Մամուլի տեսություն 03-09-2017
Մեքքայի Էմիր՝ Խալեդ Ալ-Ֆեյսալը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է.«Իրանցիները արաբների կրոնակից եղբայրներն են և հուսով ենք,որ իրանցի ուխտավորները Հաջի ուխտագնացությունից վերադառնալուց հետո սիրով կհիշեն մեզ»։
Արման
Թեհրան-Ռիադ հարաբերությունները
Մինայի դեպքից և Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա իրականացված հարձակումից հետո այնպիսի պատկերացում էր ստեղծվել տարածաշրջանում և միջազգային հանրության մոտ ,որ այլևս Իրան-Արաբիա հարաբերության նորմալացման ոչ մի հույս չի կարող լինել։ Սակայն Թուրքիայում Իրանի ու Արաբիայի ԱԳ նախարարների ձեռքսեղմումը փոխեց ամեն ինչ։ Իրանցի ուխտավորների մասնակցությունը Հաջի ուխտագնացության և իրանական ու սաուդյան պատվիրակությունների մոտալուտ հանդիպումը և Իրանի վերաբերյալ Սաուդյան իշխանությունների դրական արտահայտությունները վկայում են երկու երկրի միջև դրական իրադարձությունների մեկնարկի մասին։ Համենայն դեպս Իրան-Արաբիա հարաբերություններում յուրաքանչյուր նոր էջ կարող է փոխել տարածաշրջանի հավասարությունները հօգուտ երկու երկրի,մասնավորապես Իրանի։Ղուրբան տոնից հետո Արաբիայից մի պատվիրակություն կայցելի Իրան գնահատելու Թեհրանում ու Մաշհադում այդ երկրին պատկանող դեսպանատան և հյուպատոսարանի վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով շենքերի կրած վնասները։Այդ մասին հայտնել է Քուվեյթում լույս տեսնող Ալ-Ջարիդա թերթը, հղում անելով իրանական աղբյուրի։ Ըստ աղբյուրի՝ իրանցիների կարծիքով սաուդյան պատվիրակության ներկայությունն Իրանում ցույց է տալիս,որ Արաբիան ցանկանում է վերականգնել իր դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ։
Այս բոլորով հանդերձ պետք է տեսնել թե Արաբիան հետագայում որքանո՞վ կայուն դիրքորոշում կորդեգրի Իրանի նկատմամբ ,քանզի հավանական է,որ այդ երկիրը ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի ազդեցության տակ փոխի իր դիրքորոշումն Իրանի նկատմամբ։
Նշենք,որ երեկ Մեքքայի Էմիր՝ Խալեդ Ալ-Ֆեյսալը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է,որ իրանցիները արաբների կրոնակից եղբայրներն են և հուսով ենք,որ իրանցի ուխտավորները Հաջի ուխտագնացությունից վերադառնալուց հետո սիրով կհիշեն մեզ։
Ռեսալաթ
Ահազանգ՝ Ելիսեյան պալատի բնակիչների համար
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը կտրուկ ընկել է` 43 տոկոսից դառնալով 36 տոկոս: Հարցման մասնակիցներին առաջարկել են պատասխանել հարցին` «Ի՞նչ կարծիք ունեք, որպես Ֆրանսիայի նախագահ, Էմանուել Մակրոնի գործողությունների մասին»: 36 տոկոսը դրական գնահատական է տվել, 49 տոկոսը` բացասական:Ֆրանսիայի նախագահի վարկանիշի կտրուկ անկումը ահազանգ է հնչեցրել Ելիսեյան պալատի բնակիչների համար։ Մակրոնը կարծում էր ,որ կարճ ժամանակամիջոցում կդառնա սիրված քաղաքական գործիչ։Բայց փաստորեն հավանաբար նրան սպասվում է Նիկոլա Սարկոզիի և Ֆրանսուա Օլանդի ճակատագիրը։ Վերջին ամիսների ընթացքում Մակրոնի որոշ ծայրահեղական քայլերը, Ֆրանսիայում զինվորական հրամանատարներին առճակատվելը և անվտանգության ու տնտեսական ոլորտներում նրա վարած քաղաքականությունները հանգեցրել են նրա վարկանիշի կտրուկ նվազմանը։
Այս գործընթացում հաղթողը անշուշտ կարող են լինել Մարին Լե Պենը և Ֆրանսիայի Ազգային ճակատի մյուս ղեկավարները,որոնք իրենց համարում են Մակրոնի գլխավոր մրցակիցները։
Շարղ
Արդյոք Թրամփը կգոյատևի՞
Դոնալդ Թրամփը բացառիկ երևույթ է ԱՄՆ նախագահության պատմության մեջ։ Թրամփը զարմանալիորեն սիրված դեմք է ամերիկացի ծայրահեղականների ու ռասիստների կողմից։ Նա ընտրություններում հաղթեց ոչ սովորական հնարքների, այդ թվում Ռուսաստանի անուղղակի դերակատարության շնորհիվ։ Աշխարհի ոչ մի կետում նման եղանակներով նման անձինք չեն կարող իշխանության գալ, ու եթե էլ իշխանության գան, չեն կարող գոյատևել,քանի որ օրենքը թույլ չի տա նման անձինք շարունակեն իրենց միահեծանությունը։ Դոնալդ Թրամփը կորցրել է նույնիսկ այդ երկրի հանրապետականների մեծամասնության աջակցությունը:Դոնալդ Թրամփի թիմի անդամները մեկը մյուսի հետևից հրաժարական է տվել : Ամեն օր երևան են գալիս Թրամփի ձախողումները: Հարց է ծագում ,թե Իրանը նրա նկատմամբ ինչ ուղի պետք է որդեգրի: Անտարակույս Իրանը պետք է այդ հոսող գետը դիտողի դերում հանդես գա ու տեսնի Թրամփի վախճանը: Այդ սկանդալային անհատի իրարահաջորդ սխալները խոր հոր են փորել նրա համար և նա իրեն փրկելու համար պատրվակ է որոնում և Իրանը չպետք է դառնա այդ պատրվակը:Եթե Հյուսիսային Կորեայի ճգնաժամը շարունակվի, դա Թրամփի համար կդառնա ոսկե հնարավորություն: Եթե կարողանար Վենեսուելայում ռազմական միջամտություն կատարել ,կամ քաղաքական առումով Իրանի դեմ ամուր ճակատ ստեղծել ,այդ բոլորը կարող էին դառնալ նրա փրկության նավը: Թրամփը կանգնած է իմփիչմենտի երթուղում, ԱՄՆ-ի հասարակությունը նրան կստիպի հաշվի նստել իր հետ,ուրեմն Իրանը չպետք է դառնա Թրամփի փրկության միջոցը: Իհարկե միջուկային գործարքն էլ մի կոշտ ոսկորի նման մնացել է նրա կոկորդում:
Ալիք
Իրան-Հայաստան առևտրական կապերի զարգացման հեռանկարով
Իրան-Հայաստան Առեւտրական պալատի կայքից օրերս տեղեկացանք, որ նույն պալատի նոր տնօրեն է ընտրվել իրանահայ երիտասարդ գործարար Հերվիկ Յարիջանյանը:
Առեւտրա-գործարարական ոլորտի հատկապես իրանցի շրջանակների կողմից սիրված ու հարգված լինելու հանգամանքի լավագույն ցուցանիշը հանդիսացավ նույնինքն Հերվիկ Յարիջանեանի ջանքերով՝ Իրանը պլաստիկ տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոն հանդիսանալու իրողությունը, սրանից շուրջ մեկ տարի առաջ, նրա ղեկավարած «Քարան սիմա ֆան» եւ Գերմանիայի «Քրոս-մաֆե» ընկերությունների միջեւ համաձայնագրի ստորագրմամբ: Սույն համաձայնագրով հաստատվում էր, որ գերմանական կողմը Իրան է փոխադրելու պլաստիկ արդյունաբերության հիմքը հանդիսացող առանցքային հումքի մշակման տեխնլոգիան եւ արտադրման գիտությունը, այն էլ՝ Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումից՝ (ԲԱՐՋԱՄ-ից) ընդամենը մեկ տարի անց:
Միաժամանակ, կարեւորելով Իրան-Հայաստան առեւտրա-տնտեսական փոխհարաբերությունների ընդհանուր կոնտեքստում զարգացող միտումները, հատուկ տեղ ու դերակատարություն է վերապահված եղել Իրան-Հայաստան Առեւտրական պալատի գործունեությանը՝ երկու հարեւան ու բարեկամ երկրների բարձրաստիճան պատասխանատուների կողմից:
Մեզ մնում է լիահույս լինել մեր երիտասարդ գործարարի այս հույժ կարեւոր ոլորտում նորանոր ձեռքբերումների արձանագրմանը, որն ինչ խոսք՝ դրական հեռանկար է ուրվագծելու Իրան-Հայաստան առեւտրա-տնտեսական փոխհարաբերությունների ոլորտում ավելիով գործարկելու առկա ներուժ կարողականությունները:
Դերենիկ Մելիքյան
Galatv.am
Financial Times. Մոսկվան ձգտում է տարածել իր ազդեցությունն ԱՄՆ-ի «հետնաբակում»
«Այն համատեքստում, թե ինչպես է ԱՄՆ-ն աստիճանաբար խստացնում ֆինանսական պատժամիջոցները Վենեսուելայի բռնապետական կառավարության դեմ, Կրեմլն ուսումնասիրում է իր ազդեցությունը Լատինական Ամերիկայում ընդլայնելու եւ Վաշինգտոնի «հետնաբակում» աշխարհաքաղաքական հենակետ գտնելու հնարավորությունները»,- Financial Times-ում գրում է թղթակից Քեթրին Հիլլեն:
«Մենք արդեն որոշ ժամանակ սպասում էինք դրան, եւ ահա, դա տեղի ունեցավ,- ասել է ռուսաստանցի փորձագետը, Լատինական Ամերիկայի հարցերով Կրեմլի խորհրդատուն, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում արգելեցին Վենեսուելայի եւ նրա պետական նավթային ընկերության՝ շուկայում նոր պարտքային պարտավորությունների շրջանառությունը: -Դա նշանակում է, որ Ռուսաստանի նշանակությունն աճում է: Ո՞վ է դեռ մնացել, բացի մեզանից»:
«Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է Ռուսաստան կատարելիք իր այցի մասին»,- հիշեցնում է հեղինակը:
««Ռոսնեֆտը» Petróleos de Venezuela-ին տրամադրել է լրացուցիչ վարկ 1 մլրդ դոլարի չափով այս տարվա սկզբին որպես կանխավճար նավթ մատակարարելու համար, արդյունքում Վենեսուելայի վարկի ընդհանուր ծավալը կազմել է 6,5 մլրդ դոլար: Դեռ ինչքան միջոցներ Վենեսուելան կարող է ստանալ նոր վարկի շրջանակում Ռուսաստանից՝ հարց է»:
«Քաղաքական առումով Ռուսաստանի մասնակցությունը, հատկապես «Ռոսնեֆտի» դերը, նույնպես մեծ արկածախնդրության է նման: Նույնիսկ Չինաստանը, որը Վենեսուելայի ամենամեծահոգի վարկատուներից էր, Կարակասին այլեւս գումար չի առաջարկում»,- նշում է հեղինակը:
«Վենեսուելան դարձել է նաեւ Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության առանցքային հենակետը: Ռուսաստանը Վենեսուելայում «Կալաշնիկով» ինքնաձիգերի գործարան է կառուցում, որը, ինչպես սպասվում է, արտադրանքն արտահանելու է ամբողջ Լատինական Ամերիկա, նաեւ ստեղծվել են ուղղաթիռների սպասարկման բազաներ»,- հայտնում է թերթը:
«Մոսկվայի փորձագետները կարծում են, որ նույնիսկ եթե Մադուրոն պաշտոնանկ լինի, Ռուսաստանը կմնա հաղթողի կարգավիճակում՝ փոխհարաբերությունների հնարավոր նոր մեկնարկից շահույթ ստանալով: Փորձագետ Վիկտոր Սեմենովը Էնրիկե Կապրիլեսին է համարում նրա հնարավոր իրավահաջորդը, ով 2013թ.-ի ընտրություններին Մադուրոյին մի քանի ձայնով է զիջել, եւ կարծում է, որ վարելու է պրագմատիկ քաղաքականություն»: «Նա կհասկանա, որ «Ռոսնեֆտը» շատ բան է արել երկրի համար եւ համարվում է արդյունավետ օպերատոր, որը կարող է օգնել նավթարդյունահանման ոլորտի զարգացմանը»,- կարծում է փորձագետը:
Աղբյուր՝ Financial Times
Թարգմ.՝ Էդիտա Աթոյան