատելու և հարավչինական ծովում Չինաստանին պատկանող կղզու ջրատարածք ամերիկյան նավակործանի մուտքի կապակցությամբ:
Պեկինը նաև վրդովված է այն բանից, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը Չինաստանում թրաֆիքինգի իրավիճակի մասին վատ գնահատական է տվել:
Չինաստանի նախագահը Թրամփին ասել է , որ Վաշինգտոնից ակնկալվում է շարունակել «Միասնական Չինաստան» սկզբունքով հարաբերությունները:
«Շարղ»
Ամերիկացիները պահանջում են իմպիչմենտ սկսել Թրամփի դեմ
Հարյուր հազարավոր ամերիկացիներ պահանջել են իմպիչմենտի ենթարկել երկրի նախագահին ՝ հեռացնելով նրան իր պաշտոնից: Ցուցարարների համոզմամբ, Թրամփը դեմ է գնացել Սահմանադրությանը , ուստի ԱՄՆ Կոնգրեսի պատգամավորները պետք է սկսեն նրա դեմ իմպիչմենտի գործընթացը: Ոստիկանության շենքի մոտ ցույցերի մասնակիցները կրում էին ԱՄՆ դրոշը: «Թրամփին իմպիչմենտի ենթարկելու ցույցերն» ավարտվել են նախագահի դեմ ելույթներով:
news.am
Ֆիլիպինների գերագույն դատարանը սատարել է Մինդանաոյում արտակարգ դրություն սահմանելու՝ նախագահի հրամանը
Ֆիլիպինների Գերագույն դատարանը Սահմանադրությանը համապատասխան է համարել Մինդանաո կղզում արտակարգ դրություն սահմանելու մասին նախագահի հրամանը, որտեղ գրոհայիններն արդեն 7-րդ շաբաթն է՝ պաշարել են Մարավի քաղաքը։
Դատարանի 15 անդամներից 11-ը աջակցել են նախագահի հրամանին։ Երեքը նշել են, որ աջակցում են հրամանին, սակայն անհրաժեշտ են համարում կրճատել տարածքը, որտեղ ռազմական դրություն է հայտարարվել, մեկը դեմ է արտահայտվել, փոխանցում է Reuters-ը։
Ընդդիմությունն, ինչպես նաեւ մի շարք քաղաքացիական ակտիվիստներ եւ Մարավիի չորս բնակիչ, Գերագույն դատարան են դիմել՝ պահանջելով վերանայել Մինդանաո կղզում ռազմական դրություն սահմանելու իրավասությունը։ Ըստ նրանց՝ դրա համար բավարար հիմքեր չկան։
Ավելի վաղ նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ ռազմական դրություն սահմանելու վերաբերյալ իր հրամանը քննադատողները ճաղերի հետեւում կհայտնվեն։
tert.am
Թուրքիան անհրաժեշտության դեպքում կարող է նոր ռազմական գործողություն սկսել Սիրիայի տարածքում. երկրի ՊՆ
Թուրքիան կարող է վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայի տարածքում, եթե դրա անհրաժեշտությունը լինի, այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը, գրում է թուրքական «Սաբահ» պարբերականը։
Ըշըքը, մասնավորապես, հայտնել է, որ «Թուրքիայի սահմաններին սպառնացող ցանկացած քայլ կստանա արժանի հակահարված», և դա «Թուրքիայի իրավունքն է»։
Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ն մեծ թվով զրահատեխնիկա է կուտակել Աֆրինի հետ սահմանին:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին թուրքական ԶՈւ-ն հրթիռակոծել է սիրիական Աֆրինը, որը գտնվում է Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) վերահսկողության տակ։
Ավելի վաղ՝ ապրիլի 25-ին, թուրքական ԶՈւ-ն օդային հարվածներ էր հասցրել Սիրիայի հյուսիսային շրջաններին, որի հետևանքով մահացել է YPG-ի 18 մարտիկ:
2016թ.-ի օգոստոսի 24-ին թուրքական հատուկ նշանակության ուժերը մտել էին Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցել են «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարել է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։ Այս տարվա մարտի վերջին Թուրքիայի վարչապետը հայտարարել էր գործողության ավարտի մասին։
galatv.am
Ի՞նչ է ասելու Թրամփը, երբ հանդիպի Պուտինի հետ
«Թեեւ նախագահ Թրամփը սիրում է հույսը դնել սեփական բնազդի վրա, այս շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Համբուրգում կայանալիք հանդիպումը կարիք ունի մանրամասն նախապատրաստության եւ ուղղակի զրույցի»,- գրում է The Washington Post-ը:
«Թրամփը պետք է կողքի դնի իր հիացմունքը բռնապետական հակումներ ունեցող Պուտինի նկատմամբ, դրա փոխարեն Ռուսաստանի նախագահի առջեւ պետք է բարդ հարցեր առաջ քաշի: Թրամփը պետք է նկատողություն անի 2016թ.-ին նախագահական ընտրություններին Պուտինի միջամտության համար: Նա պետք է հասկացնի, որ ԱՄՆ-ն դա չի հանդուրժի եւ վերջ»,- ասվում է հոդվածում:
«Ուկրաինայի առումով Թրամփը պետք է ցուցադրի վճռականություն: Ռուսաստանը հրահրեց զինված ապստամբություն եւ գրավեց Ղրիմը՝ խախտելով միջազգային նորմերը, իսկ հիմա շարունակում է բռնություն հրահրել Դոնբասում: Թրամփը չպետք է Պուտինի մոտ կասկածներ թողնի այն առումով, որ ԱՄՆ-ն չի հրաժարվի պատժամիջոցներից, որոնք կիրառվել են՝ կապված Ուկրաինայի իրավիճակի հետ, քանի դեռ խաղաղության համաձայնագրի պայմանները չեն կատարվել»:
«Առաջնորդները պետք է քննարկեն նաեւ սիրիական հակամարտությունը՝ զերծ մնալով ուղղակի զինված գործողություններից՝ չնայած Վաշինգտոնը եւ Մոսկվան հետապնդում են տարբեր ռազմական նպատակներ»,- ասվում է շարունակությունում: Բացի դրանից, հեղինակներն անհրաժեշտ են համարում ռազմական համագործակցության վերականգնումը, ինչպես նաեւ միջուկային զենքի չտարածման աշխատանքը եւ միջին եւ հեռահար հրթիռների չեզոքացման պայմանագրի հետ կապված հակամարտության լուծումը:
«Այդ հանդիպումը, հնարավոր է, կբավարարի Պուտինի՝ համաշխարհային առաջնորդ երեւալու ցանկությունները, եւ նա կփորձի բացահայտել Թրամփի թուլությունները»,- եզրափակում են հեղինակները:
Աղբյուր՝ The Washington Post
Թարգմ.՝ Էդիտա Աթոյան