Մամուլի տեսություն 01-12-2017
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը նշելով, որ Իրանի զդեցությունն անցյալի համեմատությամբ մեծացել է, ասել է. «Արաբիայի վարած քաղաքականության պատճառով, Լիբանանում սունիներն ու շիաները միավորվել են Ռիադի դեմ»:
Ֆարս
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը չսպասված հայտարարություն է կատարել. Արաբիայի քաղաքականությունները հակառակ արդյունք են տվել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը նշելով, որ Իրանի ներազդեցություն անցյալի համեմատությամբ մեծացել է, ասել է. «Արաբիայի վարած քաղաքականության պատճառով, Լիբանանում սունիներն ու շիաները միավորվել են Ռիադի դեմ»:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջեֆրի Ֆլեթմանն ասել է. «Լիբանանում շիաների ու սունիների միավորվելը հրաշք է, որն անկասկած Արաբիային օգուտ չի բերելու»:
Նա նշել է, որ հավանաբար շատերն Իրանի ազդեցության վերաբերյալ հայտարարություններում չափազանցության են դիմում, ընդգծել է. «Այդուհանդերձ Իրանի ներազդեցությունը շատ ավելի մեծ է այն ժամանակվանից, երբ սկսվեց Եմենի դեմ պատերազմը»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն անդրադարձել է նաև Լիբանանի վերջին զարգացումներին, ասելով. «Չգիտեմ թե իրականում ի՞նչ կատարվեց վարչապետ Սաըդ Ալ-Հարիրիի հետ, սակայն Արաբիայի խորհրդատու նախարար Սամեր Ալ-Սահբանը բացահայտորեն ասաց, որ Լիբանանը պատերազմ է հայտարարել Արաբիայի դեմ: Սակայն այսօր նկատելի է, որ տասնամյակներից հետո առաջին անգամ Լիբանանում սուննիների ու շիաների միավորում է տեղի ունենում: Սա Արաբիայի շահին չե»:
Մեհր
Եգիպտոսի Սինայի անապատում պաղեստինցիների բնակեցումը՝ սիոնիստների չարանենգ նախագիծը
Սիոնիստները զավթված տարածքներում Պաղեստինի բռնահարված ժողովրդի դեմ անարդար քայլեր վերցնելուց բացի, նաև նպատակ ունեն պաղեստինցիներին Եգիպտոսում գտնվող Սինայի թերակղզում բնակեցնել:
Վերջին օրերին Եգիպտոսի ու տարածաշրջանի ԶԼՄ-ների ու շրջանակների ուշադրության կենտրոնում է հայտնվել պաղեստինցիներին Եգիպտոսի Սինայում բնակեցնելու մասին սիոնիստ նախարար Գիլա Գմլեիլի դիրքորոշումը: Նա հայտարարել է, որ Սինա թերակղզին լավագույն վայրն է, որտեղ պաղեստինցիները կարող են բնակություն հաստատել ու ստեղծել իրենց երկիրը:
«Համաս»-ի խոսնակ Սամի Աբու Զոհրին իր թուիթերյան էջում կատարած գրառման մեջ նշել է. «Պաղեստին երկիրը Պաղեստինից բացի այլ տեղ չի կարող ստեղծվել»:
Իսլամական Ջահադ շարժումն էլ սիոնիստ նախարարի դիրքորոշումը Եգիպտոսի ու Պաղեստինի ժողովուրդների դեմ համարելով, այն խստորեն դատապարտել է:
Այդ հայտարարությանն արձագանքել է նաև Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շոքրին: Նա ասել է. «Սինայի հողից մի թիզ անգամ ուրիշին չենք տալու և երբևե որևէ մեկի թույլ չենք տալու դրա դեմ ոտնձգություն կատարել»:
Միևնույն ժամանակ Բի Բի Սի-ն հրապարակել է գաղտնի մի զեկույց, որի համաձայն Եգիպտոսի պաշտոնանկ եղած նախագահ Հուսնի Մուբարաքը ժամանակին իր համաձայնությունն է տված եղել պաղեստինցիներին Եգիպտոսում բնակեցնելու ԱՄՆ-ի դիմումին:
Անկասկած պաղեստինցիներին Սինայում բնակեցնելու գաղափարը դեռ չի ջնջվել սիոնիստների մտքից ու նրանք շարունակ փորձում են ինչ-որ լուծում գտնել Պաղեստինի հարցի կարգավորումը հեշտացնելու համար: Չնայած Պաղեստինցիների ու Եգիպտոսի հակառակության սիոնիստները շարունակում պնդել իրենց չարանենգ նախագծի վրա: Նման քայլերով ու դիրքորոշումներով սիոնիստ պաշտոնատարները ձգտում են պաղեստինցիներին բնակեցնել իրենց պատկանող տարածքներից դուրս գտնվող որևէ վայրում:
«Ժամանակ»
Հայաստանը փոխեց ՀԱՊԿ-ն, բայց որքա՞ն ժամանակով
«ՀԱՊԿ գագաթնաժողովում, որը նախօրեին տեղի է ունեցել Մինսկում, ընդունվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացի վերաբերյալ Հայաստանի ներկայացրած հայտարարության նախագիծը: Դրանով ՀԱՊԿ-ն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, ինչպես նաև հայտնի երեք սկզբունքներին, որոնց վրա կառուցվում է այդ ջանքը պաշտոնապես՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշում:
Ըստ էության, ՀԱՊԿ-ն ընդամենը կարգավորման ստանդարտի մեջ է, և այս տեսանկյունից, իհարկե, շարունակում է առավել հնչեղ մնալ նախորդ տարի դեկտեմբերին ՀԱՊԿ այժմ արդեն նախկին գլխավոր քարտուղար Բորդյուժայի հայտարարությունը հայկական Չինարի գյուղի դիրքերի հանդեպ ադրբեջանական դիվերսիայի կապակցությամբ, երբ Բորդյուժան այդ առիթով արած հայտարարության մեջ օգտագործեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպումը: Ղարաբաղյան հարցում, որպես Հայաստանի, այսպես ասած, դաշնակցային ռազմաքաղաքական բլոկ, ՀԱՊԿ ամենաուժեղ քայլը դեռևս հանդիսանում է Բորդյուժայի այդ հայտարարությունը, թեև դա նրա պաշտոնավարման գրեթե վերջին օրերին արած հայտարարություն էր:
ՀԱՊԿ նախագահները մի կողմից տեր չկանգնեցին այդ հայտարարությանը, մյուս կողմից, սակայն, նաև չհերքեցին կամ չդատապարտեցին այն: Մինչդեռ Բորդյուժան կիրառել էր բավականին ուշագրավ ձևակերպում՝ խոսելով Ապրիլյան պատերազմի մասին և ասելով, որ ռազմական գործողությունները տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում: Այլ կերպ ասած, ըստ էության, ճանաչվել էր ոչ միայն Ղարաբաղը, այլ Ղարաբաղը՝ այսպես ասած ներկայիս իր սահմաններով:
Սակայն, սրան զուգահեռ, ՀԱՊԿ-ը մի կազմակերպություն է, որի անդամների գերակշռող մասը, լինելով դե յուրե Հայաստանի դաշնակից, Հայաստանից ավելի սերտ, այդ թվում՝ ռազմատեխնիկական և քաղաքական հարաբերության մեջ են Ադրբեջանի հետ, համենայնդեպս՝ այդպես է եղել մինչև այժմ: Եվ այս տեսանկյունից մենք ունենք հայտարարությունների և իրավիճակի որոշակի հակասականություն, և այդ առումով, իհարկե, ՀԱՊԿ-ից գործնականում ակնկալվում է ոչ թե Մինսկի խմբին աջակցություն և Հելսինիկյան ակտի սկզբունքների հիշատակում, այլ պարզապես շատ կոնկրետ ռազմաքաղաքական արձագանք այն դեպքերում, երբ, օրինակ, սպառնալիքներ են հնչում Հայաստանի Հանրապետության հասցեին և առավել ևս՝ երբ կրակում են Հայաստանի տարածքի ուղղությամբ: Փոխվո՞ւմ է այդ տեսանկյունից ՀԱՊԿ-ը որպես ռազմաքաղաքական բլոկ, թե՞ ոչ: Սա է հարցը:
Մինսկի գագաթնաժողովն այդ առումով թողել է հակասական տպավորություն: Մի կողմից, իհարկե, չկա անմիջական առիթ Հայաստանի վերաբերյալ այդօրինակ ռազմաքաղաքական աջակցության հայտարարություն անելու, և միևնույն ժամանակ, իհարկե, ղարաբաղյան թեմատիկայով արված հայտարարությունը ևս առանձնակի առիթի բացակայության պայմաններում անկասկած հայաստանյան տեսակետի կրկնություն է: Մյուս կողմից, սակայն, գլխավոր հարցը շարունակում է լինել ՀԱՊԿ անդամների հարաբերությունը Բաքվի հետ, հատկապես Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի դեպքում
Ռուսաստանը վերջին ամիսներին նկատելիորեն տարածություն է ձևավորել իր և Բաքվի միջև, ինչը, իհարկե, ավելի շուտ պայմանավորված է, թերևս, ոչ թե ցանկության, այլ հնարավորությունների բացակայությամբ: Ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանը չունի հայերի հանդեպ այնպես վարվելու հնարավորություն, ինչպես մինչև ապրիլ: Ռուսաստանի այս վարքագիծն, իհարկե, կարող է որոշակիորեն ազդել նաև ՀԱՊԿ վարքագծի վրա, քանի որ այդ կառույցում Ռուսաստանն ունի առանցքային դերակատարում:
Գլխավոր հարցն այստեղ, իհարկե, այն է, թե ստեղծված իրավիճակը Հայաստանը որքանով կարող է օգտագործել, այսպես ասած, ռազմավարական կամ երկարաժամկետ իրողություններ ձևավորելու համար, իրավիճակային որոշակի վարքագծային փոփոխությունը ավելի երկարաժամկետ ձևաչափերի կամ շրջանակների մեջ դնելու համար: Ակնհայտ է, որ, օրինակ, ղարաբաղյան թեմայով հայտարարության մասով Երևանը կարողացել է օգտագործել իրավիճակը: Սակայն ՀԱՊԿ ռազմավարական պահվածքի առումով հարցերն, իհարկե, մնում են բաց, քանի դեռ չկան վարքագծի առավել երկարաժամկետ փոփոխության նախանշաններ»,-գրում է թերթը: