Մամուլի տեսություն 03-10-2017
Իրաքի քրդերի մոտ անջատման գաղափարը ոչ հեռու անցյալում սերմանել են գաղութարարները: Գաղափար, որի հետևում կանգնած են գերտերությունները:
Իրաքի Քրդստանի անջատման հանրաքվեի հարցը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: Այդ մասին տարբեր վերլուծական հոդվածներ կային իրանական մամուլում:
Ֆարհիխթեգան
Իսրայելի պատմական դերը ՝ Իրաքի քրդերի անջատման գործում
Իրաքի քրդերի մոտ անջատման գաղափարը ոչ հեռու անցյալում սերմանել են գաղութարարները: Գաղափար, որի հետևում կանգնած են գերտերությունները: Օրաթերթին տված հարցազրույցում, Իրաքի Քրդստանի պատմական հարցերի փորձագետ ՝ Խոսրո Մոըթազեդի համոզմամբ, անջատման մասին գաղափարը քրդերի մոտ առաջացել է 150 տարի առաջ: Հոդվածագիրը հանգամանորեն է անդրադառնում տարածքում քրդերի անցյալին :
Իսրայելի և Բարզանիի միջև առաջին անգամ կապ է հաստատվել 1964 թվականին, երբ խորհրդային միությունը քսան ինքնաթիռներ է տալիս Իրաքին, ապա Իսրայելի ռեժիմը որոշում է, որ դրանցից մեկը ձեռք է բերելու : Ուստի մի օդաչու առաքելություն է ստանում երկու միլիոն դոլարի դիմաց, առևանգել ինքնաթիռը: Այդ հարցում համագործակցում էին նաև ամերիկացիները, որովհետև նրանք էլ շահեր ունեին: Վերջապես ինքնաթիռն Իսրայել է հասնում: Դա սկիզբն է Իսրայելի հետ համագործակցության : Իսրայելի աջակցությամբ, քրդերի մոտ հասունանում է Իրաքից անջատման միտքը: 1966-1968 թթ.-ին Իրաքի ժամանակի նախագահ Աբդոլռահման Արեֆի օրոք լավանում են Իրանի և Իրաքի հարաբերությունները , ուստի կասեցվում է Իրաքից Քրդստանի անջատման հարցը: Հաջորդ շրջանում, բաասականները հեղաշրջում են կատարում, որից հետո ուշադրության կենտրոնում է հայտնվում Իրաքի ահաբեկիչներից ՝ Սադդամ Հոսեյնը: 1967 թվականին տեղի է ունենում Սադդամի նոր հեղաշրջումը, որից հետո փոխվում է քրդերի ճակատագիրը: Սկսվում է ժամանակաշրջան, երբ Իրաքում իշխում էր Սադդամի բռնապետ ռեժիմը, իսկ նրանից հետո, քրդերի անջատման մասին խոսք լինել չէր կարող:
Ռեսալաթ
Կտրուկ նվազել է ԱՄՆ նախագահի ժողովրդականության վարկանիշը
Վերջին ամիսներին կտրուկ նվազել է ԱՄՆ նախագահի ժողովրդականության վարկանիշը: Ամերիկյան համալսարանի իրականացրած հարցումների արդյունքների համաձայն, ԱՄՆ ժողովրդի ընդամենը 36 տոկոսն է գոհ Թրամփից: Հարցվողների մեծ մասի համոզմամբ, նա երկիրը նախագահելու արժանավորություն չունի:
Ի հարկե ամերիկացիները կուսակցական, ազգային և այլ առումներով տարբեր կողմնորոշում ունեն այդ հարցում, սակայն երկրի բնակչության ճնշող մեծամասնության կարծիքով, Թրամփը պետք է դադարեցնի թվիթերյան գրառումները: Հարցվող ամերիկացիների ավելի քան 69 տոկոսը հայտնել է, որ նախագահը չպետք է իր քաղաքականությունների մասին թվիթերի միջոցով արտահայտվի: Ամերիկացիների ընդամենը 26 տոկոսը դեմ չէ երկրի նախագահի թվիթերյա գրառումների սովորությանը:
ԱՄՆ նախագահությանը դեմ են ամերիկացիներ ավելի քան 56 տոկոսը: Դեմոկրատների ավելի քան 95 տոկոսն ընդհանրապես նրան այդ պաշտոնը զբաղեցնելու հարմար գործիչ չի համարում: Դրա դիմաց, Հանրապետականների 84 տոկոսի խորը համոզմամբ, Թրամփը հենց այն գործիչն է , որին երկիրը կարիք ունի:
Ղոդս
Հանրաքվեի հետևանքները
Ահմեդ Յուսեֆ Սարրաֆ
Իր համառությամբ, Մասուդ Բարզանին Քրդստանին հասցրել է մի իրավիճակի, որն ըստ վերլուծաբանների, հետդարձի ճանապարհ չի մնացել: Քրդերի կրքերը բորբոքման գնով կայացած հանրաքվեն ի՞նչ արժեք կարող է ունենալ, եթե այսպես կոչված «նորանկախ» երկրի ցամաքային ու օդային սահմանները փակ լինեն և եկամտի միակ աղբյուրը համարվող նավթ վաճառելն անհնար լինի: Այդ բոլորն այն դեպքում, երբ ԻԼԻՊ-ի վտանգն ամբողջությամբ չի վերացել Իրաքից: Բարզանիի համառությունը, կամ ավելի հստակ ասած ՝ առաքելությունը բերեց այն բանի, որ տարածքի քրդերը ոչ կարող են հրաժարվել իրենց երազած անկախությունից, ոչ էլ կարող են հզոր կառավարություն ձևավորել: Իսկ Բաղդադը Բարզանիին մինչև ուրբաթ օրը ժամանակ է տվել հրաժարվելու որոշումից :
Թուրքիայի նախագահը պաշտոնապես սպառնացել է, որ քրդերից նավթ չի գնելու : Անվտանգության նկատառումներից ելնելով, փակվել են Քրդստանի տարածքի հետ Իրանի, Իրաքի և Թուրքիայի սահմանները: Տարածաշրջանի շատ երկրներ չեղարկել են դեպի Արբիլ իրականացվող չվերթները:
Ալիք
Բրյուսելը եւ Լոնդոնը պատրաստ չեն Brexit-ից հետո ապագա հարաբերությունների շուրջ բանակցություններին. Յունկեր
Եվրամիությունը եւ Բրիտանիան «դեռեւս պատրաստ չեն բանակցություններ սկսելու ԵՄ-ից Միացյալ Բրիտանիայի դուրս գալուց հետո ապագա հարաբերությունների շուրջ»: Այդ մասին հոկտեմբերի 3-ին հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի նստաշրջանում: Նրա ելույթը հեռարձակում Է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեզ հարկավոր Է նախ համաձայնության հասնել ապահարզանի պայմանների շուրջ, իսկ այնուհետեւ դիտարկել ապագա հարաբերությունները: Մենք դեռեւս անհրաժեշտ զգալի առաջընթացի չենք հասել»,-ասել Է նա:
Յունկերի խոսքով՝ մասնավորապես, Բրյուսելը եւ Լոնդոնը պետք Է համաձայնության գան ԵՄ-ի Դատարանի դերի. Բրիտանիայի ֆինանսական պարտավորությունների եւ Իռլանդիայի հարցի շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը :
7or.am
Հայաստանը կարող է միջնորդական առաքելությունով հանդես գալ Բաղդադի և Էրբիլի միջև
Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում եւ հարակից մի շարք տարածքներում անցկացվեց հանրաքվե, որի արդյունքում բնակչության ավելի քան 90 տոկոսը կողմ արտահայտվեց անկախությանը: Պաշտոնական Բաղդադն ընդունեց հանրաքվեի արդյունքները: Միջազգային հանրությունը դրական չարձագանքեց հանրաքվեին:
Հայաստանի դիրքորոշումը զուսպ էր եւ հավասարակշռված: Հայաստանն արձանագրեց, որ անցկացվել է հանրաքվե, ժողովուրդը ավելի քան 90 տոկոսով դրական է արտահայտվել անկախության օգտին, սակայն մյուս կողմից Հայաստանը կողմ է, որ Էրբիլի եւ Բաղդադի միջեւ բանակցություններ սկսվեն` խնդրի խաղաղ կարգավորման համար: Նշենք, որ Հայաստանն ունի բարիդրացիական հարաբերություններ եւ Բաղդադի կենտրոնական իշխանությունների հետ, եւ Էրբիլի ռեգիոնալ քրդական իշխանությունների հետ: Հաշվի առնելով այս հանգամանքը, պաշտոնական Երեւանը կարող է իր միջնորդական առաքելությունն առաջարկել բանակցությունների համար` Բաղդադին եւ Էրբիլին:
Փորձենք հիմնավորել մեր այս մոտեցումը:
Նախ, հարեւան Թուրքիան եւ Իրանը միանշանակորեն աջակցեցին Բաղդադի կենտրոնական իշխանությանը: Ծոցի արաբական երկրներն ունեն խիստ կրավորական դիրքորոշում, քանզի իրականում նրանք չեն աջակցում ոչ Բաղդադին, ոչ էլ` Էրբիլին, թեեւ ֆորմալ տեսանկյունից կողմ են Իրաքի տարածքային ամբողջականությանը եւ չեն ողջունել քրդական հանրաքվեն:
Միացյալ Նահանգները, Եվրամիությունը եւ Ռուսաստանը հանրաքվեն համարեցին ժամանակավրեպ, բայցեւ կտրականապես դեմ են, որ Էրբիլի դեմ հարեւան երկրների եւ իրաքյան իշխանությունների կողմից ուժային ճնշումներ լինեն:
Հասկանալի է, որ մոտ ժամանակներս քրդական հարցը դառնալու է միջազգային հարթակներում լուրջ քննարկման առարկա, եւ սկսվելու են բանակցություններ այդ խնդրի շուրջ:
Այսօր արդեն հայտնի է, որ պաշտոնապես Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ալ Աբադիին եւ Բարզանիին հրավիրել է Փարիզ, բանակցությունների համար:
Մեր կարծիքով, Հայաստանի կողմից պաշտոնապես միջնորդական առաքելության առաջարկը կարող է կառուցողական դեր կատարել միջազգային ատյաններում` այս բանակցային գործընթացը սկսելու համար:
Անշուշտ, Հայաստանը մեծ տերություն չէ, այն դասվում է, այսպես կոչված, փոքր երկրների դասին, սակայն Հայաստանն իր այս առաջարկությունով կարող է մեծացնել իր քաղաքական կշիռը միջազգային ատյաններում, մանավանդ որ բոլոր հիմքերը կան` այս առաջարկությունը հաջողությամբ պսակելու համար:
Բացի այն, որ Հայաստանն ունի դրական ընկալում եւ Բաղդադում, եւ Էրբիլում, Հայաստանի առաջարկը որեւէ խանդ չի առաջացնի խոշոր խաղացողների մոտ:
Քրդերը վստահում են Հայաստանին` հաշվի առնելով Ղարաբաղի գործոնը:
Իրաքի կենտրոնական իշխանությունը վստահում է Հայաստանին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը բարեկամական երկիր է Իրանի համար եւ չի անի որեւէ քայլ, որը կվնասի Իրանի պետական շահերին:
Հայաստանի հանդեպ բարյացակամ է տրամադրված նաեւ Սիրիայում Ասադի վարչակազմը, եւ քրդական ժողովրդավարական ուժերը, որոնց աջակցում են ամերիկացիները:
Իրաքի կենտրոնական իշխանությունը, վերջին տարիներին Երեւանի միջոցով կկարողանա գտնել այն փոխզիջումային հարթակը, որին դեմ չեն լինի ոչ Վաշինգտոնը, ոչ Մոսկվան, ոչ էլ` Թեհրանը: Եւ այդ իմաստով Երեւանը կարող է դառնալ նաեւ տեխնիկական հարթակ քրդական խնդիրը տարբեր միջազգային ֆորմատներով քննարկման համար:
Թերեւս միակ բացասական կողմն այն է, որ Հայաստանն ունի չլուծված Ղարաբաղյան խնդիր, սակայն վերը նշված դրական կողմերը, մեր կարծիքով, գերազանցում են այդ միակ խնդիրը:
Մեր կարծիքով, Հայաստանը պետք է ունենա նախաձեռնողական արտաքին քաղաքականություն : Ակտիվ նախաձեռնողական քաղաքականության շնորհիվ է, որ երկիրը կարող է բարձրացնել իր քաշն ու կշիռը միջազգային հարթակներում:
Մենք հասկանում ենք, որ նման առաքելություն ստանձնելը մեկ օրում չի լինում: Դրա համար անհրաժեշտ է երկարատեւ երկխոսության գործընթաց` հակամարտության երկու կողմերի միջեւ, պայմանավորվածություն` հիմնական ակտիվ խաղացողների միջեւ:
Մեր առաջարկության իմաստն այն է, որ պետք է սկսել այս գործընթացը, քանզի կրավորական դիրքորոշումներով մենք երբեք ակտիվ խաղացող չենք կարող դառնալ այս տարածաշրջանում:
Երվանդ Բոզոյան
Քաղաքագետ