Մամուլի տեսություն 24-10-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i99803-Մամուլի_տեսություն_24_10_2018
65 տարիներ առաջ ԱՄՆ-ն հեղաշրջման միջոցով իր վարձկաններից մեկին Իրանում իշխանության ղեկին նստեցրեց և նա էլ 25 տարի շարունակ հանուն ԱՄՆ-ի ու Բրիտանիայի շահերի ոտնահարեց Իրանի ժողովրդի իրավունքները և ծառայեց նրանց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 24, 2018 08:49 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 24-10-2018

65 տարիներ առաջ ԱՄՆ-ն հեղաշրջման միջոցով իր վարձկաններից մեկին Իրանում իշխանության ղեկին նստեցրեց և նա էլ 25 տարի շարունակ հանուն ԱՄՆ-ի ու Բրիտանիայի շահերի ոտնահարեց Իրանի ժողովրդի իրավունքները և ծառայեց նրանց:

Ռեսալաթ

ԱՄՆ-ի ընտրություններին Իրանի միջամտության հավակնությունը

 

65 տարիներ առաջ ԱՄՆ-ն հեղաշրջման միջոցով իր վարձկաններից մեկին Իրանում իշխանության ղեկին նստեցրեց և նա էլ 25 տարի շարունակ  հանուն ԱՄՆ-ի ու Բրիտանիայի շահերի ոտնահարեց Իրանի ժողովրդի իրավունքները և ծառայեց նրանց: Այսօր աստվածային հովանավորությամբ պտտվող ժամանակի ալիքը պայմաններն այնպես է ձևավորել, որ ԱՄՆ-ի բռնակալ համակարգի հմայքը փշրվել է և ճարահատյալ խոսում է իր ընտրությունների անվտանգությունը պահպանելու անկարողության մասին: Այս օրերին Իրանին ուղղված Թրամփի սպառնալիքներին զուգահեռ պիտի նաև ուշադրություն ցուցաբերել ԱՄՆ անվտանգության ու քաղաքական ոլորտի որոշ պաշտոնատարների ընտրությունների կապակցությամբ հայտնած մտահոգություններին, հատկապես որ 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության գործի շուրջ հետաքննությունը դեռ ընթացքի մեջ է և հարցականի տակ է առել Թրամփի հաջողությունը: Նոյեմբերի 6-ին նախատեսված ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում որոշվելու է այդ երկրի Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 և Սենատի 35 տեղերի ճակատագիրը, իսկ ամերիկացի որոշ պաշտոնատարներ, այդ թվում ԱՄՆ նախագահը, Չինաստանին ու Ռուսաստանին մեղադրել են այդ ընտրություններին միջամտելու մեջ և ԱՄՆ-ի տեղեկատվական ու դատական չորս կառույցներ, արդարադատության նախարարությունը, Հետաքննությունների դաշնային բյուրոն՝ FBI-ը և անզգային անվտանգության նախարարությունը մի հաղորդագրությամբ Ռուսաստանին, Չինաստանին ու Իրանին մեղադրել են այն հարցում, որ նպատակ ունեն ազդել ԱՄՆ ընտրությունների արդյունքների վրա և կիբերմիջավայրում աշխատանք ծավալելով փորձում են սխալ տեղեկություններ տարածել և ներթափանցել մի քանի նահանգների համակարգիչները: Իհարկե ԱՄՆ-ի ընտրությունների վրա Իրանի ազդեցությունն աննախընթաց չէ, այնպես որ Ջիմի Քարթերը հաստատեց Ռոնալդ Ռեյգանի դիմաց կրած պարտության հարցում Իրանի դերակատարությունը և Իրանի հարցը շարունակ եղել է ԱՄՆ-ի տարբեր ընտրությունների թեկնածուների մարտահրավերներից մեկը: Թեև Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ԱՄՆ-ի առաջիկա ընտրություններին Իրանի միջամտությունը պատրանք է համարել, սակայն իրականությունն այն է, որ ԱՄՆ-ի հայտած մտահոգությունն ու Իրանի անունը Չինաստանի ու Ռուսաստանի կողքին հիշատակելը վկայում են ԱՄՆ պարագլուխների այն համոզման մասին, որ որպես հզոր և զարգացող երկիր Իրանն անհերքելի ներկայություն ունի միջազգային ասպարեզում:

 

Քեյհան

«Գարդիան»-ն անդրադարձել է Լոնդոնում դանակահարության դեպքերի կտրուկ աճին

 

Հակառակ հանրային այն ենթադրության, որ եվրոպական քաղաքները չափազանց ապահով են, սակայն պաշտոնական հաղորդումները դրա հակառակն են ապացուցում: Օրինակ բրիտանական մամուլում հրապարակված վիճակագրական թվերի համաձայն, Լոնդոնը համարվում է աշխարհում ամենաշատ հանցագործությունների ականատես քաղաքը: Քաղաք, որը որոշ հանցագործությունների հետ կապված ռեկորդակիր է և օրինակ ճանաչված է, որպես որոշ հանցագործությունների, այդ թվում դանակահարության մայրաքաղաքը: Դա ի տես այն բանի, որ այդ քաղաքում չափազանց մեծ է սեռային բռնությունների և բրտարարքների թիվը:

Ասվում է, որ Բրիտանիան աշխարհի ամենաոստիկանական երկիրն է, այնպես  որ «Դեյլի Մեյլի» ընդգծմամբ այդ երկրում տեղադրված են շուրջ 6 միլիոն անվտանգության տեսախցիկներ, որոնց պարտականությունն է վերահսկել ժողովրդին: Այսինքն յուրաքանչյուր 10 քաղաքացու բաժին է հասնում մեկ տեսախցիկ: Այդ տեսախցիկների խոշոր մասը տեղադրված է Լոնդոնում: Այդուհանդերձ այդ տեսախցիկները չեն կանխել Լոնդոնում հանցագործությունների թվի աճը և այսօր Լոնդոնը համարվում է դանակահարողների դրախտը:

«Գարդիան» օրաթերթն իր վերջին համարում անդրադարձել է Բրիտանիայում դանակահարության բարդությանը և գրել է. «Բրիտանիայի հանրային առողջության ծառայության կողմից ներկայացված վիճակագրական թվերի համաձայն ծանր վերքեր ստացած և բժշկական խնամքի կարիք ունեցած դանակահարության զոհերի թիվը վերջին երկու տարիների ընթացքում 34 տոկոս աճ է արձանագրել: Բժիշկներն էլ հաղորդել են նման հարձակումների թվի հավելման մասին և ասել են, որ աճել է նման վերքերով հիվանդանոց դիմող հիվանդների թիվը»:

Համաձայն այս հաղորդման, Լոնդոնի արքայական հիվանդանոցի վիրահատման հայտնի խորհրդատուներից մեկն ասել է. «Անցյալում մեզ դիմող հիվանդների մարմնի վրա մեկ կամ երկու սպիներ կային, իսկ այսօր հաճախ նկատում են զոհերի, որոնց մարմնի վրա 5-ից 10 սպիներ են նկատվում»:

«Գարդիան»-ն ավելի վաղ տեղեկացրել էր Լոնդոնում հանցագործության թվի աճի մասին և գրել էր. «Լոնդոնում սպանության դեպքերի քանակն աննախընթաց կերպով աճել է: 2018 թվականի առաջին եռամսյակում Լոնդոնում 46 սպանության դեպք է արձանագրվել ու եթե այս տեմպերը պահպանվեն այս տարվա ավարտին սպանության դեպքերի քանակը կգերազանցի 180-ը: Վերջին անգամ Լոնդոնում նման քանակի սպանության դեպքեր գրանցվել են 2005 թվականին»:

 

Ալիք

ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիրը կարող է ամբողջությամբ ուժի մեջ մտնել 2019-ի սկզբին

 

ԵԱՏՄ-Իրան ազատ տնտեսական գոտու մասին համաձայնագիրը, հնարավոր է, ամբողջությամբ ուժի մեջ մտնի 2019-ի սկզբին, այսօր «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումի ամփոփիչ ասուլիսին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինան:

Նա հիշեցրեց, որ համաձայնագիրը ստորագրվել է մայիսին և, ըստ կանոնակարգի, ուժի մեջ է մտնելու բոլոր 5 երկրների խորհրդարանների վավերացումից հետո:

«Բոլոր երկրներում դրանք խորհրդարանի օրակարգում են և, հուսով ենք, մեր պլանները՝ մինչև տարվա վերջ անցկացնել բոլոր միջոցառումները, կը պահպանվեն: Այդ դեպքում մյուս տարվա սկզբից կարող ենք սպասել Իրանի հետ համաձայնագրերի ուժի մեջ մտնելուն», - ասաց Վ. Նիկիշինան:

Անդրադառնալով Վիետնամ-ԵԱՏՄ ազատ տնտեսական գոտու գործունեությանը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինան նշեց, որ Վիետնամի հետ ազատ տնտեսական գոտու ձևավորման վերաբերյալ ունեցած վախերը չեն արդարացվել:

«Կային մտահոգություններ, որ մենք կը բացենք մեր շուկան, սակայն չենք կարողանա օգտվել հանդիպակաց առավելություններից: Արդյունքում, սակայն, մեր առևտևաշրջանառությունն աճել է 35 տոկոսով և այն աճել է համակշռված: Նույնիսկ կարող ենք ասել, որ ԵԱՏՄ-ից Վիետնամ արտահանումն աճել է ավելի շատ, քան՝ ներկրումը Վիետնամից», - ասաց Վերոնիկա Նիկիշինան:

 

 

News.am

Ջոն Բոլթոնը հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկավարության հետ

 

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստան կայցելի հոկտեմբերի 25-ին: Այս մասին հոկտեմբերի 24-ին կայացած ճեպազրույցում հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Այցի շրջանակում նախատեսված են Ջոն Բոլթոնի հանդիպումները վարչապետի պաշտոնակատարի, պաշտպանության և ԱԳ նախարարների, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հետ:

Նշենք, որ վերջին մի քանի տարիներին սա ԱՄՆ ամենախոշոր պատվիրակությունն է: