Մամուլի տեսություն 30-07-2017
Այսօր իրանական մամուլի ուշադրության կենտրոնում է եղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը Մոգերինիի մասնակցությունը և Սբ. Թադեոս առաքյալի վանքի 63-րդ ուխտագնացությունը։
Թեջարաթ
Մոգերինին, որպես հատուկ հյուր կմասնակցի Ռոհանիի երդմնակալության արարողությանը
Իրանի իսլամական հանրապետությունում մայիսի 19-ին կայացած նախագահական ընտրություններում վերընտրված Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին։ Խորհրդարանում կայանալիք հանդիսավոր արարողությանը կմասնակցեն օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաներ, կրոնական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ռոհանիի երդմնակալության պաշտոնական արարողությանը կմասնակցի նաև Եվրամիության դիվանագիտության ղեկավար՝ Ֆեդերիկա Մոգերինին։ Մոգերինին ,որպես Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի համատեղ հանձնաժողովի նախագահ կայցելի Իրան։ Այցի շրջանակներում Մոգերինին նաև Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու է ՀԳՀԾ-ի իրագործման ընթացքի, երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային իրադարձությունների հետ կապված հարցեր։
Ալիք
Տեղի ունեցավ Սբ. Թադեոս առաքյալի վանքի 63-րդ ուխտագնացությունը
Ատրպատականի հայոց թեմի եկեղեցական-ազգային օրացույցի բարձրակետը հանդիսացող տարեկան եռօրյա ուխտագնացությունը դեպի Արտազի Սբ. Թադեոս Առաքյալի վանքը, հոգևոր ու ազգային հուզմունքներով և ապրումներով է հագեցնում համայն իրանահայությանը և հատկապես Ատրպատականցի հային:
Սույն թվականի հուլիսի 27-29-ը Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնությամբ և բարձր հովանավորությամբ Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի և հանդիսապետությամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գրիգոր Եպս. Չիֆթճյանի տեղի ունեցավ վանքի 63-րդ ուխտագնացությունը:
Ռեսալաթ
ԱՄՆ փորձում է տապալել Վենեսուելայի կառավարությունը
ԱՄՆ-ն շարունակում է ջանքեր գործադրել Կարակասի կառավարությունը տապալելու համար։ Վենեսուելայի կառավարության տապալմանն ուղղված փորձերը ձևավորվել են դեռ Բարաք Օբամայի նախագահության օրոք։Իհարկե Օբամայի օրոք դրանք չարդյունավորվեցին։ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական կազմակերպության ղեկավար՝Մայք Պոմպեոն խոստովանել է,որ իր ղեկավարած կառույցը աշխատում է, որպեսզի տապալի Վենեսուելայի կառավարությունը: Independent թերթը նշել է,որ Պոմպեոյի խոսքերը կարելի է համարել ամենից ակնհայտ հայտարարությունն այն բանի մասին, որ ամերիկյան հատուկ ծառայությունները միջամտում են լատինամերիկյան այս պետության ներքին գործերին: «Մենք հույս ունենք, որ Վենեսուելայում իշխանափոխություն տեղի կունենա։ Մենք անում ենք ամեն բան, որպեսզի հասկանանք, թե ինչ զարգացումներ են այնտեղ տեղի ունենում»,-հայտարարել է ԿՀՎ ղեկավարը։ Պոմպեոն նաև ասել է, որ վերջերս այցելել է Մեխիկո և Բոգոտա,որտեղ բացատրել է Վենեսուելայի զարգացումների ընթացքը, որպեսզի արդյունքները նրանց համար լինեն ավելի ընդունելի և շահավետ: Իրողությունն այն է,որ Միացյալ Նահանգների Հանրապետական ու Դեմոկրատական կուսակցությունները 20-րդ դարի սկզբից առ այսօր բացահայտ կերպով աշխատում են Վենեսուելայի գործող կառավարությունը տապալելու ուղղությամբ։ Վենեսուելան վերջին տարիների ընթացքում ազդեցիկ դեր է ունեցել Լատինական Ամերիկայում ԱՄՆ միջամտողական քաղաքականություններին դիմակայելու հարցում։
Համշահրի
Անավարտ պատերազմը և ԻԼԻՊ-ի 19 հազար ահաբեկիչների ներկայությունը Իրաքում ու Սիրիայում
Իրաքի ռազմական ու անվտանգության պաշտոնյաները հայտարարել են,որ ԻԼԻՊ-ի 7 հազար ահաբեկիչներ դեռ շարունակում են մնալ այդ երկրում։ Թեև Մոսուլի ազատագրմամբ Իրաքում վերջ է գտել ԻԼԻՊ-ի խալիֆայությունն այդ երկրում, բայց Բաղդադի անվտանգության պաշտոնյաների հայտարարության համաձայն՝ ԻԼԻՊ-ի 7 հազար ահաբեկիչներ գտնվում են Իրաքում,իսկ 12 հազարը՝ Սիրիայում։
Շարղ
ԻԼԻՊ․«Մեր հետագա պատերազմը լինելու է Եվրոպայում»
ԻԼԻՊ-ի օտարերկրյա անդամներից մեկը, որ ծագումով աֆրիկացի է և ներգրավված է ԻԼԻՊ-ի ավագ անդամների կազմում, բազմիցս հայտարարել է,որ այդ ահաբեկչական խումբը իր հետագա պատերազմն իրականացնելու է Եվրոպայում։ Վերջին շրջանում ԻԼԻՊ-ի օտարերկրյա անդամների թիվը նվազել է, բայց նրանց տիրապետւթյունը մեծացել է այն բանից հետո, երբ Մոսուլում պարտություն կրեցին և տեղական ուժերին մի կողմ դրեցին ու գործերի պատասխանատվությունն իրենց ձեռքը վերցրին։
Tert.an
Գերմանիայում կոչ են արել դադարեցնել Թուրքիային տրամադրված ֆինանսական օգնությունը
Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության փոխնախագահ Յուլյա Քլյոքները հանդես է եկել Թուրքիային որպես Եվրամիության անդամակցությանը հավակնող երկիր տրամադրվող դրամական օգնության դադարեցման կոչով, այս մասին գրում է demokrathaber.org կայքը:
«Թուրքիային տրվող գումարները հատկացվում են իրավական պետություն ստեղծելու և երկրում օրենքի գերակայություն ապահովելու համար, մինչդեռ այսօր մենք տեսնում ենք ճիշտ հակառակ պատկերը», ֊ ասել է գերմանացի քաղաքական գործիչը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ-ը պատրաստվում է հատուկ աուդիտ անցկացնել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության թեկնածու դառնալուց հետո համապատասխան բարեփոխումների համար ստացած ֆինանսական միջոցների օգտագործման նպատակայնության ու արդյունավետության հետ կապված:
Ամիսներ առաջ ԵԽԽՎ-ն հավանության է արժանացրել Թուրքիայում ժողովրդավարական կառույցների գործունեության մոնիթորինգի վերաբերյալ օրինագիծը: Օրինագծի հիմքում ընկած է Թուրքիայում վերջին շրջանում մարդու իրավունքների, մամուլի ազատության, օրենքի գերակայության ոլորտում գրանցված լուրջ հետընթացի մասին վկայող զեկույցը: