Մամուլի տեսություն 23-11-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i76725-Մամուլի_տեսություն_23_11_2017
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ գիշեր Սև ծովի ափամերձ Սոչի քաղաքում գտնվող իր նստավայրում հյուրընկալեց Իրանի ու Թուրքիայի նախագահներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 23, 2017 06:59 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 23-11-2017

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ գիշեր Սև ծովի ափամերձ Սոչի քաղաքում գտնվող իր նստավայրում հյուրընկալեց Իրանի ու Թուրքիայի նախագահներին:

 

Իրան

«Հետ-իլիպյան» Միջին Արևելքի նախագծումը

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ գիշեր Սև ծովի ափամերձ Սոչի քաղաքում գտնվող իր նստավայրում հյուրընկալեց Իրանի ու Թուրքիայի նախագահներին: Երկու երկրների ղեկավարները, որոնք չնայած Սիրիայի ճգնաժամի կապակցությամբ տարաձայնություններին շուրջ 11 ամիս առաջ  2016 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի հետ միասին ձեռք-ձեռքի տվեցին ու «Լարվածության մեղմացման տարածքներ» կոչվող գործնական նախաձեռնությամբ ու Աստանայի բանակցությունները ձևավորելով փորձեցին վերջ տալ Սիրիայի 7-ամյա պատերազմին: Այդ հաջողությունից հետո երեք երկրների ղեկավարները երեկ գիշեր նստեցին մի սեղանի շուրջ, որպեսզի գծեն Սիրիայի ապագայի ուղեքարտեզը:

«Լարվածության մեղմացման տարածքներ»-ի նախաձեռնությունն Աստանայի բանակցությունների առաջին ձեռքբերումն էր, որն առաջին անգամ գործադրման հանձնվեց Հալեպում և Իրանը, Թուրքիան ու Ռուսաստանը երաշխավորեցին հրադադարին բախվող կողմերի հավատարմությունը: Գաղափարն այնքան ազդեցիկ էր, որ ՄԱԿ-ն անմիջապես դա ողջունեց և հայտարարեց, որ պատրաստ է հովանավորել Աստանայի բանակցությունները: Այսօր բանակցություններում առաջընթացն այնպիսի թափ է ստացել, որ հասանելի է դարձրել Սիրիայում խաղաղության ու կայունության հեռանկարը, որի մասին 11 ամիս առաջ շատ քչերը կարող էին երազել:

 

Ռեսալաթ

ԱՄՆ-ի խաղը «հետ-իլիպյան» շրջանում

 

Սիրիայում ու Իրաքում ԻԼԻՊ ահաբեկչական-թաքֆիրական խմբի կրած պարտությունը ծանր հարված հասցրեց ԱՄՆ-ին ու նրա սիոնիստական, արևմտյան ու արաբական դաշնակիցներին: Չնայած ԻԼԻՊ-ի ստեղծման ու տարածաշրջանում դրա գոյատևման համար ծախսված միլիարդավոր դոլարներին, Վաշինգտոնն այսօր Ասիայի արևմուտքում իրենից կախված վարձկանների ոչնչացման ականատեսն է: Նույնիսկ սաուդցի ու սիոնիստ պարագլուխների կողմից ԻԼԻՊ-ին տրված արհեստական շնչառությունը չկարողացավ մահից փրկել այդ նողկալի խմբին: Այսօր ԻԼԻՊ-ն այլևս որևէ խալիֆայություն ու տիրապետություն չունի Իրաքում ու Սիրիայում ու այդ երկու երկրի բոլոր կետերը մաքրված են նրա գոյությունից: Այդուհանդերձ չպիտի մոռանալ, որ Սիրիայում ու Իրաքում ԻԼԻՊ-ի գոյությանը վերջ տրվելը չի նշանակում տարածաշրջանում ճգնաժամի լիարժեք կարգավորում... Չպիտի մոռանալ, որ ԻԼԻՊ խմբում արմատավորված թաքֆիրական գաղափարախոսությունը շարունակվում է տարածվել Ալե Սաուդի պարագլուխների կողմից: Հետևաբար գաղափարական ու ֆիզիկական տեսակետից պիտի զգուշանալ  Ասիայի արևմուտքի տարածաշրջանում ԱՄՆ-ի ու ԻԼԻՊ-ի մյուս հովանավորների սադրանքների կապակցությամբ:

 

Ֆարհիխթեգան

Ժամացուցային ռումբ թե՝ նահանջ

 

Լիբանանյան «Ալ-Ախբար» օրաթերթը Սաըդ Հարիրիի վերադարձը Լիբանան համարել է Արաբիայի նախաձեռնող քայլը, որը միտում է մեղմել Լիբանանի ներքին հարցերին չմիջամտելու կապակցությամբ Արաբիայի վրա գործադրվող միջազգային ճնշումները: «Ալ-Ախբար»-ի ընդգծումը վկայում է այն մասին, որ Սաըդ Հարիրիի վերադարձը ոչ միայն չի հանգեցնելու լիբանանյան խմբերի միասնականությանը, այլև Հարիրին «ժամացուցային ռումբ»-ի նման է, որը լիբանանյան տարբեր խմբերի հանելու է միմյանց դեմ: Թվում է Հարիրին Բեյրութ է վերադարձել միայն այն նպատակով, որ Արաբիան զերծ մնա Լիբանանի ներքին հարցերին միջամտելու կապակցությամբ միջազգային մեղադրանքներից: Սաըդ Հարիրին փորձում է Հեզբոլլահի միջոցով Իրանի միջամտության հարցը Լիբանանի ներքին հարցը ձևացնել, ինչը մտահոգություն է պատճառում այդ երկրի քաղաքական կողմերին:

 

Ալիք

Էրդողան. «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարող է լուծել միայն Ռուսաստանը»

 

«Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծելու ունակ միակ ուժը Ռուսաստանն է»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ նշելով, որ եթէ առիթ ընձեռնվի՝ Սոչիում կայանալիք գագաթնաժողովին կբարձրացնի նաև արցախյան հիմնախնդրի հարցը:

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը յայտարարել է, որ Արցախի հիմնախնդիրը կարող է լուծել միայն Ռուսաստանը: Այս մասին հաղորդում է «tert.am»-ը:

 Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպման ժամանակ քննարկել էր արցախյան հիմնախնդիրը:

«Ես նրան ասացի, որ լավ կը լինի, որպեսզի Ռուսաստանն առավել ակտիվ դիրք գրավի այս հակամարտության լուծման հարցում: Հարգելի պարոն Պուտինը նոյնպէս այդ կարծիքին է, սակայն երկու կողմերի որդեգրած դիրքորոշման հետևանքով առանձնակի հույսեր չունի»,- ասել էր Էրդողանը:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել է, որ Արցախի հիմնախնդիրը նոյնչափ կարևոր է Թուրքիայի համար:

 

«Ժամանակ»

Իրանը Հայաստանի առաջ բարձրացնում է գազի խնդիրը

 

«Իրանի նավթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերության կառավարիչ-տնօրեն Համիդ Ռեզա Արաղին երեկ հյուրընկալվել է Հայաստանի կառավարությունում եւ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ քննարկել նրա Իրան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Կարեն Կարապետյանն Իրան էր այցելել հոկտեմբերի սկզբին, սակայն թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել այդ այցի ընթացքում, այդպես էլ մանրամասն կամ կոնկրետ հայտնի չէ առ այսօր: Միակ կոնկրետությունը, թերեւս, եղել է Թուրքմենստանից Հայաստան գազի մատակարարման հարցում, որի վերաբերյալ խոսել է կապի ու տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը:

Հարց է առաջանում, թե արդյո՞ք հենց այդ պայմանավորվածության ընթացքի համար է Իրանի ազգային գազային ընկերության տնօրենը ժամանել Հայաստան ու հանդիպել վարչապետի հետ:

Կապի ու տրանսպորտի նախարար Մարտիրոսյանը հայտարարել էր, որ առաջիկայում գործարքի վերաբերյալ եռակողմ քննարկում է սպասվում Աշգաբադում: Սակայն այս դեպքում էլ հայտնի չէ եռակողմ քննարկման կոնկրետ ժամկետ, թեեւ հնարավոր է հենց այդ ժամկետը որոշելու համար էլ իրանցի պաշտոնյան ժամանել է Հայաստան: Մյուս կողմից՝ արդյո՞ք Հայաստանն ու Իրանը կարող են քննարկել գազային այլ հարցեր: Համենայնդեպս, մի հետաքրքիր հարց առկա է:

Հայաստանը դեռեւս Հովիկ Աբրահամյանի վարչապետության ժամանակ ստեղծեց «Էներգամպեքս» ընկերություն, որը 100 տոկոս պետական բաժնեմասով ըներություն է եւ ստեղծվել է Իրանից գազ գնելու ու երրորդ երկրի վաճառելու համար: Ամենայն հավանականությամբ երրորդ երկիր ասվածը Վրաստանն է, քանի որ հազիվ թե Հայաստանը տեխնիկական հնարավորություն ունի գազ վաճառել այլ երկրին, քանի որ Իրանից գազի գնումն ու երրորդ կողմին վաճառելը պետք է տեղի ունենա, այսպես ասած, փոխանակման սկզբունքով՝ «սվոպ» տարբերակով, մայրուղային գազատարի բացակայության պատճառով: Սակայն այսօր այդ մասին խոսակցություն չկա: Ի՞նչն է պատճառը: Այստեղ, իհարկե, կա նաեւ չորրորդ կողմ՝ «Գազպրոմը», առանց որի սվոպ տարբերակը պարզապես չի գործի:

Եվ ուրեմն՝ չորս կողմերից հատկապես որի՞ պատճառով է, որ չի կայացել կամ այսպես ասած՝ չի հաստատվել Իրանից Վրաստան գազի տեղափոխումը Հայաստանի միջոցով: Եվ ընդհանրապես, այդ հարցը օրակարգո՞ւմ է, թե՞ այլեւս դուրս է օրակարգից: Այդ ամենով հանդերձ, սակայն, հայ-իրանական գազային քննարկման առանցքային հարց կարող է լինել նոր գազատարի կառուցումը, որը կունենա իրանական գազը Եվրոպա արտահանելու տեխնիկական հնարավորություն: Հայ-իրանական գազային գործակցության ոլորտում մնացյալ հարցերը պարզապես ենթահարցեր են, որոնք չունեն սկզբունքային որեւէ արժեք: