Թեհրանն ու Բաքուն քայլ կանեն Իրանի մեկուսացման ծրագրերը չեզոքացնելու ուղղությամբ
Վերջին ամիսներին Իրանի և Ադրբեջանի միջև համագործակցության ընդլայնումը վկայում է երկու հարևան երկրների հարաբերություններում նոր փուլի ձևավորման մասին։ Տնտեսական, սահմանային և քաղաքական համագործակցության ակտիվացումը մեծացնում է արտաքին ճնշումներին դիմակայելու և Կովկասում կայունությունը պահպանելու երկու երկրների հնարավորությունները։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Tasnim-ին՝ ԵԱՏՄ հարցերով փորձագետ Ֆարհադ Էբրահիմովը նշել է, որ Ադրբեջանի սահմանների բացումն ու Իրանին օգնության բեռների տեղափոխման դյուրացումը Բաքվի՝ հարևանության քաղաքականության դրսևորումներից են և նպաստել են Թեհրանի ու Բաքվի հարաբերությունների ամրապնդմանը։
Վերլուծաբանի գնահատմամբ՝ հարևան երկրների հետ հարաբերությունների խորացումն արտաքին ճնշումների հետևանքները նվազեցնելու և տարածաշրջանային մեկուսացումը կանխելու Իրանի ռազմավարության մի մասն է։ Այս շրջանակում Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումը, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրաքի և Պակիստանի հետ Իրանի համագործակցության հետ մեկտեղ, մեծացնում է տարածաշրջանի տնտեսությանն ու եվրասիական բազմակողմ ցանցերին կապվելու Թեհրանի հնարավորությունները։
Դիտորդների խոսքով՝ Թեհրանն ու Բաքուն, չնայած անցյալում ունեցած տարաձայնություններին, ամրապնդում են համագործակցության մեխանիզմները և շարժվում դեպի ավելի կայուն հարաբերություններ անվտանգության, տնտեսական և տարանցիկ ոլորտներում։