Մամուլի տեսություն 19-10-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i74993-Մամուլի_տեսություն_19_10_2017
Նրանք, ովքեր իրենց սեփական փորձով են ծանոթ իսլամական հանրապետության պանծալի պատմությանը, համոզված են, որ բոլոր նվաճումները եղել են երիտասարդ ու շնորհաշատ երիտասարդների ջանքերի արդյունքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 19, 2017 13:16 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  19-10-2017

Նրանք, ովքեր իրենց սեփական փորձով են ծանոթ իսլամական հանրապետության պանծալի պատմությանը, համոզված են, որ բոլոր նվաճումները եղել են երիտասարդ ու շնորհաշատ երիտասարդների ջանքերի արդյունքը:

Իրան

Իրանի առաջնորդ .«ՀԳՀԾ-ի նկատմամբ Եվրոպայի դիրքորոշումը լավ էր, սակայն ՝ ոչ-բավարար»

 

Նորին Վսեմություն Այաթոլլահ Խամենեին գիտական էլիտայի  և երիտասարդ գիտնականների հետ հանդիպմանն ասել է.«Եվրոպացիներն ընդդիմացան ՀԳՀԾ-ն պատռելու ԱՄՆ նախագահի խոսքերին, գիտակցելով որ դա բխում է իրենց և ամերիկացիների շահերից: Սա լավ դիրքորոշում է , սակայն բավարար չէ»:

Իսլամական հեղափոխության գերապատիվ առաջնորդը ՀԳՀԾ-ի մասին, ժողովրդին, պատասխանատուներին ու քաղաքական ակտիվիստներին յոթ կարևոր խորհուրդներ է տվել :  Ն Վ առաջնորդի ընդգծմամբ, ԱՄՆ-ի պարտվել է Իրանի հեղափոխական ժողովրդից: Նա խորհուրդ է տվել զերծ մնալ ԱՄՆ խորամանկության դեմ անզգուշությունից , ամրապնդել  Իրանի հզորության հենասյուները, ուշադրություն չդարձնել համոզումներ ներշնչելու նպատակով թշնամու քայլերին, մեծացնել պաշտպանունակությունը, քննարկել եվրոպացիների կողմնորոշումը և լրջորեն հետևել դիմադրողական տնտեսությանը և նրա սկզբունքներին:

 

 

Ջամե Ջամ

Էլիտային վստահող առաջնորդը

 

Գիտության, տեխնոլոգիայի, և գիտելիքահենք տնտեսության մշակույթի զարգացման շտաբի քարտուղար ՝ Փարվիզ Քարամի

 

Հոդվածագիրն անդրադառնում է մեծարգո առաջնորդի խոսքերին .«Ես էլիտային վստահող մարդ եմ»:

«Նրանք, ովքեր իրենց սեփական փորձով են ծանոթ իսլամական հանրապետության պանծալի պատմությանը, համոզված են, որ բոլոր նվաճումները եղել են երիտասարդ ու շնորհաշատ երիտասարդների ջանքերի արդյունքը: Նոր գագաթներ հնարավոր չէ նվաճել, եթե հավատք չունենք երիտասարդների կարողություններին»գրում է հոդվածագիրն , ավելացնելով, որ բոլորը պետք է Նորին վսեմություն առաջնորդի նման հավատքով լցվեն երիտասարդ սերնդի կարողությունների նկատմամբ:

Գերապատիվ առաջնորդն ուշադրություն է դարձրել գիտելիքահենք ընկերությունների և՛ որակական և՛քանակական կողմերին: Գիտելիքահենք ընկերությունները հանդիսանում են Դիմադրողական տնտեսության գաղափարի իրականցման հենասյուները:

 

Շարղ

Դատարանի վճռով չեղարկվել է Թրամփի հակամիգրացիոն երրորդ հրամանագիրը

 

Դոնալդ Թրամփի կառավարությունը փորձում էր ելք գտնել ստեղծված միգրացիոն  ճգնաժամից, սակայն Հավայիի դաշնային դատարանը կանխեց ԱՄՆ նախագահի երրորդ հրամանագիրը: Դա վերաբերում է վեց երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ արգելմանը: Ինչպես Թրամփն է հավակնել, այդ երկրների քաղաքացիները վտանգ են ներկայացնում  իր երկրի համար: Հավայիի դաշնային դատավորի խոսքերով, նախագահի հրամանը ազգության հիմունքով մարդկանց նկատմամբ խտրականություն է համարվում: Դատավորի համոզմամբ, միգրացիոն նոր հրամանագրով, կառավարությունն անտեսել է դաշնային վճռաբեկ դատարանի դատավճիռը:  Դատարանը հայտարարել էր, որ նախագահն իր նախկին հրամանագրով , անցել է իր լիազորությունների սահմանը: Դատավոր Վաթսոնի հայտարարությամբ, հարց ու պատասխանների լսումների ժամանակ, դատարանը պարզելու է նախորդ հրամանագրի երկարաձգման մասին հարցի ճակատագիրը: Սպիտակ տունը սակայն սխալ է համարել դատարանի այդ որոշումը ՝ այն ԱՄՆ ժողովրդին պաշտպանելու Թրամփի ջանքերը փոշիացնող քայլ գնահատելով: Սպիտակ տան համոզմամբ, Թրամփի քայլը ճիշտ է եղել և Արդարադատության նախարարությունը վճռականորեն կպաշտպանի նախագահ   գործողությունները:

 

 

Ալիք

Հայաստան և Իրան. երբ հողն է հիշում՝ Արմեն Ամիրյանը ամփոփել է

 

Իրանի ազգային թանգարանում նախօրեին բացվել է «Հայաստան և Իրան. հողի հիշողություն» ցուցահանդես: Երկու երկրների պատմության թանգարաններից համաժամանակյա (Ք. ա. IV հազարամյակից մինչև Ք.ա. I դար) 103-ական նմուշ է ներկայացված։ Ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել ՀՀ մշակույթի նապարար Արմեն Ամիրյանը:

Մշակույթի նախարարության հաղորդմամբ, Իրանի փոխնախագահ և մշակութային ժառանգության, ձեռնարվեստի, զբոսաշրջության կազմակերպության նախագահ Ալի Ասղար Մունեսանի և Իրանի մշակույթի, իսլամական առաջնորդման նախարար Սեյեդ Աբբաս Սալեհիի հետ Թեհրանում հանդիպումներից հետո Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Երևանում ամփոփել իր ներկայացրած առաջարկները, որոնցից շատերի շուրջ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել.

եռակողմ աշուղական փառատոնի կազմակերպում ( Հայաստան, Իրան և Վրաստան),

Գորիսը՝ ԱՊՀ 2018թ. մայրաքաղաք ծրագրին նաև Իրանի մասնակցություն ( « Հրաշալի, խիստ զարգացած ձեռնարվեստ ունի Իրանը, որի նմուշներն, արժե, որ ցուցադրվեն Հայաստանում» . Արմեն Ամիրյան),

հնագիտական համատեղ արշավախմբերի ձևավորում,

հայ-իրանական համատեղ սիմֆոնիկ նվագախմբի ստեղծում, որը համերգներ կունենա ոչ միայն Հայաստանում և Իրանում,

ըստ Ֆիրդուսու, «Ռուստամ և Զոհրաբ» հայերեն ներկայացման ստեղծում՝ պարսկերեն ուղեկից լուսագրերով,

իրանական ֆիլմերի արտադրություն Հայաստանում, երբ կընդունվի Կինոյի մասին ՀՀ օրենքը,

հայկական հեքիաթների պարսկերեն տպագրություն և պարսկական հեքիաթների հայերեն հրատարակում, գրքերի բաժանում գրադարաններին՝ փոխադարձության սկզբունքով,

մշակութային հուշանվերների համատեղ ձեռնարկության ստեղծում Հայաստանում,

հայկական գորգի ցուցահանդես Իրանի գորգի թանգարանում,

Մարտիրոս Սարյանի գործերի ցուցահանդես Իրանում,

հայաստանցի և իրանցի ժամանակակից արվեստի համատեղ ցուցահանդես, որը կներկայացվի և′ Հայաստանում, և′ Իրանում,

Իրանի Գոլեստանի թանգարանից ցուցանմուշների ներկայացում Երևանի Կապույտ Մզկիթի տարածքում։

 

 

1in.am

 Լեհաստանի արտգործնախարարի որոշիչ այցը

Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 20-ին Հայաստան կայցելի Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին: Այցի ընթացքում նա հանդիպում կունենա Հայաստանի ղեկավարության հետ, կքննարկվեն տարբեր հարցեր, ինչպես սովորաբար լինում է արտգործնախարարների այցերի ընթացքում: Բայց Լեհաստանի արտգործնախարարի այցը ամենևին չի դասվում, իհարկե, սովորական այցերի թվին, և հատկապես ներկայիս ժամանակահատվածում, երբ Հայաստանը գնում է ԵՄ հետ շրջանակային համաձայնագրին ընդառաջ, որի ստորագրումը սպասվում է նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի ունենալիք գագաթնաժողովում:

Վերջին օրերին, սակայն, այդ կապակցությամբ շրջանառվում են տարբեր տեղեկություններ, որոնք հավանական են համարում ստորագրման հետաձգումը՝ կա՛մ քաղաքական, կա՛մ տեխնիկական պատճառներով, թեև դժվար է պատկերացնել, որ նման իրադարձությունը չեղարկվի զուտ տեխնիկական պատճառից ելնելով: Տեխնիկականը կարող է լինել պատճառաբանություն, ոչ թե պատճառը. պատճառը լինում է քաղաքական: Եվ առավել ևս նման պայմաններում Լեհաստանի արտգործնախարարի հայաստանյան այցը ստանում է բազմակի հետաքրքիր երանգ:

Բանն այն է, որ Լեհաստանը ոչ միայն պարզապես Եվրոպայի համեմատաբար նոր, բայց արդեն բավականին առաջատար քաղաքական դիրքեր ունեցող պետությունն է և թերևս եվրոպական քաղաքականության լոկոմոտիվը արևելաեվրոպական գոտում, այլ նաև հենց ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի, այսպես ասած, առանցքային դերակատար պետությունը: Իսկ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը ստորագրվելու է հենց ԱԳ ծրագրի շրջանակում և համատեքստում: Եվ այն տեղեկությունների ֆոնին, որ տարբեր աղբյուրներ շրջանառում են հնարավոր հետաձգման մասին, Լեհաստանի արտգործնախարարի այցը Հայաստան կարծես թե հուշում է իսկապես, այսպես ասած, ոչ օրդինար մի վիճակի մասին, որն առկա է, և որը հարթելու կամ հասկանալու, կամ փոխըմբռնելու համար Երևան է ժամանում Լեհաստանի արտաքին գործերի նախարարը: Մնում է հասկանալ՝ նա Երևան է ժամանում, այսպես ասած, Բրյուսելի «տեխնիկական» ուշացման համար Հայաստանին պատասխան կամ բացատրություն տալո՞ւ, թե՞ Հայաստանում կա ինչ-որ խնդիր, և Լեհաստանի արտգործնախարարը ժամանում է այդ խնդիրը հասկանալու, Հայաստանից բացատրություն լսելու:

Ինչի մասին կխոսի Լեհաստանի արտաքին գործերի նախարարը Հայաստանում՝ ներկայումս դժվար է ասել, և պարզ կլինի շատ քիչ ժամանակ անց, սակայն կարևորն, իհարկե, այն չէ, թե ինչի մասին է խոսվելու, այլ այն, թե ինչ արդյունք է տալու խոսակցությունը: Ակնկալվող նվազագույն արդյունքը ներկայումս համաձայնագրի ստորագրումն է նախատեսված ժամկետում: Եթե դա տեղի չունենա, ապա անկասկած է, որ դրանից տուժելու է առաջին հերթին ո՛չ Եվրոպան, ո՛չ Հայաստանի իշխանությունը, այլ Հայաստանի հանրության շրջանում եվրաինտեգրացիայի գաղափարը: