Գերմանիան հանդես է եկել ԵՄ Անվտանգության խորհուրդ ձևավորելու կոչով
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i99212-Գերմանիան_հանդես_է_եկել_ԵՄ_Անվտանգության_խորհուրդ_ձևավորելու_կոչով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց  ի վեր, ԱՄՆ-ի և Եվրամիության միջև խոր տարաձայնություններ են ծագել, մասնավորապես պաշտպանական հարցերի , ՆԱՏՕ-ի դերի ու նշանակության և Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալու շուրջ, ինչը պատճառ է դարձել, որ  ԵՄ-ի անդամ երկրները պաշտպանական ու անվտանգության ոլորտներում եվրոպական անկախ մեխանիզմների ստեղծմանը ձեռնամուխ լինեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 09, 2018 15:37 Asia/Tehran
  • Գերմանիան հանդես է եկել ԵՄ Անվտանգության խորհուրդ ձևավորելու կոչով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց  ի վեր, ԱՄՆ-ի և Եվրամիության միջև խոր տարաձայնություններ են ծագել, մասնավորապես պաշտպանական հարցերի , ՆԱՏՕ-ի դերի ու նշանակության և Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալու շուրջ, ինչը պատճառ է դարձել, որ  ԵՄ-ի անդամ երկրները պաշտպանական ու անվտանգության ոլորտներում եվրոպական անկախ մեխանիզմների ստեղծմանը ձեռնամուխ լինեն:

 

Եվրամիության անդամ երկրները ջանքեր են գործադրում Եվրոպական անկախ ռազմական ուժ ստեղծելու,  ԵՄ  համաշխարհային ռազմավարություն մշակելու և եվրոպական ռազմական ու անվտանգության կառույցներ ստեղծելու համար:  

Գերմանիան և Ֆրանսիան որպես ԵՄ-ի կարևոր երկրներ առաջատար դեր  ունեն այս գործընթացում :Նրանք պահանջում  են անհապաղ ամրապնդել ԵՄ-ի պաշտպանունակությունը և   Եվրոպական  պաշտպանական ինտեգրացիան: 2018 թվականի հունիսին Ֆրանսիան և Գերմանիան կոչ արեցին ստեղծել նոր կառույց անվտանգության  և արտաքին հարցերի կարգավորման ուղղությամբ համատեղ քայլեր ձեռնարկելու համար: Իննը եվրոպական երկրներ աջակցեցին արագ արձագանքման ուժ ստեղծելու նախագծին:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքով՝ Եվրոպան պետք է պաշտպանական ոլորտում ունենա ռազմավարական անկախություն: Նա պահանջում է, որ Եվրոպան այլևս չհենվի ԱՄՆ-ի ռազմական աջակցության  վրա: Մյուս կողմից, Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը 2018 թվականի օգոստոսին ընդգծել է եվրոպական երկրների ռազմական համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի դեմ  ուժ ստեղծելու  անհրաժեշտությունը: Սակայն դա գերմանացիների վերջին առաջարկը չէ: Մաասը 2018 թվականի հոկտեմբերի 8-ին հանդես է եկել Եվրամիության անվտանգության խորհուրդ ձևավորելու կոչով:

Մաասի խոսքով՝ Եվրամիության անվտանգության խորհրդի ձևավորումը կարող է ավելի լավ ու տեղին պատասխան լինել միջազգային ճգնաժամերին: Այս շրջանակում Եվրամիությունը ներկայացնող մի փոքրիկ խումբ կարող է արագ ու ազդեցիկ քայլեր ձեռնարկել ներկա ճգնաժամերի կարգավորման ուղղությամբ: Բեռլինը համոզված է, որ Եվրամիության անդամ երկրները պետք է նոր դիրքորոշում որդեգրեն արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ, որպեսզի անդամների միջև կոնսենսուս ստեղծելու փոխարեն, ձգտեն ձայների մեծամասնության, քանզի այս գործընթացը կարող է  արագացնել և արդյունավետ դարձնել  որոշումների կայացումը:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը ևս հանդես է եկել Եվրամիության անվտանգության ու պաշտպանական քաղաքականությունների վերաբերյալ որոշումների կայացման գործընթացը հեշտացնելու կոչով: Հաշվի առնելով Եվրոպա-ԱՄՆ տարաձայնությունների խորացումը, այժմ Եվրամիության համար մեծ նշանակություն ունի պաշտպանական ոլորտն ու արտաքին քաղաքականությունը և այս կապակցությամբ անկախ գործունեությունը: Պաշտպանական անկախությունը նշանակում է ԱՄՆ-ից կախվածության նվազում: 2017 թվականի դեկտեմբերին Եվրամիության 25 անդամ երկրներ վավերացրին Եվրամիության պաշտպանական կառուցվածքային համագործակցության մասին պայմանագիրը ,որը նրանց հնարավորություն է տալիս ընդլայնել համագործակցությունները անվտանգության ու պաշտպանական ոլորտներում:

ՆԱՏՕ-ի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բացասական դիրքորոշման հետևանքով եվրոպացիները վատատես են դարձել այդ դաշինքի ապագայի նկատմամբ: Եվրամիությունը 2018 թվականի մայիսին հայտարարեց,որ 2021-2027 թթ.-ին մոտ 20 միլիարդ եվրո կհատկացնի պաշտպանական հարցերին: Այդ բյուջեն կհատկացվի ռազմական տեխնոլոգիաների զարգացմանը:

Եվրոպական պետությունները հասել են այն եզրակացության, որ պետք է հենվեն իրենց ուժերի վրա և  ԵՄ-ին պաշտպանության հարցերում հույս չդնել  ԱՄՆ-ի վրա:

Թրամփը բազմիցս հայտարարել է,որ ՆԱՏՕ-ի բյուջեի մեծ մասն ապահովում է ԱՄՆ-ն։ Նա  բազմիցս քննադատել է դաշինքը և պահանջել, որ դաշնակիցներն ավելի շատ վճարեն իրենց անվտանգության համար։