Մամուլի տեսություն  27-07-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i68300-Մամուլի_տեսություն_27_07_2017
Այսօր իրանական  մամուլի ուշադրության կենտրոնում  է եղել Իրանի,  ՌԴ-ի   և Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին ԱՄՆ-ի ընդունած նոր օրինագիծը։Այդ օրինագիծը քննադատության է արժանացել ոչ միայն Իրանի, այլև տարբեր երկրների ու կառույցների պաշտոնյաների կողմից։ 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2017 11:55 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  27-07-2017

Այսօր իրանական  մամուլի ուշադրության կենտրոնում  է եղել Իրանի,  ՌԴ-ի   և Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին ԱՄՆ-ի ընդունած նոր օրինագիծը։Այդ օրինագիծը քննադատության է արժանացել ոչ միայն Իրանի, այլև տարբեր երկրների ու կառույցների պաշտոնյաների կողմից։ 

 

ԻԻՀ նախագահն ասել է, որ Իրանը համարժեք պատասխան կտա ԱՄՆ-ի թշնամական քայլերին։

 

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջոն Դունկանը հայտարարել է.« ԱՄՆ-ն չպետք է  Իրանի  դեմ նոր պատժամիջոցներ սահմանի, քանի որ Թեհրանը կատարում է միջուկային գործարքի վերաբերյալ պայմանավորվածությունները»:

 

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի խոսքով՝ ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված նոր օրինագիծը կարող է հարվածել եվրոպական ընկերությունների տնտեսական շահերին:

 

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Իրանի, Ռուսաստանի ու Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցները հակասում են միջազգային իրավունքի նորմերին: «Անհրաժեշտ է   ԵՄ մակարդակի վրա քննարկումներ կազմակերպել Եվրոպայի քաղաքացիների ու ընկերությունների վրա այդ պատժամիջոցների պոտենցիալ ազդեցության պատճառով»,հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը։  

 

Ալիք

Ռոհանի «Իրանը համարժեք պատասխան կտա ԱՄՆ-ի թշնամական քայլերին»

Իրանն արժանի պատասխան կտա ԱՄՆ-ի Կոնգրեսի ձեռնարկած հակաիրանական նոր քայլերին: Այս մասին երեկ՝ հուլիսի 26-ին, կառավարության հերթական նիստի ընթացքում հայտարարել է Հանրապետության նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ կոչ անելով ԱՄՆ-ի իշխանություններին անհրաժեշտ դասեր քաղել Իրանի նկատմամբ անցյալ 40 տարիների ընթացքում իրենց ձեռնարկած թշնամական քայլերից:

«Ժողովուրդը սովորել է արդեն այս թշնամանքին և քաջ գիտի, թե ինչպես դիմադրել դրան»,- ասել է հանրապետության նախագահը՝ հավելելով, որ ԱՄՆ-ի թշնամանքն ուղղված չէ միայն Իրանի Իսլամական Հանրապետության համակարգին. «Նրանց համար անհանդուրժելի է Իրանի ժողովրդի օրինակելի դիմադրությունը: Նրանք չեն համակերպվում այն իրողության հետ, որ նման զգայուն տարածաշրջանում կա մի երկիր, որն ունի այսպիսի անկախություն և ազդեցություն»,- նշել է դոկտ. Ռոհանին:

 

 

 

Ռեսալաթ

Էրդողանը կոշտ հայտարարություն է  արել  Գերմանիայի կառավարության հասցեին

Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունները շարունակում են մնալ լարված և այդ լարվածությունը  գնալով  աճում  է: Դա այն դեպքում, երբ Թուրքիայի որոշ պաշտոնատարներ, այդ թվում այդ երկրի ԱԳ նախարարը հայտարարել են, թե հույս ունեն,որ կբարելավվի ներկա վիճակը: Թուրքիայում գերմանացի իրավապաշտպան Պետեր Շթոյնդերի ձերբակալությունից  և Անկարայի այդ քայլի նկատմամբ Բեռլինի կոշտ արձագանքից հետո, Թուրքիայի նախագահ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանը խստորեն քննադատել է Գերմանիային, վերջինիս մեղադրելով լրտեսության  և դիվանագիտական ճգնաժամ հրահրելու մեջ: Էրդողանը խոսքն ուղղելով Գերմանիայի կառավարությանն ընդգծել էԴու Թուրքիայի նախագահին և նախարարներին թույլ չես տալիս քո երկրում ելույթ ունենալ, բայց ցանկանում ես քո լրտեսներն ու գործակալները կարողանան ազատորեն  քայլել մեր երկրում, մնալ հյուրանոցներում և  վնասել մեզ»:

Նշենք, որ հուլիսի 5-ին Ստամբուլում գտնվող մի հյուրանոցում կայացած սեմինարի ժամանակ, ոստիկանության կողմից բացի գերմանացի իրավապաշտպանից, ձերբակալվել են այլ իրավապաշտպաններ ևս, այդ թվում՝ Amnesty International-ի թուրքական բաժնի ղեկավարը:Համենայնդեպս այդ և այլ խնդիրների ազդեցության տակ մթագնել են Անկարա-Բեռլին հարաբերությունները:

 

 

Խորասան

Եվրոպան ընդդեմ Պաղեստինի դիմադրության

Այն դեպքում ,երբ այս օրերին Պաղեստինյան գրավյալ տարածքներում սովորական երևույթ են դարձել աշխարհի մուսուլմանների նկատմամբ թույլ տրվող սրբապղծությունները, և անմեղ մարդկանց կոտորելը, երեկ  Եվրոպայի արդարադատության դատարանը  վճիռ է արձակել, որի համաձայն՝ ՀԱՄԱՍ շարժումը կշարունակի մնալ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։Այսպիսով ԵՄ-ի կողմից պաղեստինյան կուսակցության նկատմամբ սահմանված  պատժամիջոցներն  ուժի մեջ կմտնեն։ Նշենք որ Եվրոպական դատարանի 2014 թվականին կայացրած վճռով ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժումը բացառվել էր ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից։Այսպիսով Եվրոպական դատարանը չեղարկել է ՀԱՄԱՍ շարժումը  ահաբեկչական կազմակերպություն չճանաչելու վճիռը։

 ՀԱՄԱՍ շարժման խոսնակ Ֆաոզի Բարհումն ասել է,որ այդ կազմակերպությունը քննում է դատարանի վճիռը։

 

 

Շարղ

Հյուսիսային Կորեան զգուշացրել է ԱՄՆ-ին

 

Հարավային Կորեայի պետական լրատվական գործակալությունը հղում անելով Հյուսիսային Կորեայի պաշտոնական լրատվական գործակալությանը հաղորդել է-«Եթե ԱՄՆ-ն փորձի ինչ-որ քայլ կատարել Փխենյանում իշխանափոխության ուղղությամբ, Հյուսիսային Կորեան ատոմային հարձակում կկատարի ԱՄՆ-ի կենտրոնական հատվածի վրա»։Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալության հաղորդագրությունը հրապարակվել է մեկ շաբաթ այն բանից հետո, երբ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական կազմակերպության ղեկավար՝ Մայք  Պոմպեոն ասել էր,որ Դոնալդ Թրամփի կառավարությունը պետք է այնպիսի ելք գտնի,որի նպատակը կլինի Հյուսիսային Կորեայի պոտենցիալները այդ երկրի իշխող ռեժիմից առանձնացնելը։

 

 

 

Ջամե Ջամ

Թրամփն արգելել է սեռը փոխած անձանց  ծառայել բանակում 
 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափը հայտարարել է, որ սեռը փոխած անձինք չեն կարող ծառայել ամերիկյան բանակում, քանի որ նրանց բժշկական սպասարկման վրա մեծ ծախսեր են պահանջվում: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում: «ԱՄՆ կառավարությունը բանակում ծառայության չի ընդունի սեռը փոխած անձանց (տրանսգենդերներին) ոչ մի պաշտոնում: Մեր բանակը պետք է կենտրոնանա կործանիչ հաղթանակների վրա և չի կարող իրեն ծանրաբեռնել հսկայական բժշկական ծախսերով և այնպիսի խառնաշփոթով, որն իրենց հետ կբերեն տրանսգենդերները ռազմական ծառայությունում»,- գրել է նա:

 

 

Armedia.am

Միգրացիոն ճգնաժամը շարունակում է պառակտել Եվրոպան

Թեպետ Եվրոպական միությանը հաջողվել է որոշ չափով վերականգնել արտաքին սահմանների վերահսկողությունը՝ նպաստելով փախստականների թվի կրճատմանը, այդուհանդերձ, թեման և դրա շուրջ քաղաքական քննարկումները շարունակվում են:

Այս ֆոնին Եվրոպական դատարանի ներկայացուցիչը հայտարարել է, որ պետք է մերժել փախստականների քվոտաների համակարգի անօրինականության մասին Հունգարիայի և Սլովակիայի հայցը, հայտնում է Euronews-ը: Դատարանը գտնում է, որ այդ համակարգը բավարարում է իր առջև դրված խնդրին, այն է՝ կրճատել Իտալիայի և Հունաստանի դժվարությունները, որոնք մի քանի տարի շարունակ ընդունում են մեծ թվով փախստականների:

Հիշեցնենք, որ ԵՄ-ն համաձայնեցրել էր Հունաստան և Իտալիա ժամանած փախստականների տեղափոխման ծրագիրը 2015 թվականին, երբ միգրացիոն ճգնաժամը հասել էր իր գագաթնակետին: Սահմանվեցին քվոտաներ, որոնց համաձայն ԵՄ երկրները պետք է ընդունեին 160 հազար փախստական: Սակայն վերջին 2 տարիների ընթացքում Լեհաստանը և Հունգարիան չեն ընդունել ոչ մի փախստական, իսկ Չեխիան ծրագրին կարճ ժամանակ մասնակցելուց հետո ևս դադարեց կատարել իր պարտականությունները: Այս երկրները հայտարարում են, որ ԵՄ-ն չի կարող ստիպել ընդունել փախստականներին, քանի որ դա անվտանգության հարց է: Ի դեպ, Եվրոպական հանձնաժողովի առաջարկի համաձայն, երկրները կարող են հրաժարվել քվոտաների համակարգից, սակայն այդ դեպքում պարտավոր են 250 հազար եվրո վճարել յուրաքանչյուր փախստականի համար, որին չեն ընդունել:

Միգրացիայի խնդիրը լուրջ տարաձայնությունների պատճառ է դարձել եվրոպական ղեկավարների միջև՝ միևնույն ժամանակ ստիպելով նրանց համագործակցել բազմաթիվ հարցերում: Մյուս կողմից էլ Թուրքիան է սպառնում հրաժարվել փախստականներին ընդունելու մասին համաձայնագրից: Հաշվի առնելով վերոնշյալ պատճառները՝ կարելի է ասել, որ ԵՄ արդյունավետ միգրացիոն քաղաքականությունը դեռևս չկա: 

 

Armedia.am

Ամերիկյան զենքը կլուծի՞ ուկրաինական հակամարտությունը

Ուկրաինայի արևելքում իրավիճակը կարող է կրկին թեժանալ. օրերս Ուկրաինայի հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Քուրտ Վոլքերը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը քննարկում է Ուկրաինային ամերիկյան զենք մատակարարելու հնարավորությունը:

Կրեմլում արդեն արձագանքել են այս հայտարարությանը՝ զգուշացնելով, որ դա կհանգեցնի նոր էսկալացիայի: «Մենք բազմիցս ասել ենք, որ ցանկացած գործողություն, որը կարող է հանգեցնել շփման գծում լարվածության, դրանք ուղղակի մեզ կհեռացնեն ներուկրաինական այդ հարցի կարգավորումից», - հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

ԱՄՆ-ի կողմից նման քայլի վտանգավորության մասին զգուշացնում են նաև ամերիկացի փորձագետները` մտավախություն հայտնելով, որ այդ զենքը կարող է օգտագործվել հարձակվողական նպատակներով:

Նշենք, որ ավելի վաղ Օբամայի վարչակազմն արգելափակել էր Ուկրաինային զենք մատակարելու մասին Կոնգրեսի ընդունած օրինագիծը:

Ընդհանրապես Կիևի դաշնակից արևմտյան երկրները չնայած նյութական բավականին մեծ օգնություն են ցուցաբերում վերջինիս, սակայն մշտապես ձեռնպահ են մանացել ռազմական օգնություն տրամադրելուց՝ պնդելով, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես քաղաքական երկխոսության և Մինսկի համաձայնագրերի հիման վրա: Այս դիրքորոշումը նրանք վերահաստատել են «նորմանադական քառյակի» ղեկավարների այս շաբաթ կայացած հեռախոսազրույցի ժամանակ:

Փաստորեն, ուկրաինական հակամարտության հարցում ևս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է անտեսել եվրոպական գործընկերների դիրքորոշումը և շահերը, ինչը որ տեղի է ունենում ԱՄՆ-ի կողմից հակառուսական նոր պատժամիջոցների սահմանման պարագայում: Արդյունքում Ուկրաինային ԱՄՆ-ի կողմից զենքի մատակարարումը կարող է հարված լինել ոչ միայն Դոնբասի ինքնահռչակ  պետություններին, այլ նաև ԱՄՆ-Եվրոպա հարաբերություններին, որոնք Թրամփի նախագահության օրոք բավականին ծանր ժամանակներ են ապրում:.