Գարո Փայլանը շահել է Կարսում հայերին սպառնացող ազգայնականի դեմ դատը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i18634-Գարո_Փայլանը_շահել_է_Կարսում_հայերին_սպառնացող_ազգայնականի_դեմ_դատը
Թուրքիայի դատարանը ազատազրկել է ազգայանամոլ Թոլգա Ադըգյուզելին, ով սպառնացել էր Կարսի փողոցներում «հայերի որս» սկսել: Այս հայտարարությունից հետո նրա դեմ դատական հայց էր ներկայացրել Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 25, 2016 14:22 Asia/Tehran
  • Գարո Փայլանը շահել է Կարսում հայերին սպառնացող ազգայնականի դեմ դատը

Թուրքիայի դատարանը ազատազրկել է ազգայանամոլ Թոլգա Ադըգյուզելին, ով սպառնացել էր Կարսի փողոցներում «հայերի որս» սկսել: Այս հայտարարությունից հետո նրա դեմ դատական հայց էր ներկայացրել Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը:

Թուրքական «Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ՝ դատարանն Ադըգյուզելին դատապարտել է 7 ամիս և 15 օր ազատազրկման ու պարտավորեցրել վճարել 11 հազար 240 թուրքական լիրա (շուրջ 3800 ԱՄՆ դոլար) տուգանք: Պատժի կրումը, սակայն, հետաձգվել է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադըգյուզելը նախկինում դատված չի եղել:

Փայլանը նշել է. «Ատելություն սերմանող խոսքերն ատելության վրա հիմնված հանցագործությունների համար ճանապարհ են բացում: Դատական այս գործում հայի ինքնության դեմ ուղղված ատելություն պարունակող խոսքերի համար պատժի սահմանումը հուսադրող է թե՛ հայերի, թե՛ Թուրքիայում հասարակության խաղաղությանն ու արդարությանը հավատացող բոլոր զանգվածների համար: Մենք շարունակելու ենք պայքարել ռասիստական, ատելություն պարունակող հանցագործությունների դեմ, փնտրել արդարություն և աշխատել հասարակության խաղաղության համար»:

Թուրքիայի ազգայնական «Իդեալիստների օջախներ» կազմակերպության Կարսի մասնաճյուղի ղեկավար Թոլգա Ադըգյուզելը սադրիչ հայտարարություն էր արել՝ կապված պատմական հայկական մայրաքաղաք Անիի ավերակներում 2015 թվականի հունիսին հայ ջազ-երաժիշտ Տիգրան Համասյանի համերգի հետ: Ադըգյուզելը մեղադրել էր բոլոր նրանց, ովքեր Թուրքիայի ներսում աջակցել են և նպաստել հայ երաժշտի համերգի կայացմանը: Նա սպառնացել էր` ասելով, որ այսուհետ «բոլորն իրենց տեղը կիմանան»: Անդրադառնալով հայերին՝ թուրք ազգայնականն ընդգծել էր. «Նման գործողություններով նրանք ի՞նչ նպատակ են հետապնդում: Ովքե՞ր են սրանց աջակցում ներսից: Ո՞ր լրատվականների ծախված ներկայացուցիչներն են նրանց հետ համագործակցում: Ներսից և դրսից ծախված դավաճան ուղեղների կողմից ուզում են մեր համբերությո՞ւնը ստուգել: Թե՞ մենք էլ Կարսի փողոցներում հայերի որսի դուրս գանք»:

1in.am

25/5/2016