ԻԻՀ առաջնորդի ելույթը՝ թշնամիների սադրանքներին և դժվարություններին դիմակայելու ճանապարհը
Այսօր առավոտյան ԻԻՀ նախագահի և կառավարության կազմի անդամների հետ հանդիպման ժամանակ, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին կարևորել է մի քանի կետեր՝ կապված տնտեսական հարցերի, արտաքին քաղաքականության և ներքին համախմբվածության հետ:
ԻԻՀ նախագահի և կառավարության կազմի անդամների հետ հանդիպման ժամանակ, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի ելույթի մեծ մասը հատկացված էր արտաքին քաղաքականության մեջ թույլատրելի և անթույլատրելի սահմաններին և տնտեսական հարցերի կարգավորման եղանակներին:
Իր ելույթի մի հատվածում, հեղափոխության մեծարգո առաջնորդը կարևորել է հարևան երկրների հետ լավ հարաբերություններ ունենալը, իսկ եվրոպական երկրների մասին ասել է.«Եվրոպայի հետ հաղորդակցվելու և բանակցությունը շարունակելու հարցում խնդիր չկա, բայց պետք է այլևս Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի կամ տնտեսության նման հարցերի շուրջ Եվրոպայի հետ բանակցություններում հաջողության հասնելու հույսեր չփայփայեք»:
Քննադատելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի և պատժամիջոցների նման հարցերում Եվրոպայի դրսևորած անհամապատասխան վարքագիծը, մեծարգո առաջնորդը նշել է.«Պետք է կասկածով նայել նրանց տված խոստումներին և ամենայն լրջությամբ հետևել հարցերի լուծման գործընթացին»:
ՀԳՀԾ-ն ազգային շահերի պահպանման համար միջոց համարելով, Այաթոլլահ Խամենեին հավելել է.«ՀԳՀԾ-ն նպատակ չէ, այլ՝ միջոց, և, բնականաբար, եթե համոզվենք, որ այս միջոցով հնարավոր չէ պահպանել ազգային շահերը, մի կողմ կդնենք այն»:
Բացառելով որևէ բանակցություն ամերիկացիների հետ, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է.«ԱՄՆ-ի նախկին պաշտոնյաների հետ բանակցությունը, որոնք գոնե արտաքուստ այլ կերպ էին ձևանում, այսպես ստացվեց, իսկ ներկայումս այդ երկրի գործող անպատկառ պաշտոնյաների հետ, որոնք բացեիբաց իրանցիների դեմ են դուրս եկել, բնավ ոչ մի մակարդակում, ոչ մի բանակցություն չի կարող լինել»:
Այաթոլլահ Խամենեին նշել է, որ ամերիկացիներն իրենք ունեն Իրանի հետ բանակցելու կարիքը: Նա հավելել է.«Նրանք ուզում են ասել՝ տեսեք մենք նույնիսկ Իրանի իսլամական հանրապետությանը բերեցինք բանակցության սեղանի շուրջ: Ուրեմն ինչպես անցյալում եմ մանրամասնորեն ու տրամաբանորեն բացատրել, ոչ մի բանակցություն չի լինի ԱՄՆ-ի հետ»:
Իրանի նախագահի և կառավարության կազմի անդամների հետ Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ելույթի առանցքներն են եղել՝ դժվարություններից չվախենալը, նրբություններին ուշադրություն դարձնելը և արտաքին քաղաքականության մեջ զգոնությունը: ԱՄՆ-ն անցած 40 տարիների ընթացքում ամեն կարգի թշնամական քայլ է կատարել Իսլամական հանրապետության համակարգի, ժողովրդի և հեղափոխության դեմ: Այժմ ԱՄՆ-ն հույս ունի տարաձայնություն սերմանել Իրանում և պարտադրել հանձվել տնտեսական ճնշումներին:
Ընդգծելով Իրանի տնտեսական մեծ պոտենցիալն օգտագործելու անհրաժեշտությունը, և վկայակոչելով միջազգային կենտրոնների տվյալներին, Այաթոլլահ Խամենեին հավելել է.«Իրանը, չօգտագործված պոտենցիալների առումով, զբաղեցնում է աշխարհում առաջին տեղը»:
Այս առումով, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ելույթը կենտրոնացած է երկու կարևոր կետերի վրա: Առաջին՝ Իրանը դժվարությունները հաղթահարելիս երբեք չպետք է հայտնվի թույլ դիրքում կամ նահանջի և չպետք է հանձնվի ճնշումներին: Երկրորդ՝ Իրանը չի մոռացել անցյալի փորձերը և լավ գիտի ԱՄՆ-ի հետապնդած նպատակները: Այս կտրվածքում ևս Իրանի ժողովուրդը ամենայն ինքնավստահությամբ կանգնել է սադրանքների ու խնդիրների դիմաց և խնդիրների կարգավորման ուղին ոչ թե Եվրոպայի և ՀԳՀԾ-ն ստորագրած մյուս կողմերի չիրագործված խոստումների, այլ երկրի ներքին կարողությունների ու հնարավորությունների մեջ է գտնում :