Օբամայի պատմական այցը Կուբա
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i9130-Օբամայի_պատմական_այցը_Կուբա
Կիրակի օրը մեկնարկել է ԱՄՆ-ի նախագահ՝ Բարաք Օբամայի պատմական այցը Կուբա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2016 07:21 Asia/Tehran
  • Օբամայի պատմական այցը Կուբա

Կիրակի օրը մեկնարկել է ԱՄՆ-ի նախագահ՝ Բարաք Օբամայի պատմական այցը Կուբա:

Այցի ընթացքում, Օբաման հանդիպում և զրույց է ունենալու Կուբայի նախագահ՝ Ռաուլ Կաստրոյի հետ: Վերջին 88 տարիների ընթացքում, սա ԱՄՆ-ի նախագահի առաջին այցն է Կուբա: Հավանայում բացված ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում Օբաման խոսել է սառը պատերազմի ժամանակաշրջանում երկու երկրի միջև տիրող թշնամանքը մի կողմ դնելու պատմական առիթի մասին: Վատիկանի միջնորդությամբ, 18 ամիս գաղտնի բանակցություններից հետո, ի վերջո 2014 թվականի դեկտեմբերի 17-ին, հրապարակված համատեղ հաղորդագրությամբ, ԱՄՆ-ն ու Կուբան հայտարարեցին, որ վերսկսում են դիվանագիտական հարաբերությունները և ազատ կարձակեն երկու կողմի կալանավորներին: Այնուհետև 2015 թվականի ապրիլին, Օբաման պաշտոնապես բանակցել է Կուբայի նախագահ՝ Ռաուլ Կաստրոյի հետ և դա երկու երկրի ղեկավարների առաջին հանդիպումն էր 1956 թվականից ի վեր: 2014 թվականի դեկտեմբերի 17-ին, հարաբերությունների վերսկսման մասին հայտարարվելուց ի վեր, կողմերը մի քանի անգամ բանակցել են և այդպիսով ենթահող է ստեղծվել ավելի քան 55 տարի տևած թշնամական հարաբերություններին վերջ դնելու համար: Համենայն դեպս Վաշինգտոնը ոչ բարեկամական վերաբերմունք է ցուցաբերում Հավանայի նկատմամբ և ձգտում է միջամտել Կարիբյան տարածաշրջանում այդ երկրի ներքին հարցերին:

2015 թվականի սեպտեմբերի 11-ին, «թշնամու հետ առևտուր» օրենքի շրջանակում, Օբաման համաձայնեց երկարաձգել Կուբայի դեմ պատժամիջոցները: 1917 թվականին վավերացված այդ օրենքի համաձայն, արգելվում է թշնամի համարվող երկրների հետ ԱՄՆ-ի առևտուրը: Կուբայի դեմ ևս մեկ տարով այդ օրենքի երկարաձգումն ընդունելով, իրականում Օբաման ընդգծեց Կուբայի դեմ Վաշինգտոնի թշնամական քաղաքականության շարունակվելը և անտեսեց վերջին ամիսների ընթացքում ԱՄՆ-Կուբա հարաբերությունների նորմալացումը: Չնայած որոշ փորձագետների ենթադրությամբ, Կուբայի հետ հարաբերությունների նորմալացման մասին Օբամայի հայտարարությունից և երկու երկրի դեսպանատների բացվելուց հետո, մեծ թափ կստանան այդ հարաբերությունները, սակայն դեռ լուրջ արգելքներ կան այդ ճանապարհին: ԱՄՆ-ի մեծ թվով կոնգրեսականներ դեմ են Կուբայի հետ հարաբերությունների նորմալացմանը:

Չնայած Օբամայի այցը Կուբա կարող է շրջադարձային լինել երկու երկրի հարաբերություններում, սակայն կարելի է կանխատեսել, որ Վաշինգտոնը շարունակելու է իր միջամտողական մոտեցումը Կուբայի ներքին հարցերին, այդ թվում մարդու իրավունքներին և քաղաքական, հասարակական ու տնտեսական ոլորտներին վերաբերող հարցեր, որին անշուշտ բացասաբար կարձագանքի Հավանան: Հատկանշական է, որ Վաշինգտոնի պատասխանը Գուանտանամոյի ծոցը հետ վերադարձնելու Կուբայի պահանջիննբացասական է եղել, ինչը կարող է երկու երկրի միջև գոյություն ունեցող տարաձայնությունների շարունակման պատճառ դառնալ: