Մամուլի տեսություն 02-10-2017
Զարիֆ.«Հարևան երկրների հետ հարաբերությունների պահպանումը 12-րդ կառավարության գերակայությունն է»:
Էըթեմադ
Հարևան երկրների հետ հարաբերությունների պահպանումը 12-րդ կառավարության գերակայությունն է
Սարա Մաասումի
ԻԻՀ ԱԳ նախարար ՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հարևան երկրների հետ հարաբերությունների բարելավումը համարել է նախարարության առաջիկա չորս տարիների գերառաջնահերթությունը: Նյու Յորք կատարած երկշաբաթյա այցից վերադառնալուց անմիջապես հետո, Իրանի ԱԳ նախարարը Մասկաթ և Դոհա է մեկնել: ԱՄԷ-ը և Արաբիան մեղմ ասած «չեն ողջունել» այցը: Կատարի հետ արաբական երկրների հարաբերությունները խզվելուց հետո, Դոհան առաջին անգամ է հյուրընկալում Իրանցի մի պետայրի: Եթե Նյու Յորքում նախարար Զարիֆը խոսում էր ՀԳՀԾ-ին հաջորդող պայմաններում Իրանի ապագայի մասին, տարածաշրջանային ուղևորության ընթացքում, ԻԻՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը պետք է քայլեր կատարի հարևան երկրների հետ հարաբերությունների բարելավման քաղաքականության ուղղությամբ:
Նյու Յորքում ԻԻՀ ԱԳ նախարարը փորձել է ՀԳՀԾ-ի ոչ-ամերիկացի գործընկերներին հորդորել ԱՄՆ-ին համոզել հավատարիմ մնալ համաձայնությանը: Առաջիկա չորս տարիներին Իրանի ԱԳ նախարարը ջանադրաբար փորձելու է Իրանի հարևան երկրներին համոզել, որ Թեհրանի համար կարևոր է հարևան երկրների հետ հարաբերությունների պահպանումը:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը պատասխանելով նախարար Զարիֆի տարածաշրջանային այցի նշանակության մասին հարցին, ասել է.«Իրանի տարածաշրջանային դիվանագիտությունն ընթանալու է արագ տեմպերով: Իրանի ԱԳ նախարարի այցն ուղղված չէ որևէ այլ երկրի դեմ: Ընդհակառակը, դա ուղղված է տարածաշրջանային խաղաղության հաստատմանը»:
Ռեսալաթ
Իրաքի Քրդստանի անջատման հանրաքվեի իրավական թերությունները
Բոլորի համար պարզ է , որ հանրաքվեի անցկացման գործում Իրաքի Քրդստանի տարածքի ղեկավարներին օգնել են սիոնիստները: Իրողությունն այն է, որ հանրաքվեի անցկացումն անօրինական քայլ էր : Իրաքի Սահմանադրությունում բաժին չի նախատեսվել երկրի տարածքների անջատման և հանրաքվե անցկացնելու համար: Իրաքի Սահմանադրությունում կարևորվել է երկրի տարածքային ամբողջականության հարգումը: Մյուս կողմից, միջազգային կազմակերպությունները ՝ ներառյալ ՄԱԿ-ը հայտարարել են, որ հանրաքվեի արդյունքներն անվավեր են ճանաչվում: Տարածքը 2003 թվականից ի վեր կառավարվում է դաշնային կարգերով: Տարածքում կան անկախ խորհրդարան ու բանակ, սակայն Քրդստանի ղեկավարները ցանկանում են ունենալ ամբողջական անկախություն: Անջատման հանրաքվեի անցկացումը եղել է Մասուդ Բարզանիի անձնական որոշումը: Վերջերս Բարզանիի և տարածքի քաղաքական այրերի նիստում, որոշվել է հանրաքվեի համար Բարզանիի ղեկավարությամբ կոմիտե կյանքի կոչել: Որոշվել է նաև տարածաշրջանային երկրների ՝ Իրանի, Թուրքիայի և Բաղդադի կառավարության, նաև արաբական երկրների հետ բանակցելու համար երեք անկախ հանձանխմբեր ձևավորել: Հարցը կայանում է նրանում, որ հանրաքվեն սկզբունքով իրավական հիմք չունի, որի շուրջ հնարավոր լինի բանակցել: Իրաքի Սահմանադրությանը հակասող քայլի դիմելով, Բարզանին վտանագավոր խաղ է սկսել: Խաղ, որի հետևում կանգնած են ԱՄՆ-ը և Սիոնիստական ռեժիմը: «Հանրաքվեն» համարվում է Քրդստանում խառնակության գաղտնաբառը :
Պատահական չէ, որ Սիոնիստական ռեժիմի պետայրերը պաշտպանել են Քրդստանի հանրաքվեն : Հանրաքվեին Նեթանյահուի նման ոճրագործ ու դահիճ մարդու աջակցությունը համարվում է Իրաքի անվտանգությանն ուղղված ահազանգ:
Ալիք
«Թուրքիան հսկայական քայլերով հեռանում է Եվրոպայից». Յունկեր
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Թուրքիան հսկայական քայլերով հեռանում է Եվրոպայից: Այս մասին Յունկերը խոսել է գերմանական Bild պարբերականի հետ զրույցում՝ անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին:
Եվրահանձնաժողովի նախագահը շեշտել է, որ չպետք է թույլ տալ, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցային գործընթացում գրանցված անհաջողությունները բարդվեն Եվրամիության վրա: «Թուրքիայում մի ստվար զանգված կա, որը կողմ է Եվրոպային: Մենք պետք է ավելի ուժեղացնենք այդ հատվածին և չհիասթափեցնենք նրանց»,- հայտարարել է Յունկերը:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե երկիրն այլևս չունի Եվրամիությանն անդամակցության կարիքը, սակայն գործընթացին վերջ դնող կողմն իրենք չեն լինելու: «Ուզում եմ բացահայտ ասել հետևյալը. գործընթացն ավարտողը, դրանից հրաժարվողը մենք չենք լինելու: Բացի այդ, մենք արդեն չունենք Եվրամիությանն անդամակցության կարիքը»,- ասել էր նա:
1in.am
Կատալոնիայում հաղթեց Պուտինը
Հեղինակ՝ Սարգիս Արծրունի
Արդեն այնքան էլ էական չէ, թե այսօր Կատալոնիայում քանի տեղամաս գործեց և քանիսում իսպանական ոստիկանությանը հաջողվեց վիժեցնել հանրաքվեի գործընթացը, որովհետև քաղաքական գործընթացն իր տեղը զիջեց Մադրիդից ժամանած ուժայինների և Կատալոնիայի անկախության կողմնակիցների բախումներին: Մեծ հաշվով` պարտություն կրեցին թե՛ Կատալոնիայի անկախության գաղափարը,թե՛ Իսպանիայի ժողովրդավարությունը:
1975թ-ից հետո, երբ ավարտվեց գեներալ Ֆրանկոյի դիկտատուրան, Իսպանիան չէր տեսել նման աննախադեպ սահմանադրական ճգնաժամ, երբ լեգալ միջոցներով հնարավոր չեղավ հաղթահարել սահմանադրական քաղաքական ճգնաժամը: Ընդ որում` հոկտեմբերի 1-ը դարձավ ոչ թե գործընթացը որոշակիացնող, այլ սահմանազատող ամսաթիվ: Անցյալ դարձավ այն Իսպանիան, որին մենք ճանաչում էինք մինչև այս առավոտ և վաղվանից գործ ենք ունենալու Իսպանիայի հետ, որի բովանդակությունը բացահայտված չէ անգամ նրա քաղաքացիների համար:
Կատալոնիայի հանրաքվեն, դասական իմաստով, չի կայացել և անկախության հռչակման ցանկացած փորձ ավելի է մեկուսացնելու Կատալոնիան: Միևնույն ժամանակ` հարաբերական են զրույցները նաև Իսպանիայի տարածքային ամբողջականության պահպանման մասին, որովհետև այսօրվա իրադարձություններից հետո Մադրիդը կորցրել է իր իշխանության լեգիտիմությունը Կատալոնիայում` առնվազն քաղաքական հարթության վրա: Իսպանիան հարկադրված առերեսվելու է նոր մարտահրավերների հետ:
Առաջին հերթին` Կատալոնիայում, անկասկած նաև Բասկերի երկրում մեծանալու են անջատողական տրամադրությունները, որոնց հակազդելու քաղաքական գործիքներ Մադրիդում, ըստ էության, չունեն: Իսպանիայի իշխանությունները կորցնում են իրենց լեգիտիմությունն ու հեղինակությունը նաև երկրի սահմաններից դուրս, որովհետև ակնհայտ է, որ կատալոնական հարցն այլևս դադարել է միայն իսպանական լինելուց, մանավանդ, որ Մադրիդը չունի քաղաքական ռեսուրսներ` ճգնաժամը միայնակ հաղթահարելու համար: Մյուս կողմից` այսօր ապտակ ստացավ նաև Եվրամիությունն, ընդ որում` երկու հարթության վրա: Եվրաինտեգրացիայի, Միասնական Եվրոպայի գաղափարներն այլևս կորցրել են իրենց գրավչությունն, այլապես` գոնե ԵՄ-ում մնալու գաղափարը կատալոնացիներին հետ կպահեր հանրաքվեից, մանավանդ, որ դրա լեգիտիմությունը կասկածի տակ էր դրվում բոլոր պետությունների կողմից:
Սակայն ԵՄ-ն ավելի ուժգին հարված ստացավ իմիջային, ինստիտուցիոնալ առումներով, որովհետև նրա տարածքում քաղաքական ճգնաժամը հանգեցրեց բռնության, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների: Տեսականորեն Բրյուսելը կարող է փրկել իր դեմքը և միջամտել գործընթացին, սակայն սա ինքնաբերաբար բերելու է կատալոնական խնդրի միջազգայնացմանը, այսինքն` Բարսելոնի սուբյեկտության փաստացի ճանաչմանը: Կատալոնիայի իրադարձությունները վեր հանեցին նաև ավելի խորքային ճգնաժամ, որի ճիրաններում հայտնվել է միջազգային իրավունքը:
Պետությունների տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների հակադրությունն ակնհայտ ճգնաժամ է հարուցում անգամ Եվրոպայում, իսկ աշխարհի մյուս թեժ կետերում` միջազգային իրավունքի այս, ըստ էության, կոնտրաստը հանգեցնելու է արյունոտ պատերազմների: Այսօր ծանր և անպատվաբեր օր էր եվրոպական ժողովրդավարության համար: Արևմտյան արժեհամակարգն ու քաղաքական մշակույթը հերթական հարվածը ստացան: Այս առումով հաղթանակ տարավ Պուտինը` թեև նրա անունը կատալոնական հանրաքվեի քվեաթերթիկներում նշված չէր: Կրեմլի քաղաքականության առաջնահերթություններից մեկն արևմտյան դեմոկրատիայի վարկաբեկումն է: Պատահական չէ, որ արևմտյան որոշ փորձագետներ կատալոնական գործընթացում ռուսական հետք են տեսնում: