Մամուլի տեսություն 06-07-2017
Իրանը և Հայաստանը քննարկում են գյուղտեխնիկայի հավաքման համատեղ կենտրոնի ստեղծման հնարավորությունը:
Ալիք
Մաշհադում ձերբակալվել է ԴԱԷՇ-ի 21 անդամ
Իրանի հատուկ ծառայությունները Մաշհադ քաղաքում ձերբակալել են ԴԱԷՇ ահաբեկչական խմբավորման 21 անդամի: Այս մասին հայտարարել է Մաշհադի դատախազի տեղակալ Հասան Հեյդարին:
Ըստ նրա՝ շուրջ մեկ ամիս առաջ, Մաշհադ քաղաքում ԴԱԷՇ ահաբեկչական խմբավորման հետ կապված մի խումբ անձինք հայտնվել են Իրանի ազգային անվտանգության ուժերի տեսադաշտում: Հետախուզական տվյալների յուրացումից հետո, պարզվել է, որ հիշյալներն ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով անցել են ուսումնա-մարզական հատուկ պատրաստություն, եւ կեղծ փաստաթղթերով ներթափանցել են երկրի տարածք:
Կանխարգելիչ գործողության շրջանակում, Իրանի հատուկ ծառայությունների աշխատակիցներին հաջողվել է ձերբակալել նրանց: Նախնական քննության արդյունքում պարզվել է, որ հիշյալները մտադիր են եղել երկրի տարբեր հատվածներում իրականացնել ահաբեկչական հարձակումներ եւ պայթյուններ:
Անդրադառնալով ձերբակալվածների քաղաքացիությանը, Հասան Հեյդարին նշել է, որ նրանցից մի խումբն Իրանի քաղաքացիներ են, իսկ մի քանիսն էլ՝ Աֆղանստանի քաղաքացիներ:
Ջամե Ջամ
Սաուդյան Արաբիան ծայրահեղականության տարածման գլխավոր հովանավորը՝ Բրիտանիայում
Բրիտանական «Հենրի Ջեկսոն» հետազոտական կենտրոնի ուսումնասիրությունների արդյունքում պարզվում է,որ Սաուդյան Արաբիան համարվում է Բրիտանիայում ծայրահեղականության տարածման գլխավոր հովանավորը: Այս մասին տեղեկացնում է «Դոյչե Վելլեն»-ն:
Արաբիան Բրիտանիայի մզկիթներին աջակցում է այդ երկրում վահաբիական ծայրահեղական գաղափարախոսությունը տարածելու գործում, տեղեկացնում է հետազոտական կենտրոնը։
Կենտրոնի փոխանցմամբ՝ անցյալ 50 տարիների ընթացքում Սաուդյան Արաբիան տարբեր հիմնադրամների միջոցով, ավելի քան 67 մլրդ. Ֆունտ ստերլինգ (76 մլրդ. եվրո) է ծախսել Իսլամական աշխարհում և արևմուտքում գործող իսլամական տարբեր կազմակերպությունների միջոցով Սաուդյան վահաբիականությունը տարածելու համար:
«Հենրի Ջեկսոն» հետազոտական կենտրոնի ուսումնասիրության արդյունքը հրապարակվել է այն դեպքում, երբ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ճնշման տակ է գտնվում ՝ այդ երկրում ծայրահեղականությունը տարածելու գործում Սաուդյան Արաբիայի և այլ երկրների դերակատարության մասին կառավարության զեկույցը հրապարակելու համար:
Շարղ
ԱՄՆ․«Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ռազմական ուժ գործադրել Հյուսիսային Կորեայի դեմ»
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է ․-«Վաշինգտոնը պատրաստ է իր բոլոր հնարավորությունները, ներառյալ ռազմական ուժը գործի դնել Հյուսիսային Կորեայի դեմ»։
«Մենք գործի կդնենք ռազմական ուժը, եթե անհրաժեշտ լինի, սակայն մենք նախընտրում ենք չգնալ այդ քայլի», - ասել է Հեյլին ՄԱԿ ԱԽ նիստում։
Հուլիսի 4-ին Հյուսիսային Կորեան հայտարարել է «Խվասոն-14» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին: Նշվում էր, որ հրթիռի թռիչքի բարձրությունը կազմել է 935 կմ․ իսկ երկարությունը՝ 933 կմ: Հյուսիսային Կորեայի լրատվամիջոցները հաստատել են ,որ այդ հրթիռի հեռահարությունը կարող է հասնել ԱՄՆ։
Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումը պատճառ դարձավ ,որ ԱՄՆ-ն, Հարավային Կորեան և Ճապոնիան Անվտանգության խորհրդից պահանջեն արտահերթ նիստ անցկացնել այդ հարցով։
ՄԱԿ-ում ՌԴ փոխդեսպանն ասել է․-«Հյուսիսային Կորեայի դեմ տնտեսական ճնշումների մեծացմանն ուղղված ջանքերն ընդունելի չեն, քանի որ այդ երկրի միլիոնավոր քաղաքացիներ մարդասիրական օգնության կարիք ունեն»։
Ռեսալաթ
Սաուդյան Արաբիայի ՆԳ նախարարություն․ « 9 իրանցիներ գտնվում են Արաբիայի անվտանգության բանտերում»
Սաուդյան Արաբիայի Ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ 9 իրանցիներ գտնվում են այդ երկրի անվտանգության բանտերում։Հղում անելով Ֆարս գործակալությանը Ռեսալաթ թերթը գրում՝ է․-« Արաբիայի անվտանգության բանտերում կան 5073 բանտարկյալներ,այդ թվում 911-ը արտասահմանցիներ, որոնցից 9-ը իրանցիներ են»։ Ըստ հաղորդման մնացած մյուս բանտարկյալները Եմենի, Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի,Հորդանանի,Պակիստանի, Ֆիլիպինների, Սուդանի, Սոմալիի , Նիգերիայի և Մալիի քաղաքացիներ են։ Այս լուրն այն դեպքում է հրապարակվել, երբ Ռիադը վերջերս հայտարարել է, որ Իրանի Պահակազորայիններից երեքը ձերբակալվել են Մարջան հանքավայրի մոտակայքում։
Armedia.am
Հայաստանը և Իրանը քննարկում են գյուղտեխնիկայի հավաքման համատեղ կենտրոնի ստեղծման հնարավորությունը
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն երեկ ընդունել է Իրանի գյուղատնտեսական սարքավորումներ արտադրողների ասոցիացիայի փոխնախագահ Հոսեյն Ռոուզաթիի գլխավորած պատվիրակությանը:
«Մեր այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում կիրառվող տեխնիկային և հարակից սարքավորումներին, դրանց հզորություններին, ինչպես նաև գործարար կապեր հաստատել տեղական արտադրողների հետ իրանական գյուղտեխնիկայի մատակարարման և նորագույն տեխնոլոգիաների ներմուծման նպատակով», – նշել է ասոցիացիայի փոխնախագահ Հոսեյն Ռոուզաթին:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են գյուղտեխնիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղիները: Տեղեկացնելով Հայաստանում լիզինգային եղանակով գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման և մեքենա-տրակտորային կայանի (ՄՏԿ) ստեղծման ծրագրերի վերաբերյալ` Ռոբերտ Մակարյանն առաջարկել է հյուրերին ուսումնասիրել նաև այդ ծրագրերում ընդգրկվելու հնարավորությունը:
Նախարարի տեղակալը հնարավոր է համարել նաև իրանական գյուղտեխնիկայի նմուշների ներկայացումը հոկտեմբերին Երևանում կայանալիք «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսին, ինչը Ռոբերտ Մակարյանի համոզմամբ հնարավորություն կընձեռի հայ ֆերմերներին տեղում ծանոթանալ արտադրանքին:
Որպեսզի իրանական գյուղտեխնիկան հայկական շուկայում լինի մրցունակ և ունենա պահանջարկ` Ռոբերտ Մակարյանը միաժամանակ ընդգծել է բարձր որակի և մատչելի գների ապահովման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև գյուղտեխնիկայի հավաքման համատեղ կենտրոնի ստեղծման հնարավորությունը:
Tert.am
Նիդեռլանդների ԱԳՆ-ն զգուշության կոչ է հղել Թուրքիա մեկնել պատրաստվող իր քաղաքացիներին
Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով զգուշության կոչ է հղել Թուրքիա մեկնել պատրաստվող իր քաղաքացիներին:
Ինչպես գրում է թուրքական demokrathaber.org կայքը, Նիդեռլանդների ԱԳՆ-ն հիշեցրել է անցյալ տարի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի 1-ամյակի ու նախատեսվող բազմամարդ հավաքների մասին ու խորհուրդ տվել Թուրքիա մեկնել պատրաստվող քաղաքացիներին հեռու մնալ մարդաշատ վայրերից ու կենտրոնական հրապարակներից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ հուլիսի 15-ին նախագահի կոչով ժողովուրդը կրկին պետք է դուրս գա երկրի փողոցներ՝ Թուրքիայի ժողովրդավարության պաշտպանությանը նվիրված երթերին, ինչպես տեղի ունեցավ մեկ տարի առաջ ռազմական հեղաշրջման փորձի գիշերը:
2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: