Եվրախորհրդարանի աննախադեպ քայլը Հունգարիայի դեմ
Հունգարիան որպես Եվրամիության գրեթե նոր անդամներից մեկը, վերջին տարիների ընթացքում բացասաբար է դիրքորոշվել հատկապես փախստականներին ընդունելու հարցում եվրոպական այդ կառույցի քայլերի ու որոշումների նկատմամբ:
Հունգարիայի աջամետ վարչապետ Վիկտոր Օրբանը երկրում քայլեր է ձեռնարկել լրատվամիջոցներին սահմանափակելու և իր լիազորությունները մեծացնելու ուղղությամբ, ինչի դեմ բողոքել է Եվրահանձնաժողովը:
Բուդապեշտի ու Բրյուսելի միջև երկկողմ տարաձայնությունները սրվելով, Եվրապառլամենտի պատգամավորները աննախադեպ քայլի դիմելով, Հունգարիային պատժելու քայլեր են ձեռնարկել: Նրանք գտնում են, որ այդ երկիրը խախտել է եվրոպական արժեքները:
Վիկտոր Օրբանը մեղադրվում է լրատվամիջոցների ու փոքրամասնությունների դեմ հարձակում իրականացնելու և օրենքի իշխանությունը խախտելու մեջ, սակայն ինքը հերքում է այդ մեղադրանքները:
Ամեն դեպքում, Եվրախորհրդարանի պատգամավորների երկու երրորդը կողմ են քվեարկել Հունգարիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու որոշմանը:
Եվրապառլամենտում ունեցած ելույթում Օրբանը պաշտպանել է իր կառավարության քայլերը և ասել է.«Այս մեղադրանքները շանտաժ ու անարգանք են Հունգարիայի նկատմամբ»: Սա առաջին անգամ է, որ Եվրապառլամենտը նման օրենք է վավերացնում Եվրամիության անդամներից մեկի նկատմամբ: Անհնար է թվում, որ Հունգարիան զրկվի Եվրամիությունում քվեարկելու իրավունքից, որովհետև Հունգարիայի նման Լեհաստանի աջամետ կառավարությունը վետո կդնի այդ որոշման վրա:
Չնայած Օրբանը մեկուսացվել է Եվրոպայի պահպանողական շարժումների առաջնորդների կողմից, սակայն աջամետ ծայրահեղական կուսակցությունները հովանավորում են նրան:
Վերջին տարիների ընթացքում Օրբանի կառավարությունը խիստ դեմ է դիրքորոշվել միգրանտների ու փախստականների նկատմամբ: 2018թ. ապրիլի խորհրդարանական ընտրություններում Օրբանի գլխավորած Ֆիդս կուսակցության հաղթանակից հետո, Հունգարիան խստացրեց իր հակամիգրացիոն դիրքորոշումը:
Եվրամիության ղեկավարները դժգոհ են Օրբանի գործելակերպից: Եվրահանձնաժողովը բազմիցս մտահոգություն է հայտնել դատարաններում ու ընտրական հանձնաժողովում նրա ազդեցության և Հունգարիայում տիրող կոռուպցիայի կապակցությամբ:
Իհարկե Օրբանից ներքին բողոքները ևս մեծ են: Այդ շրջանակում, 2018թ. ապրիլին, խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում, Օրբանին «խաբեբա գանգստեր» են անվանել, դատապարտել են նրա քաղաքական մոտեցումը և նրա կառավարությունը նեխած են բնութագրել: «Երկխոսություն հանուն Հունգարիայի» ձախամետ կուսակցության առաջնորդ Կարաչոնին գտնում է, որ ընտրություններում հաղթելուց հետո Օրբանը չի կատարում իր խոստումները և երկրում փոփոխության չի ձգտում:
Թվում է, թե Հունգարիայի դեմ Եվրապառլամենտի ընդունած որոշումով, ոչ միայն Եվրամիությունը մեծացնելու է իր քաղաքական ճնշումները Հունգարիայի դեմ, այլև սրվելու են ներքին հակառակությունները Օրբանի կառավարության դեմ: