Մամուլի տեսություն 22-02-2018
Երեք տարի առաջ էր, որ Էսֆանդ ամսվա (փետրվարյան) այս օրերին «Զավենի դերակատարությունը կյանքի վերջին տեսարանում» խորագրով գրության մեջ բացակայության առաջին տարելիցին հիշեցինք Սպահանի ու Իրանի կինոյի մեծ մարդու անունը:
ԻՌՆԱ
Չմոռանանք Իրանի ու Սպահանի կինոյի Զավենին
Երեք տարի առաջ էր, որ Էսֆանդ ամսվա (փետրվարյան) այս օրերին «Զավենի դերակատարությունը կյանքի վերջին տեսարանում» խորագրով գրության մեջ բացակայության առաջին տարելիցին հիշեցինք Սպահանի ու Իրանի կինոյի մեծ մարդու անունը:
Մարդ, որ այդ օրերին նրա բարության հոսող ջրվեժի ու ժպիտների մասին պատմեցինք ու գրեցինք, մի առ ժամանակ է ինչ այլևս մեզ հետ չէ ու նրա այդ չլինելը մշակույթի ու արվեստի ոլորտի այս գործիչի հանդեպ անուշադրության կամ նվազ ուշադրության բերումով, անհանգստություն է պատճառում:
Ասում են, որ նա անկասկած «Սպահանի կինոյի հայրն է»:
Զավեն Ղուկասյանի մեծությունն ու բարի անունը հիշատակող գնահատանքի ու մեծարանքի այս արտահայտությունները բավարար են իմանալու համար, որ 2015 թվականի փետրվարի 20-ի այդ ցուրտ ու դառն ուրբաթ օրը ում կորցրեցինք: Երբ նույնիսկ շատերը չգիտեին նրա անունը, նա այնքան համեստ ու խոնարհ էր, որ իր ամբողջ ժամանակը հատկացնում էր իր ուսանողներին ու բոլորի հետ կիսում էր իր գիտելիքները, ժամանակը, բազում ֆիլմերն ու խտասալիկները:
Նրա մահվան օրվանից հետո քիչ թե շատ խոսվել է Զավենի հիշատակի մեծարման համար նրա անունով հիմնադրամ և կամ փաստագրական ու կարճամետրաժ ֆիլմերի ոլորտում մրցանակ հիմնելու մասին, ինչը կարծես գնալով մոռացության է տրվում:
Իրանահայ անվանի կինոբեմադրիչ, կինոգործիչ, գրող, բանասեր, կինոքննադատ և Սպահանի ազատ կինոյի հիմնադիր Զավեն Ղուկասյանը ծնվել է 1950 թվականին Սպահանում և ավարտել է նույն քաղաքի համալսարանի քիմիագիտության ֆակուլտետը:
Նա 1971 թվականին 8մմ ֆիլմերի նկարահանմամբ սկսում է իր գեղարվեստական աշխատանքը և մի առ ժամանակ ղեկավարում է Սպահանի ազատ կինոն:
Նրա արժեքավոր աշխատանքներից են համարվում Իրանի և աշխարհի մեծ կինոգործիչներին ծանոթացնող գրքերը: Նա այս բնագավառում իր աշխատանքը սկսեց 1971 թվականին՝ Արբի Ավանեսյանի «Աղբյուր» ֆիլմի մասին գրած գրքով, որին հաջորդեցին շուրջ 24 նման այլ աշխատասիրություններ:
Քեյհան
Ուսուցիչներն ԱՄՆ-ում զենքով են ներկայանալու դասարանում
ԱՄՆ-ում 270 հազարից 300 հազար տաք զենք գոյություն ունի: Այսինքն յուրաքանչյուր քաղաքացու դիմաց գրեթե մեկ զենք: Միևնույն ժամանակ դպրոցներում հրաձգության տեսակետից ԱՄՆ-ն ռեկորդակիր է և սա ի տես այն բանի, որ այդ երկրի դպրոցների մեծ մասում տեսագրության խցիկներ են տեղադրված ու դրանցից շատերում զինված պահակներ գոյություն ունեն: Անցած չորեքշաբթի օրը զինված մի պատանի Ֆլորիդա նահանգի մի դպրոցում բանակի արդիական զենքով կրակեց աշակերտության կողմը և սպանեց 17 հոգու: 2013 թվականից ի վեր սա այդ երկրի դպրոցներում գրանցված հրաձգության 291-րդ դեպքն է, իսկ «Էմ Էս Էն Բի Սի»-ի հաղորդման համաձայն 2018 թվականից անցած 45 օրերի ընթացքում արդեն հրաձգության 12 դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ի դպրոցներում:
Հիմա լուր է տարածվել այն մասին, որ ուսուցիչներին զինելու օրինագիծը նրանց ու դպրոցի տնօրեններին թույլատրում է դպրոցում զենք կրել, իհարկե պայմանով, որ մինչ այդ 40-ժամյա վարժության շրջան և հոգեկան առողջության քննություն անցկացնեն: Տվյալ նահանգը ստանձնում է վարժությունների շրջանի ծախսը, սակայն զենքի ապահովման տեսակետից որևէ պատասխանատվություն չի ստանձնելու: Մինչ այսօր երեք հանրապետական օրենսդիրներ պաշտպանել են այս օրինագիծը: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախկին հանրապետական նախագահ Նիութ Գինգրիչը հայտարարել է, որ ուսուցիչներին զինելը դպրոցներում մասսայական հրաձգության դիմակայման միակ երկարաժամկետ լուծումն է համարվում: Իրավիճակն այնքան ճգնաժամային է դարձել, որ երկուշաբթի օրը Ալաբամայի հանրապետական նահանգապետ Քեյ Այվին պահանջեց մետաղի հայտնաբերման սարք տեղադրել դպրոցներում: Դա ի տես այն բանի, որ դեմոկրատական օրենսդիրներն ու նաև Ֆլորիդայի հրաձգության դեպքի զոհերի հարազատները պահանջել են զենքի վերահսկման օրենք ընդունել: Դեմոկրատական սենատոր Դագ Ջոնզն ուսուցիչներին զինելու նախագիծը քննադատելով ասել է. «Իմ համոզմամբ սա ամենահիմար նախագիծն է, որի մասին ես մինչ օրս լսել եմ»: Ամերիկացիների մեծամասնությունն էլ կառավարությանն ու Կոնգրեսին է այդ երկրում զինված բախումների հարցում մեղավոր ճանաչում: «Վաշինգտոն Փոստ»-ի սոցհարցման արդյունքների համաձայն յուրաքանչյուր 10 ամերիկացի քաղաքացիներից 6-ը հավատացած է, որ նախագահ Դոնալդ Թրամփն ու այդ երկրի օրենսդիրները զինված բախումները կանխելու ուղղությամբ բավարար ջանք չեն գործադրել:
Ալիք
Ռուբեն Մելիքյան. «Ադրբեջանի քայլը Բրյուսելի Հայ Դատի գրասենյակի գործունեության բարձր գնահատականն է»
ԼՂ-ի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի նկատմամբ Ադրբեջանը քրեական հետապնդում է հարուցել բազմիցս ԼՂ այցելելու համար։ Մի քանի դատողություններ.
1) Առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ արտահայտել խորին հարգանքս ընկեր Գասպարի հանդեպ։
2) Քրեական հետապնդում հարուցելու փաստը Բրյուսելի Հայ Դատի գրասենյակի գործունեության բարձր գնահատականն է։
3) Թվում է՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունում փետրվար ամիսներին բացվում եւ մի քանի օրից փակվում է ԼՂ այցելածների նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու վարչություն. նախորդ տարի նույն ժամանակահատվածում քրեական հետապնդումներ հարուցվեցին Եվրոխորհրդարանի երեք պատգամավորների ու մի քանի գիտնականների նկատմամբ։
4) Քրեական հետապնդումն ակնհայտորեն կրում է քաղաքական բնույթ եւ նպատակաուղղված է սահմանափակելու դեպի ԼՂ ազատ տեղաշարժն ու ԼՂ-ի վերաբերյալ ազատ խոսքը։
5) Չի ստացվելու։
Առավոտ
Արմեն Սարգսյանի թեկնածության հարցում քաղաքական կոնսենսուս կա. Ալեքսանդր Մարկարով
«Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի դիտարկմամբ՝ ՀՀԿ-ի առաջադրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի թեկնածության հարցում կա քաղաքական կոնսենսուս, հետևաբար դժվար թե այլ քաղաքական ուժեր առաջադրեն իրենց թեկնածուին: «Մենք կարող ենք ենթադրել՝ մյուս քաղաքական ուժերը, որոնք ներկայացված են խորհրդարանում (հաշվի առնելով զուտ քանակական գործոնն էլ), դժվար թե կարողանան աոաջադրել մեկ այլ թեկնածու նախագահության համար:
Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀԿ-ի կողմից ներկայացված առաջարկությունը, իսկ մինչ այդ Սարգսյանը բազմաթիվ հանդիպումներ անցկացրեց, որ հասկանա՝ ինչպիսին է իրավիճակը մեր քաղաքական դաշտում և սփյուռքում»,- ասաց քաղաքագետը: Ըստ նրա՝ խորհրդարանական համակարգ ունեցող երկրներում նախագահն է ձևավորում համապատասխան քաղաքական մշակույթ, ինչը փորձում է անել ՀՀԿ թեկնածուն. «Նախագահը պետք է ձևավորի բավականին լայն կոնսենսուս քաղաքական դաշտում, ինչը փորձեց անել Սարգսյանը, դա են վկայում նրա հանդիպումներն այլ քաղաքական ուժերի հետ՝ ՀՅԴ, «Ծառուկյան» դաշինք և «Ելք», այլ հարց է՝ ինչին են հասել, բոլոր դեպքերում տպավորությունն այնպիսին է, որ մի մասը պատրաստ է սատարել Սարգսյանի թեկնածությունը»»,-գրում է թերթը: