Մամուլի տեսություն 17-02-2018
ԻԻՀ-ի ու Հնդկաստանի միջև հարաբերությունների ներկա իրականությունը պարզում է, որ Իրանի ու Հնդկաստանի հարաբերություններում լուրջ արգելքներ գոյություն ունեն և այդ արգելքները հարաբերությունների մակարդակի իջեցման պատճառ են դարձել:
Էըթեմադ
Իրանը ռազմավարական տեսակետից անհրաժեշտ է Հնդկաստանին
ԻԻՀ-ի ու Հնդկաստանի միջև հարաբերությունների ներկա իրականությունը պարզում է, որ Իրանի ու Հնդկաստանի հարաբերություններում լուրջ արգելքներ գոյություն ունեն և այդ արգելքները հարաբերությունների մակարդակի իջեցման պատճառ են դարձել: Սա չի համապատասխանում ոչ Հնդկաստանի արտաքին քաղաքականությանն ու ազգային նպատակներին և ոչ էլ Իրանի ազգային նպատակների իրականությանը: Դրա պատճառն այն է, որ հնդիկները նպատակադրել են երկարաժամկետում համաշխարհային գերպետության վերածվել: Բեռի Բուզանը երբ խոսում է միջազգային ներկա համակարգի մասին հավատացած է, որ Սառը պատերազմին հաջորդած միջազգային համակարգը բաղկացած է համաշխարհային հինգ գերպետություններից և դա ներկայացնում է, որպես 4+1: Մեկը ներկայացնում է միջազգային գերպետություն՝ ԱՄՆ-ին, իսկ 4-ը՝ համաշխարհային չորս այլ գերուժերին, որոնք են Եվրոպան, Չինաստանը, Ռուսաստանն ու Ճապոնիան: Բեռի Բուզանը հիմք ընդունելով Հնդկաստանի հզորության մասին իր գնահատումները հավատացած է, որ մոտ ապագայում միջազգային համակարգում ուժի կառույցը փոփոխության է ենթարկվելու և դառնալու է 5+1: Այս դիտանկյունից նկատի առնելով միջազգային համակարգի հեռանկարը Հնդկաստանին կարելի է գերպետության վերածվելու թեկնածու համարել: Հնդիկներն իրենք էլ ձգտում են նման դիրքի իրագործմանը: Այս պահին Հնդկաստանը համաշխարհային ուժի վերածվելու երեք նախադրյալներ ունի: Աշխարհագրական տարածության վրա հիմնված տարածքային տարողությունը, բնակչությանը հիմք ընդունելով մարդկային ռեսուրսն ու միջուկային կարողությունները նկատի առնելով ռազմական հզորությունը: Համաշխարհային գերուժի նոր դիրքին տիրանալու համար Նոր Դեհլին ձգտում է դիվանագիտական առումով ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամակցությանը, տնտեսական առումով ուշագրավ աճին ու գեոպոլետիկական տեսակետից միջազգային կարևոր տարածաշրջաններում ներազդեցությանը: Այս միջոցին ԻԻՀ-ն Հնդկաստանի արտաքին քաղաքականության մեջ առնվազն երկու նպատակների իրագործման հարցում ռազմավարական ազդեցություն կարող է ունենալ: Գեոպոլետիկական բնագավառներում ներազդեցության տարածման և տնտեսական ուշագրավ աճի տիրանալու համար Հնդկաստանը կարիք ունի Իրանին: Հնդկաստանը վերջին տարիներին Աֆղանստանին ներկայացրել է, որպես իր գեոպոլետիկական ներազդեցության ոլորտներից մեկը, իսկ Աֆղանստանում Հնդկաստանի ներկայությունն ընդլայնելու ուղղությամբ Իրանը կարող է Նոր Դեհլիի կարևոր գործընկերը լինել: Միևնույն ժամանակ որպես Հնդկաստանի անհրաժեշտ էներգիան ապահովող կարևոր երկրներից մեկն ԻԻՀ-ի դիրքը կարող է երաշխավորել Հնդկաստանի տնտեսական կայուն աճը:
Խոռասան
ԱՄՆ-ում սպանությունների նոր ռեկորդ
Կրկին սպանդ, կրկին տաք զենքի կիրառում, կրկին վիշտ ու սուգ և կրկին մի երիտասարդ, որ առանց պատճառի արյան ծով է ստեղծում: Սա այս օրերին ԱՄՆ-ի նկարագրությունն է այն դպրոցներում, որոնք ապահով վայրեր պիտի լինեն աշակերտության համար: Դա ի տես այն բանի, որ ԱՄՆ-ում դպրոցները դարձել են այդ երկրի ամենաանապահով վայրերից մեկը: Թեև Ֆլորիդա նահանգի Փարքլանդ քաղաքի «Սթոնման Դոգլաս» միջնակարգ դպրոցում հրաձգությունը 20 զոհերով ու 70 վիրավորներով վերջին վեց տարիների ընթացքում դպրոցներում ամենաարյունալի հրաձգություն ու ԱՄՆ-ի ժամանակակից պատմության մեջ 10-րդ արյունալի դեպքն է համարվում, այդուհանդերձ նման կոտորածներն այդ երկրի տարածքում շարունակվում են: 2018 թվականից անցած 45 օրերի ընթացքում արդեն 18 հրաձգության դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ի դպրոցներում: Միևնույն ժամանակ 2013 թվականից ի վեր ԱՄՆ-ի դպրոցներում հրաձգության 291 դեպքեր են զեկուցվել: Դա ի տես այն բանի, որ ԱՄՆ-ի հանրային վայրերում կույր սպանությունները միայն դպրոցներով չեն սահմանափակվում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որ ի դեպ այդ երկրում զենք կրելու ազատության համառ պաշտպաններից է համարվում, ասել է, որ Շիկագոյի նման քաղաքում ամերիկացի քաղաքացիների սպանվելու հավանականությունը գերազանցում է Բաղդադում հիշյալ անձանց սպանվելու հավանականությանը: Փաստը ցույց է տալիս, որ նման սարսափելի կոտորածների փորձը մեծացրել է առավել զինվելու համար ամերիկացիների ագահությունը: 2016 թվականին ԱՄՆ-ում զենքի վաճառքը նոր ռեկորդ սահմանեց և գերազանցեց 11 միլիոն զենքի սահմանագիծը, այն էլ մի երկրում, որտեղ յուրաքանչյուր երեք հոգուց երկուսը տաք զենք ունի: Աշխարհի որևէ այլ երկրում քաղաքացիներն ամերիկացիների չափ զինված չեն ու նման կոտորածներ կազմակերպելով անձնական դրդապատճառներով չեն սպանում իրենց հայրենակիցներին:
Ալիք
Ցեղասպանությունը ճանաչող թուրք մտավորականները դատապարտվեցին ցմահ ազատազրկման
Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին բազմիցս իրենց հրապարակումներում անդրադարձած Մեհմեդ եւ Ալթան եղբայրները դատապարտվել են ցմահ ազատազրկման։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 26–րդ դատարանը Ալթան եղբայրներին ու կին լրագրող Նազլը Ըլըջաքին եւ եւս 3 լրագրողի մեղավոր է ճանաչել 2016–ի ռազմական հեղաշրջման մասին իմանալու եւ դրանում դերակատարում ստանձնելու մեջ։
Իր վերջին խոսքում Ահմեդ Ալթանն ասել է. «Ես իմ քաղաքական հայացքների համար 100 անգամ դատապարտվել եմ, սակայն առաջին անգամ եմ սահմանադրական հանցանք գործող դատարանի առջեւ կանգնած։ Թուրքիայի հանրապետության պատմության մեջ նման դեպք չի եղել»։
Նշենք, որ դատարանը որպես ապացույց է ընդունել լրագրողների հրապարակումներում այն տեսակետները, որ շուտով Էրդողանի իշխանության վերջը գալու է է, եւ դա համարել հեղաշրջման փորձի մասին տեղեկանալ ու մասնակից լինել։
«Ժողովուրդ»
Նոր նախագահը ևս պետք է ընտրվի հին ընտրակարգով՝ ժողովրդի կողմից
Արմեն Սարգսյանը երեկ իր համաձայնությունն է տվել՝ առաջադրվել որպես ՀՀ նախագահի թեկնածու: Հիշեցնենք` երբ հունվարի 19-ին Սերժ Սարգսյանն Արմեն Սարգսյանին նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու առաջարկ էր արել, վերջինս ժամանակ էր խնդրել` ասելով, թե դեռ պետք է հանդիպի հասարակական-քաղաքական շրջանակների հետ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Սփյուռքում, որից հետո նոր կայացնի չափազանց պատասխանատու որոշումը:
Ի սկզբանե պարզ էր, որ Ա. Սարգսյանն այսկերպ սեթևեթում էր. հազիվ թե առանց նրա համաձայնությունն ունենալու Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում առաջադրվելու հրապարակային առաջարկ աներ: Եվ հետո` Ա. Սարգսյանը հազիվ թե համարձակվեր մերժել Ս. Սարգսյանի առաջարկը, թեկուզ հերթական անգամ անորոշ ժամանակով երկրից վտարվելու հեռանկարից վախեցած: Իսկ ժամանակ խնդրեց` այս մեկ ամսում իր PR-ը կազմակերպելու և հասարակությանը ներկայանալու համար:
Հիմա ՀՀ նախագահին ընտրելու է ԱԺ-ն: Ընտրությունները տեղի կունենան մարտի սկզբին: Բայց արդեն իսկ որոշակի կասկածներ կան ՀՀ նոր նախագահի՝ ԱԺ-ի կողմից ընտրվելու օրինականության վերաբերյալ: Բանն այն է, որ ՀՀ նոր Սահմանադրության 125 հոդվածի համաձայն` ՀՀ նախագահն ընտրվում է ԱԺ-ի կողմից:
Սակայն Սահմանադրության այդ հոդվածը դեռևս ուժի մեջ չի մտել: Անցումային դրույթների համաձայն` Սահմանադրության 5-րդ գլուխը, որտեղ նաև 125-րդ հոդվածն է, ուժի մեջ կմտնի ՀՀ նոր նախագահի կողմից պաշտոնը ստանձնելու օրը: Ստացվում է՝ նոր նախագահը ևս պետք է ընտրվի հին ընտրակարգով՝ ժողովրդի կողմից, ուղղակի ընտրություններով: Եվ միայն իր լիազորությունները ստանձնելու օրն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2015թ. ընդունված Սահմանադրությունը, այդ թվում՝ 5-րդ գլուխը: Դրանից հետո արդեն ԱԺ-ն կկարողանա ընտրել ՀՀ նախագահին»,-գրում է թերթը։