Մամուլի տեսություն 15-01-2018
«Սանչի» իրանական նավթատարի հետ չինական նավի աղետալի բախումն ի վերջո Չինաստանի ափերում իրանական նավթատարի խորտակման պատճառ դարձավ:
Ջոմհուրի Էսլամի
Ծովագնացների հիշատակին
«Սանչի» իրանական նավթատարի հետ չինական նավի աղետալի բախումն ի վերջո Չինաստանի ափերում իրանական նավթատարի խորտակման պատճառ դարձավ:
Աղետն այնքան ծանր էր, որ ԻԻՀ կառավարությունն այսօր հանրային սուգի օր է հայտարարել:
Միջադեպը գրանցվեց մեկ շաբաթ առաջ, որը «Սանչի» նավթատար նավում պայթյունի ու հրդեհի պատճառ դարձավ: Թեև կրակը մարող նավերը դեպքի վայր մեկնեցին, սակայն հրդեհի ծավալների ու նավթի պահեստներում բազմաթիվ պայթյունների պատճառով չկարողացան մոտենալ նավթատարին ու պարտավորվեցին հեռու տարածությունից կրակը մարելու փորձ կատարել: Այս աղետն իրանական նավթատարում հրդեհի բռնկումից մեկ շաբաթ անց հանգեց նավի խորտակման ու գործնականում կրակը մարելու և նավթատարի անձնակազմին փրկելու գործողություններն ապարդյուն անցան:
Մեկ շաբաթ շարունակ Իրանի ժողովրդի ու դեպքի մանրամասնությունից տեղյակ անձանց սրտերը տրոփեցին աղետի մատնված ծովագնացների ճակատագրի համար, սակայն ի վերջո լուր ստացվեց, որ հրդեհի ծավալների ու սաստկության, նաև թունավոր գազերի ու ծուխի հետևանքով հնարավոր չե որևէ լուր ստանալ ծովագնացների ճակատագրից: Ամբողջ մեկ շաբաթ երկրի հասարակական կարծիքը հուզված մնաց այս դեպքի պատճառով ու բոլորը շարունակ հույսեր էին փայփայում այն մասին, որ հնարավոր է «Սանչի» նավի ծովագնացների փրկվելու մասին լուրեր ստացվեն:
Երանի թե նման դեպքեր ընդհանրապես տեղի չունենան ու ժողովուրդը սուգի չմատնվիլ Այդուհանդերձ այս պահից հետո միայն մխիթարություն ու զոհված ծովագնացների հարազատների իրավունքների պաշտպանությունը կարող է նրանց վիշտը ամոքել: Զոհերի հարազատները չպիտի իրենց միայնակ զգան ու պատասխանատուների հետապնդումներով պիտի վստահ լինեն, որ մի մեծ ժողովուրդ կանգնած է նրանց կողքին ու սրտացավորեն բոլոր պահերին ընկերակցում է նրանց: Նման աղետներին տոկալն ու դրանք մարսելն այն ժողովրդի արվեստն է, որ թիկունքում է թողել հեղափոխության, պարտադրյալ պատերազմի ու բնական տարբեր աղետների դառը փորձը և կրկնակի ջանքով, անխախտ կամքով ու ամեն օր աճող հույսով լուսավոր ապագա է ուրվագծել ու ուրվագծում է իր համար:
Քեյհան
ԱՄՆ նախագահը գուցե հոգեկան հիվանդ չլինի, սակայն հիմար է
Ամերիկյան «Նյու Յորք Թայմզ» օրաթերթը գրեց. «Հնարավոր է, որ Թրամփը հոգեկան խնդիրներ չունենա, բայց անկասկած հիմար ու ոչ-պիտանի անձ է»:
Վերջին օրերին Թրամփի հոգեկան առողջության հարցը և աֆրիկացիների ու սևամորթների հասցեին նրա ցեղապաշտական արտահայտությունները մեծ աղմուկ են բարձրացրել ԱՄՆ-ում: Թրամփի հոգեկան խնդիրներ ունենալու հարցը բարձրացվեց «Կրակ ու ցասում» գրքի հրապարակումից հետո ու գործն այնտեղ հասավ, որ Թրամփն հայտարարեց, թե պատրաստ է հոգեբանական թեսթ անցկացնել ու ապացուցել, որ հոգեկան տեսակետից առողջ է:
«Նյու Յորք Թայմզ»-ի ինտերնետային կայքը սակայն Թրամփի հոգեկան հավասարակշռության մասին հրապարակեց Ջեֆրի Լիբերմանի ստորագրած հոդվածը, որտեղ նա գրում է. «Որպես ԱՄՆ-ի հոգեբուժների միության նախկին նախագահ այն համոզման եմ, որ իմ հոգեբան ու հոգեբուժ գործընկերը պիտի դադարեցնեն նախագահ Թրամփի հոգեկան վիճակի մասին հեռակա կանխատեսումներն ու նրա հոգեկան խնդիրների հետ կապված հավանական ախտանշանների բացահայտումը: Հարցն այն չե, որ Թրամփի հոգեկան հավասարակշռությունը գնահատման չպիտի ենթարկվի,, այլ ընդհակառակը, բոլոր նախագահները նման գնահատման պիտի ենթարկվեն: Հնարավոր է որ Թրամփը որևէ հոգեկան խանգարում էլ չունենա, բայց անկասկած նա հիմար ու ոչ-պիտանի անձնավորություն է»:
«Հարցը միայն նրա զարմանալի պահվածքը չե, այլ նրա թուիթերյան գրառումները, զարմանալի հայտարարություններն ու շատ հաճախ տարբեր հարցերի պարագային նրա հակասական արտահայտություններն ու մոլորվածությունը: Ինչպես նախապես էլ գրել եմ երբ նախագահի խնդիրները սրվում են դրանք խանգարում են նրա պարտականությունների իրականացմանը: Սահմանադրության 25-րդ հավելվածում հստակեցված է անարժան նախագահի լիազորությունների փոխանցման կարգը»,-գրում է Լիբերմանը:
Դա ի տես այն բանի, որ Սպիտակ տան նախկին ստրատեգիստ Ստիվ Բանոնը, ում «Կրակ ու ցասում» գրքում կատարած արտահայտություններն արժանացել են Թրամփի խիստ քննադատության, բացահայտել է, որ իր սեռային ապօրինի կապերը գաղտնի պահելու համար Թրամփը գումար է վճարել տասնյակ կանանց:
Համաձայն այս հաղորդման նրանից հետո, երբ լուրեր հրապարակվեցին այն մասին, որ ԱՄՆ նախագահը մի պոռնոաստղի հետ իր ապօրինի կապերը գաղտնի պահելու համար 130 հազար դոլար գումար է վճարել նրան, Ստիվ Բանոնն ասաց, որ Դոնալդ Թրամփի փաստաբանները 100 կանանց, որոնց հետ Թրամփն ապօրինի հարաբերություններ է ունեցել դրամ են վճարել, որպեսզի այդ հարցը 2016 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ չբացահայտվի:
Ալիք
Թուրքիայի նախկին վարչապետի սկանդալային բացահայտումը. «Էրդողանն անձամբ է հրահանգել խոցել ռուսական կործանիչը»
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավուդօղլուն կարեւոր տեղեկություններ է տրամադրել Թուրքիայում 2016 թվականի հեղաշրջման փորձի մասին քննություն անցկացնող հանձնաժողովին: Տեղեկացնում է ԻՍՆԱ-ն՝ վկայակոչելով թուրքական աղբյուրները:
Խոսելով 2015 թվականի նոյեմբերի 24-ին ռուսական օդուժի «SU-24» ինքնաթիռի խոցման մասին, Դավուդօղլուն հատուկ նշել է, թե նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն անձամբ է հրահանգել խոցել կործանիչը:
Սա այն դեպքում, երբ ինքը՝ Էրդողանը պնդում է, որ ռուսական ինքնաթիռը խոցվել է Թուրքիայի օդուժի երկու օդաչուների կողմից, որոնք կրոնական քարոզիչ Ֆաթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման անդամներ են եղել:
Անշուշտ նախկին վարչապետի այս բացահայտումը կարող է Թուրքիա-Ռուսաստան դիվանագիտական նոր սկանդալի պատճառ դառնալ:
Սպուտնիկ Արմենիա
Թանկացումների դեմ պայքարի 2 ճանապարհ կա. խորհրդարանական իշխանության և ընդդիմության առաջարկները
ՀՀ ԱԺ-ը որոշել է քննարկել Հայաստանում հունվարի 1-ից տեղի ունեցող թանկացումները: Այս մասին այսօր խորհրդարանի այս տարվա առաջին նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ տեղեկացնելով, որ հունվարի 23-ին, ժամը 11-ին ԱԺ-ում հրավիրվում են այս հարցով լսումներ:
Ընդդիմադիր պատգամավորները, սակայն, միայն լսումներ անցկացնելու գաղափարը չողջունեցին:
«Այնպիսի տպավորություն է` կարծես հանրապետական մեծամասնությունն ու իշխանությունները նոր են իմացել թանկացումների մասին: Սա ուղղակի գազը բաց թողնելու միջոցառում է»,- ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հիշեցնելով, որ սպասվող թանկացումների մասին հայտնի էր դեռ 2017թ-ի ընթացքում:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ 2017թ-ի պաշտոնական վիճակագրության համաձայն` դեռ անցյալ տարի գնաճը հասել է աննախադեպ չափերի:
Գնաճը կանխելու միակ միջոցը, Նիկոլ Փաշինյանի համոզմամբ, ակցիզային և ավելացված արժեքի հարկի և եկամտահարկի նվազեցումն է:
Իշխանություններին այս առաջարկներն ընդունել տալու միակ միջոցն, ըստ Փաշինյանի, հանրության պահանջն է, ինչի համար ընդդիմությունը հունվարի 19-ին նախաձեռնում է գնաճի դեմ բողոքի ակցիա:
Հիշեցնենք` հունվարի 1-ից Հայաստանում բարձրացել են առաջին անհրաժեշտության ապրանքների գները: Հիմնական պատճառը ակցիզային հարկի ավելացումն է: Բենզինի 1 տոննայի դիմաց գանձվող ակցիզային հարկը 25 հազար դրամից հասել է 40 հազար: Ալկոհոլային խմիչքների և ծխախոտի հարկը 2018-ի հունվարի 1-ից 63 տոկոսից դարձել է 73 տոկոս: