Մամուլի տեսություն 23-07-2017
Այսօր իրանական մամուլը տեղեկացրել է Թեհրանում հայկական ֆիլմերի շաբաթվա մեկնարկի մասին: Այսօր հուլիսի 23-ին երեկոյան ժամը 18-ին Իրանի արվեստագետների տան դահլիճում տեղի է ունեցել հայկական ֆիլմերի շաբաթվա բացումը նախաձեռնությամբ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության և «Art and experience» մշակութային կազմակերպության:Նշենք,որ միջոցառումը տևելու է մինչև հուլիսի 29-ը:
Ալիք
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Վարդավառը
Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է և Պետրոս, Յովհաննես ու Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որը, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա:Հայ Եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր անց, հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հայաստանյայց Եկեղեցին այն կոչում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ:
Ռեսալաթ
Բեռլինի և Անկարայի միջև լարվածությունը սրվել է
Մերկելն արդյոք կանցնի՞ կարմիր գիծը
Թուրքիայի և Գերմանիայի միջև առկա լարվածության մակարդակը կտրուկ բարձրացել է։Եվրոպայի հարցերով որոշ վերլուծաբաններ տեղեկացրել են այդ երկու երկրի դիվանագիտական հարաբերություններում առկա վիճակի բարդացման մասին։ Գերմանիայի ԱԳ նախարար՝ Զիգմար Գաբրիելը խոսքն ուղղելով եվրոպական այդ երկրում բնակվող ծագումով թուրքերին հայտարարել է,որ Բեռլինը չի կարող անտարբեր մնալ Թուրքիայում իր քաղաքացիների կալանավորման նկատմամբ։Մյուս կողմից Թուրքիայի իշխանությունների համար անընդունելի է այն փաստը, որ Գերմանիան թույլ չի տվել Էրդողանը ելույթ ունենա այդ երկրի թուրքերի առաջ և մյուս կողմից էլ հուլիսյան հեղաշրջման մեջ մեղադրվող ապաստանյալներին չի արտահանձնել Անկարային։
Վերջերս Գերմանիայի խորհրդարանը այդ երկրի կանցլեր՝ Անգելա Մերկելին կոչ է արել չեղարկել Թուրքիայի հետ կնքած միգրացիոն համաձայնագիրը։ Մերկելը դա համարում է Թուրքիայի ու Գերմանիայի միջև հարաբերությունների կարմիր գիծը։ Ներկայումս Մերկելը քննարկում է էմիգրանտների ճգնաժամի կարգավորման համար փոխարինող տարբերակները, բայց թվում է,որ նա Թուրքիայի հետ համաձայնության գալուց բացի այլ ելք չունի, քանի որ ցանկացած մեխանիզմ կարող է փակուղու առջև կանգնեցնել միասնական Եվրոպան։
Համշահրի
Ինտերպոլ․ «Եվրոպայում հարձակումների վտանգ են ներկայացնում ԻԼԻՊ-ի անդամ 173 ահաբեկիչներ»
Միջազգային ոստիկանություն՝ Ինտերպոլը հրապարակել է 173 ահաբեկիչներից բաղկացած ցանկ, որում ներառված են ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման մի շարք անդամներ, որոնք կարող են նախապատրաստական աշխատանք անցած լինել՝ Եվրոպայի տարածքում ահաբեկչություններ իրականացնելու համար:
Համշահրի օրաթերթը հղում անելով Guardian թերթին գրում է․-«Հիմնվելով առկա փաստաթղթի վրա ցանկում ներառված են մարդիկ, որոնք, հնարավոր է, սովորել են հավաքել ու տեղադրել ինքնաշեն ռումբեր՝ վնասվածքներ հասցնելու ու մարդկանց սպանելու համար:
Աղբյուրը նշում է, որ թեև ներկայում Ինտերպոլը տեղեկություն չունի այն մասին, որ ցանկում նշված անձինք գտնվում են Եվրոպայի տարածքում, այնուհանդերձ՝ հրապարակված փաստաթուղթը ցույց է տալիս ահաբեկչության խնդրի իրական մասշտաբը:
«Ցանկը կազմելու համար անհրաժեշտ տվյալներն ի սկզբանե հավաքվել են ամերիկյան հետախուզության օգնությամբ՝ Սիրիայում և Իրաքում ռազմական օպերացիաների ժամանակ հուսալի աղբյուրների միջոցով:Այդ տվյալները ինտերպոլին կարող են օգնել ահաբեկչության մեջ կասկածվող անձանց ինքնությունը հայտնաբերելու համար»,գրում է Guardian-ը։
Շարղ
Սպիտակ տան մամուլի քարտուղարը հրաժարական է տվել
Շոն Սփայսերը հրաժարական է տվել Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնից։ Այս մասին հայտնել է New York Times թերթը՝ վկայակոչելով լավատեղյակ աղբյուրը։Ըստ New York Times-ի՝ Սփայսերի նման որոշման պատճառն է հանդիսացել նրա անհամաձայնությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման հետ՝ ֆինանսագետ Անթոնի Սկարամուչիին նշանակել Սպիտակ տան աշխատակազմում հաղորդակցության հարցերով տնօրեն։Սփայսերը Թրամփին ասել է,որ այդ որոշումը մեծ սխալ է։ Սփայսերին փոխարինել է Սարա Սանդերսը։
Իրան
Նուրի Մալեքին Կմեկնի Ռուսաստան
Կրեմլը տեղեկացրել է , որ նախապատրաստվում է Մոսկվայում Իրաքի հանրապետության նախագահի տեղակալի հետ Ռուսաստանի դաշնության նախագահի հանդիպման համար։
Հղում անելով ռուսական Ռիա Նովոստի գործակալությանը, Շարղ թերթը հաղորդել է,որ ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Իրաքի փոխնախագահ՝ Նուրի Ալ Մալեքիի հետ։
News.am
Կուրցը կոչ է արել դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները
Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը կոչ է արել դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները: Նա այս մասին հայտարարել է գերմանական Welt am Sonntag պարբերականի հետ հարցազրույցում:
Նա Եվրամիությանը Թուրքիայի հետ բանակցություններում մեծագույն վճռականության կոչ է արել: «Ավելին՝ ես կողմ եմ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների դադարեցմանը»,- հայտարարել է նա:
«Եվրամիությունն, ի վերջո, պետք է Թուրքիայի հարցում հստակ դիրքորոշում մշակի: Անդամակցության վերաբերյալ բանակցությունների փոխարեն պետք է հարեւանության հստակ քաղաքականության ձգտել»,- հայտարարել է նա:
Նա ողջունել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի հայտարարությունը, որը հանդես է եկել ԵՄ-ի համար Թուրքիայի տեղի եւ նրա նկատմամբ վերաբերմունքի գնահատականով:
Նշենք, որ դեռեւս մի քանի շաբաթ առաջ Գաբրիելն իր ավստիացի գործընկերոջը կշտամբել էր պոպուլիզմի համար:
Ձերբակալությունները, այդ թվում՝ իրավապաշտպան Պետեր Շթեյդթների եւ լրագրող Դենիզ Յուջելի (երկուսն էլ Գերմանիայի քաղաքացի են), կամայական էին եւ անչափ վիճահարույց, հայտարարել է նա:
«Իմ կարծիքով՝ Թուրքիան նման արարքներով է՛լ ավելի ուժգին է Եվրոպայից հեռանում»,- հայտարարել է նա: