Ղալիբաֆ․ հարևանների հետ համագործակցությունը պատնեշ է արտաքին դավադրությունների դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i250216-Ղալիբաֆ_հարևանների_հետ_համագործակցությունը_պատնեշ_է_արտաքին_դավադրությունների_դեմ
Ընդգծելով հարևան երկրների հետ Իրանի հարաբերությունների ամրապնդման կարևորությունը, Իրանի խորհրդարանի նախագահը կարևորել է տարածաշրջանային քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում համագործակցության զարգացումը՝ արտաքին ուժերի միջամտություններին և տարաձայնություններ հրահրելու փորձերին հակազդելու համար։
(last modified 2026-09-16T07:28:56+00:00 )
Սեպտեմբեր 16, 2026 10:55 Asia/Tehran
  • Ղալիբաֆ․ հարևանների հետ համագործակցությունը պատնեշ է արտաքին դավադրությունների դեմ

Ընդգծելով հարևան երկրների հետ Իրանի հարաբերությունների ամրապնդման կարևորությունը, Իրանի խորհրդարանի նախագահը կարևորել է տարածաշրջանային քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում համագործակցության զարգացումը՝ արտաքին ուժերի միջամտություններին և տարաձայնություններ հրահրելու փորձերին հակազդելու համար։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով ISNA-ին, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Իրաքյան Քուրդիստանի «Քուրդիստանի հայրենասիրական միության» նախագահ Բաֆել Թալաբանիի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հարևան երկրների հետ հարաբերությունները պետք է բոլոր ոլորտներում զարգացնել ամենաբարձր մակարդակով։ Նա ընդգծել է, որ այդ շրջանակում Թեհրանը կարևորում է Իրաքի հետ համագործակցության ընդլայնումը։

Անդրադառնալով 40-օրյա պատերազմի զարգացումներին, Իրանի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ը փորձել է Իրաքյան Քուրդիստանի տարածքից Իրանի դեմ անվտանգության և ռազմական գործողություն իրականացնել, սակայն իրաքյան կողմերի համագործակցության և Իրանի զինված ուժերի արձագանքի արդյունքում այդ ծրագիրը ձախողվել է։

Նա նաև զգուշացրել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելի ռեժիմը փորձում են տարաձայնություններ առաջացնել հարևան երկրների, մասնավորապես՝ Իրանի և Իրաքի միջև։ Ղալիբաֆը ընդգծել է, որ կապերի և փոխադարձ վստահության ամրապնդումը կարող է խոչընդոտել այդ նպատակների իրագործմանը։

Բաֆել Թալաբանին, ընդգծելով Իրանի հետ անվտանգության, քաղաքական և տնտեսական համագործակցությունն ընդլայնելու «Քուրդիստանի հայրենասիրական միության» պատրաստակամությունը, ասել է, որ թույլ չի տա, որպեսզի Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանը վերածվի Իրանի դեմ անապահովություն ստեղծելու հարթակի։

Իսկ Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ, Բաֆել Թալաբանին ընդգծել է, որ Իրաքը և Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանը երբեք թույլ չեն տա, երկրի տարածքից որևէ հարձակում իրականացնել Իրանի դեմ։

Արաղչին ընդգծել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու տնտեսական և առևտրային հարաբերությունները Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանի, մասնավորապես՝ Սուլեյմանիեյի հետ, ինչպես նաև ամրապնդելու անվտանգության ոլորտում համակարգումը ընդհանուր սահմաններին։

Նա նաև կոչ է արել զգոն լինել հարևան երկրների միջև տարաձայնություններ հրահրելու փորձերի նկատմամբ և հակազդել սահմաններին ահաբեկչական խմբավորումների գործողություններին։