Իրաքի ԱԽ. Կտրականապես դեմ ենք կրոնական գործիչների հասցեին ուղղված վիրավորանքներին
Իրաքի ազգային անվտանգության նախարարական խորհուրդը ընդգծել է իր հաստատակամ դիրքորոշումը՝ կրոնական գործիչների հասցեին ուղղված վիրավորանքների դեմ:
Իրաքյան Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության դաշնակից Նայեֆ ալ Քուրդիստանին կիրակի օրը խիստ վիճահարույց և վիրավորական թվիթ է հրապարակել ոչ արաբ կրոնական առաջնորդների մասին, ինչն առթե; է շիա խմբերի զայրույթը:
Իրաքի ազգային անվտանգության նախարարական խորհրդի նիստում, որը նախագահում էր Մուստաֆա ալ Քազեմին, ընդգծվել է, որ քաղաքացիական խաղաղության դեմ ուղղված ցանկացած սպառնալիք և քաղաքացիների կյանքի խաթարում անընդունելի է։
Իրաքի ազգային անվտանգության խորհրդին զեկուցվել է անվտանգության իրավիճակի, զինված ուժերի պատրաստվածության, ինչպես նաև ԻԼԻՊ-ի մնացորդներին հետապնդելու գործողությունների առաջընթացի մասին:
Ալ-Քազեմին ընդգծել է Իրաքում տեղի ունեցող ցույցերի ընթացքում քաղաքական ճգնաժամի ցանկացած բացասական արտացոլումը կանխելու անհրաժեշտությունը և կոչ է արել Իրաքի անվտանգության ուժերին ձեռնարկել նախազգուշական միջոցներ՝ պաշտպանելու քաղաքացիների անվտանգությունը, նրանց ունեցվածքն ու գույքը: