Մամուլի տեսություն 05-01-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i80569-Մամուլի_տեսություն_05_01_2018
Թեև բողոքելու իրավունքն աշխարհում մարդու հիմնարար իրավունքներից ու նույնիսկ նրա գերազանցություններից է համարվում, սակայն հասարակության մեջ եթե նման իրավունքի դիմաց նաև պարտավորություններ չսահմանվեն ու չհստակեցվի բողոքելու կարգը, անհատի այս բնատուր իրավունքը կարող է հավաքական մարտահրավերի վերածվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2018 12:09 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 05-01-2018

Թեև բողոքելու իրավունքն աշխարհում մարդու հիմնարար իրավունքներից ու նույնիսկ նրա գերազանցություններից է համարվում, սակայն հասարակության մեջ եթե նման իրավունքի դիմաց նաև պարտավորություններ չսահմանվեն ու չհստակեցվի բողոքելու կարգը, անհատի այս բնատուր իրավունքը կարող է հավաքական մարտահրավերի վերածվել:

ԻՌՆԱ

Բողոքի հանրահավաքներն ու «բողոքելու կարգի» վարժանքը

 

Թեև բողոքելու իրավունքն աշխարհում մարդու հիմնարար իրավունքներից ու նույնիսկ նրա գերազանցություններից է համարվում, սակայն հասարակության մեջ եթե նման իրավունքի դիմաց նաև պարտավորություններ չսահմանվեն ու չհստակեցվի բողոքելու կարգը, անհատի այս բնատուր իրավունքը կարող է հավաքական մարտահրավերի վերածվել:

Իրանի 1979 թվականի հեղափոխությունը թեև հասարակագիտական ու հոգեբանական տարբեր ենթահողեր ուներ, սակայն բողոքելու ճանապարհների ու նաև քաղաքացիական անվիճելի իրավունք համարվող քննադատության ճանապարհների փակվելը դրան սկիզբ տված ու արդյունքի հանգեցրած գլխավոր գործոնն էր: Այդ պատճառով էլ ԻԻՀ-ի հիմնադրի ու Սահմանադրության կողմից ժողովրդի բողոքելու իրավունքն ընդգծվել ու հստակեցվել է:

Իրանի Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն առանց զենքի հանրահավաքներն ու երթերն այն պայմանով, որ չխանգարեն իսլամի սկզբունքներն, ազատ են: Թեև այս սկզբունքի մասին օրենքը պարզաբանող գրքերում ու նաև ԶԼՄ-ներում տարբեր մեկնաբանություններ են ներկայացվել, սակայն այս հոդվածի բոլոր կետերում պաշտոնապես ճանաչվել է ժողովրդի բողոքելու իրավունքը: Այդուհանդերձ այստեղ շեշտը դրված է ոչ թե նման հոդվածի գոյության, այլ դրա գործադրման ընթացակարգի վրա: Մարդկային ցանկացած այլ արարքի նման եթե բողոքը որոշակի շրջագծում ու կարգով չկատարվի ոչ միայն չի օգնելու բողոքարարին, այլև բողոքի հիմնական պատճառները սխալ կարգի ծանր ստվերի ներքո կանտեսվեն ու նույնիսկ կոտնահարվեն: Իրանում բողոքի կարգավորումը պիտի իրականացվի համալսարանի, կուսակցությունների ու ԶԼՄ-ների եռանկյունու շրջանակներում: Բողոքելու կարգի ու հակառակ տեսակետ հայտնելու մեթոդների պարզաբանումը համալսարանական շրջանակների առաքելությունն է, իսկ դրա իրագործումը պատկանում է կուսակցական համակարգին: Այս եռանկյունու յուրաքանչյուր կողմում թերացումը երկրում վերջին օրերի բողոքներում լարվածությունների առաջացման գլխավոր գործոններից են համարվում:

Թեև պատմության, աշխարհագրության, մշակույթի, տնտեսության ու նույնիսկ հավաքական ենթագիտակցության պես գործոններ կարող են ազդել ցանկացած երկրում ժողովրդի բողոքի ու քննադատության արտահայտման մեթոդների վրա, սակայն բողոքի աշխարհատարած հասկացությունը բողոքի կանոնավոր արտահայտման փորձված ու հստակեցված կաղապարներ է տրամադրում տարբեր ժողովուրդներին: Դրանք պահպանելով հանդերձ բողոքարարների շահերը կանխում են բողոքի շեղումը: Բողոքի պատճառների ու նպատակների հստակեցումը, բողոքարար խավերին ու դասակարգերին ճանաչելը և բողոքի համար հող նախապատրաստած ցանկացած խավի շահերի սահմանափակումների ու սպառնալիքների պարզաբանումը բողոքի հանրահավաքների հաջողությամբ կազմակերպվելու գլխավոր նախապայմաններից են:

 

ԻՍՆԱ

Իրանի մշակույթի նախարար. «Թավրիզ 2018»-ը շաղկապված է Իրանի մշակութային ու գեղարվեստական դիվանագիտությանը

 

Իրանի իսլամական մշակույթի ու առաջնորդության նախարարն անդրադառնալով Թավրիզը 2018 թվականին իսլամական զբոսաշրջության մայրաքաղաք ընտրվելուն, ասաց. «Այս իրադարձությունը վկայում է իրանական ինքնության մասին, որը շաղկապված է Իրանի մշակութային ու գեղարվեստական դիվանագիտությանը»:

Սեյեդ Աբբաս Սալեհին «Թավրիզ-2018»-ի իրադարձության ընդառաջման հանդիսության ժամանակ մատնանշելով, որ Արևելյան Ատրպատականն Իրանի ակն է, ասաց. «Այս նահանգը շարունակ մշակութային փոխանակումների առիթ է ստեղծել և Իրանը երախտապարտ է այս կապող կամուրջին»:

«Այս տարածքը դարեր շարունակ հարևանների ու սահմաններից այն կողմ բնակվող ժողովուրդների համար իրանական ինքնության թարգմանն է եղել»,-հայտարարեց Իրանի իսլամական մշակույթի և առաջնորդության նախարարը:

Նա ընդգծելով, որ այս տարածքում գեղանկարչական ու երաժշտության յուրահատուկ  դպրոց ու նաև տարբեր միություններ գոյություն ունեն, ասաց. «Թավրիզ-2018 իրադարձությունը մեկ տարի անց ավարտվելու է սակայն Թավրիզի ու աշխարհի այլ երկրների միջև մշակութային ու գեղարվեստական փոխանակումները շարունակվելու են»: 

 

 

 

NEWS.am

Հայաստանը դեմ է վերջնագրերի ճանապարհով հարաբերությունների կարգավորմանը. Էդուարդ Շարմազանով

 

 

Այս տարիներին Թուրքիան ցույց տվեց, որ պատրաստ չէ իր հարեւանների եւ առաջին հերթին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով գնալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ են ինչ-ինչ դրական նախադրյալներ առաջանալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի համար, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Թուրքիան վերջնականապես հեռանում է ժողովրդավարական սկզբունքներից եւ էլ ավելի ավտորիտար երկիր է դառնում:

 

Նրա խոսքով՝ հայկական կողմը քանիցս հայտարարել է, որ այս գործընթացը կարող է ընթանալ միայն միմյանց հանդեպ կողմերի որեւէ նախապայմանի բացակայության պարագայում: «Հայաստանը դեմ է վերջնագրերի ճանապարհով հարաբերությունների կարգավորմանը: Թուրքիան սահմանակցում է մեզ: Եվ Թուրքիան է շրջափակում Հայաստանի հետ սահմանները»,- արձանագրեց Շարմազանովը՝ հավելելով, որ նման պահվածքը 21-րդ դարում անթույլատրելի է:

 

 

 

Tert.am

2018թ. ծայրահեղ կարևոր է, որ ՀՀ-ն բրենդ դառնա միջազգային ասպարեզում՝ վարելով մարդկային կապիտալի վրա հիմնված քաղաքականություն. Գևորգ Մելիքյան

 

 

2017 թվականին Հայաստանի համար կարևոր էր Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագրի ստորագրումը, բայց դա այն «մինիմումն» էր, որ Հայաստանը կարող էր Եվրամիության հետ հարաբերություններում անել. Tert.am-ի հետ զրույցում ամփոփելով Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ այսպես ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանը:

«Արևմուտքը Հայաստանի համար բոլոր առումներով շատ կարևոր գործընկեր է: Չպետք է Հայաստանը, որպես գործընկեր, բավարարվի միայն դեկլարատիվ հայտարարություններով կամ փաստաթղթեր ստորագրելով և գործնականում ոչինչ չանի»,- ասաց նա:

Նա նաև նշեց, որ 2013 թվականից հետո Հայաստանի վարկանիշը ընկել էր, և հիմա՝ հատկապես 2018 թվականին Հայաստանը պետք է ամեն ինչ անի՝ միջազգային հարթակներում իր տեսանելիությունը բարձր պահելու համար:

«Դա վերաբերում է նաև միջազգային հարթակներում առանց թաքնվելու քվեարկություններին»,- ասաց նա:

Փորձագետը նկատեց, որ այս տարի իրոք Հայաստանի արտաքին քաղաքականությունն ակտիվ էր, բազմավեկտոր, ինչը նշանակում է, որ եթե ցանկություն կա նման քաղաքականություն վարելու, ապա դա ստացվում է: Դա նա պայմանավորեց սահմանում եղած համեմատաբար հանգիստ վիճակով:

Գևորգ Մելիքյանի խոսքով՝ 2017 թվականը կարելի է համարել «սերմնացանի տարի», քանի որ արտաքին քաղաքականության շատ վեկտորներ նաև նոր էին, հներն էլ թարմացվում էին:

«Հիմա հայկական կողմը շատ ճիշտ է անում, որ իրեն դրսևորում է որպես շահագրգիռ կողմ, որպես հետաքրքրված կողմ, որն ուզում է հարաբերություններ զարգացնել: Պետք է տեսնել, թե արդյոք 2018 թվականին քայլերի ընթացքը արդյունքներ կբերի»,- ասաց նա:

Գալիք տարում փորձագետը սպասում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն ավելի եսակենտրոն պետք է լինի, Հայաստանի բարեկամների քանակն աշխարհում պետք է ավելի շատ լինի:

«Հայաստանը պետք է օգտագործի իր բոլոր հնարավորությունները ցանցային քաղաքականություն վարելու»,- ասաց նա՝ նշելով, որ որոշակի բաներ այդ ուղղությամբ արվում են:

Նա նաև հավելեց, որ արտաքին քաղաքականությունն ակտիվացնելու համար պետք է ակտիվացվեն նաև դիվանագիտական առաքելությունները: