Մամուլի տեսություն 13-08-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i69724-Մամուլի_տեսություն_13_08_2017
Թուրքիայի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիան Իրանի հետ  սահմանին բետոնե պատի կառուցումը կավարտի մինչև 2017 թ. Ձմռանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 13, 2017 15:58 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 13-08-2017

Թուրքիայի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիան Իրանի հետ  սահմանին բետոնե պատի կառուցումը կավարտի մինչև 2017 թ. Ձմռանը:

Ալիք

Ս. Թադեի վանքի ուխտագնացությունը՝ «Press TV»-ի եթերում

Ս. Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը մշտապես գրավել է զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունը: Այն հատկապես հետաքրքրել է այն լրագրողներին եւ հետազոտողներին, որոնք ցանկացել են ուսումնասիրել ու լուսաբանել իրանահայության պատմությունը, առօրյան եւ սովորույթները:

Բացառություն չէր նաեւ Ս. Թադեի վանքի 63-րդ ուխտագնացությունը, որը կայացավ ս. թ. հուլիսի 27-29-ը:

Իրանական «Press TV»-ի նկարահանող խումբն այդ օրերին եղել է վանքի տարածքում:

63-րդ ուխտագնացության կապակցությամբ, նրանց պատրաստած ռեպորտաժը եթեր է հեռարձակվել  «Press TV»-ի այսօրվա եթերում՝ ժամը 20:00-ին:

 

ԻՍՆԱ

Թուրքիան 2017 թ. ձմռանը  կավարտի Իրանի հետ սահմանին պատի կառուցումը

Թուրքիայի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիան Իրանի հետ  սահմանին բետոնե պատի կառուցումը կավարտի մինչև 2017 թ. Ձմռանը: ԻՍՆԱ-ի փոխանցմամբ՝  Թրենդ գործակալությունը հղում անելով Թուրքիայի լրատվամիջոցներին հաղորդել է, որ Թուրքիայի կողմից կառուցվող պատը կունենա 3 մետր բարձրություն, 2 մետր հաստություն ու 143,8 կմ երկարություն և կանցնի գլխավորապես Իգդիր և Աղրը նահանգների միջով, որոնք սահմանակցում են Իրանի հետ:

 

Ռեսալաթ

Էրդողանը կոշտ հայտարարություն է արել Բեռլինի հասցեին

 

Բեռլինի և Անկարայի միջև լարվածությունները շարունակվում են։ Ժամանակի ընթացքում ոչ միայն չեն վերացել այդ լարվածությունները,այլև դրանք ավելի են սրվել։ ՆԱՏՕ-ի որոշ անդամներ միջնորդեցին Թուրքիա-Գերմանիա հարաբերությունների բարելավման համար, բայց նրանց ջանքերը ձախողեցին։ Գերմանիայի իշխանությունները վերջին շաբաթների ընթացքում կոշտ  դիրքորոշում  են որդեգրել Էրդողանի և Թուրքիայի կառավարության նկատմամբ։Իսկ վերջերս Անկարան Գերմանիային մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ։  Թուրքիայի նախագահ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է,որ Գերմանիան քայլ է պահում ահաբեկիչների հետ։Էրդողանը որոշ ժամանակ առաջ հակազդելով գերմանացի ակտիվիստի ձերբակալվելուց հետո Թուրքիայի հետ հարաբերությունները վերանայելու մասին Բեռլինի որոշմանը, Գերմանիային մեղադրել է իր երկրում լրտեսելու մեջ։«Դուք թույլ չեք տալիս Թուրքիայի նախագահին և նախարարներին ձեր երկրում ելույթ ունենալ, իսկ  ձեր գործակալները վազվզում են հյուրանոցներում, ձեր լրտեսներին ուղարկում եք  Թուրքիա և պառակտում իմ երկիրը», ասել է Էրդողանը։ Հիշեցնենք, որ Ստամբուլի կղզիներում ձեռնարկված հատուկ գործողության ընթացքում խմբակային կերպով ձերբակալվել են Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող առաջադեմ կազմակերպությունների մի շարք անդամներ: Զանգվածային ձերբակալությունը տեղի է ունեցել անսպասելի՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվողների կողմից Ստամբուլի կղզիներից մեկի հյուրանոցում հրավիրված հատուկ ժողովի ընթացքում: Ձերբակալվածներից 8-ը Թուրքիայի, մեկը Շվեդիայի և մեկը Գերմանիայի քաղաքացիներ են:

 

 

Շարղ

ԱՄՆ-ն հանդես է եկել Իրաքի Քուրդստանի անկախության հանրաքվեն հետաձգելու կոչով

ԱՄՆ պետքարտուղար՝ Ռեքս Թիլերսոնը Իրաքի Քուրդստանի տարածքի ղեկավար Մասուդ Բարզանիին կոչ է արել հետաձգել այդ տարածքի անկախացման հանրաքվեն։

Չնայած ԱՄՆ-ի կոչին,  Իրաքի Քուրդստանի անկախության հանրաքվեն տեղի կունենա սեպտեմբերի 25- ին: Ինչպես հաղորդում է «Շարղ»-ը, այս մասին  հայտարարել է Իրաքի Քուրդստանի տարածքի ղեկավարը: «Օրը մնում է անփոփոխ՝ սեպտեմբերի 25- ը», - հայտարարել է Մասուդ Բարզանին։ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Իրաքյան Քուրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ հեռախոսազրույցում կոչ էր արել հետաձգել անկախության վերաբերյալ քրդական հանրաքվեն: Իրաքի Քուրդստանը ավելի վաղ Իրաքից առանձնանալու մասին հանրաքվեն նշանակել է սեպտեմբերի 25-ին և չի պատրաստվում հետաձգել այն։

 

 

Galatv.am

Ամերիկյան հակահրթիռային համակարգերը բավարար հզո՞ր են, որպեսզի կանխեն հյուսիսկորեացիների գրոհները

«Թրամփի աշխատակազմի եւ Հյուսիսային Կորեայի իշխանությունների միջեւ թեժացած հռետորաբանությունն ուշադրությունը կենտրոնացնում է հրթիռային տեխնոլոգիաների եւ Հարավային Կորեայի, Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի բնակիչների համար հավասար նշանակություն ունեցող հակահրթիռային համակարգերի վրա»,- բրիտանական The Guardian-ում գրում է  Յուեն Մաքասկիլը:

«ԱՄՆ-ն իր զինանոցում ունի տարբեր հակահրթիռային սարքավորումներ, որոշներն ուղղված են խոցելու մոտ հեռավորության վրա գտնվող հրթիռները, իսկ մյուսները՝ միջին եւ հեռահար նշանառության են: ԱՄՆ-ում հույս են դրել ամերիկյան Patriot հրթիռների վրա, որոնք օգտագործում են նաեւ Իսրայելում եւ Սաուդյան Արաբիայում, եւ THAAD հակահրթիռային համալիրի վրա: Այս տարի ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայում տեղակայել է THAAD համակարգեր միջին հեռավորության հրթիռներից պաշտպանվելու համար»,- ասվում է հոդվածում:

«Գոյություն ունեն ցամաքային հրթիռներ՝ տեղակայված Կորեական թերակղզում, հակահրթիռային տեխնիկայով զինված ամերիկյան նավեր՝ տեղակայված Խաղաղ օվկիանոսում, եւ ծայրահեղ դեպքերի համար որպես պաշտպանական գիծ երկու ռազմաբազա Ալյասկայում եւ Կալիֆորնիայում, որտեղից կարելի է արձակել 36 խոցող հրթիռներ»,- շարունակում է լրագրողը:

«Պենտագոնը եւ հակահրթիռային համակարգերի մշակողները բազմիցս են երաշխիք տվել, որ զենիթային հրթիռային համալիրները կարող են կասեցնել ցանկացած հյուսիսկորեական հարձակում: Սակայն երբ վերջին տասնամյակում հակահրթիռային համակարգերը ենթարկվեցին փորձարկման, դրանց արդյունավետությունն այդքան էլ հուսադրող չէր: Վերջին փորձարկումներն այդքան էլ լավ արդյունքներ չեն ցույց տվել՝ միջինը 50 տոկոս արդյունավետությամբ»,- ավելացնում է հեղինակը:

«2015թ.-ին գրված իր հոդվածում Վաշինգտոնի համալսարանի զինտեխնիկայի վերահսկողության փորձագետ Սթիվեն Փայֆերն ամերիկացի պաշտոնյային հարցրել է, թե ինչ տեղի կունենա, եթե հյուսիսկորեական հրթիռներն արձակեն Սիեթլի ուղղությամբ: Պաշտոնյան ասել է, որ պետք է բաց թողնել մեծ քանակությամբ խոցող հրթիռներ եւ հուսալ, որ հաջողությունը կուղեկցի մեզ»,- ասվում է հոդվածում:

 

 

Armedia.am

Բրիտանիան հույս ունի Brexit-ից հետո սերտ հարաբերություններ պահպանել ԵՄ հետ

եծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ կազմից 2019 թվականին` միաժամանակ դուրս գալով ԵՄ ընդհանուր շուկայից: Այս մասին The Sunday Telegraph-ում հրապարակված իրենց համատեղ հոդվածում հայտնել են ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը և արտաքին առևտրի նախարար Լիամ Ֆոքսը, հայտնում  է ՏԱՍՍ-ը:

«Մենք հարգում ենք բրիտանացիների կամքը, և 2019 թվականի մարտին Միացյալ Թագավորությունը դուրս կգա Եվրոպական միության կազմից: Մենք դուրս կգանք Մաքսային միությունից և ազատություն կստանանք` որպես անկախ, բաց առևտրական գերտերություն ամենաշահավետ համաձայնագրերը քննարկելու ողջ աշխարհի հետ», - ասվում է հոդվածում:

Համոնդը և Ֆոքսն ընդգծել են, որ Brexit-ից հետո գործարար համայնքին վստահություն հաղորդելու համար անհրաժեշտ անցումային շրջանը «չի կարող հավերժ լինել»: Նրանք հայտարարել են, որ այդ շրջանում Մեծ Բրիտանիան արդեն չի լինի ընդհանուր շուկայում, այդ իսկ պատճառով «հանդես կգա որպես երրորդ կողմ և չի լինի ԵՄ պայմանագրերի մասնակից»:

Միևնույն ժամանակ Համոնդը և Ֆոքսն ակնարկել են, որ անցումային շրջանում Մեծ Բրիտանիայի սահմանները «պետք է շարունակեն գործել»: «Երբ անցումային շրջանն ավարտվի, մենք ուզում ենք, որպեսզի Միացյալ Թագավորության և Եվրոպական միության միջև գործեն մեխանիզմներ` հիմնված այն պայմանավորվածությունների վրա, որոնք կապահովեն ԵՄ հետ առավելագույն ամուր կապեր` պահպանելով սերտ հարաբերությունները անվտանգության, առևտրի և կոմերցիոն գործունեության ոլորտներում», - ընդգծել են նախարարները: