Թուրքիայի նոր վարչապետն ու հին քաղաքականությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i18754-Թուրքիայի_նոր_վարչապետն_ու_հին_քաղաքականությունը
Թուրքիայի նոր վարչապետը Էրդողանի մտերիմ, նախկին տրանսպորտի, նավագնացության և կապի նախարար Բինալ Յըլդըրըմն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2016 09:43 Asia/Tehran
  • Թուրքիայի նոր վարչապետն ու հին քաղաքականությունը

Թուրքիայի նոր վարչապետը Էրդողանի մտերիմ, նախկին տրանսպորտի, նավագնացության և կապի նախարար Բինալ Յըլդըրըմն է:

Դավութօղլուի հրաժարականից հետո նա ընտրվեց իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ, ապա վարչապետ. ըստ գործող օրենսդրության՝ վարչապետի պաշտոնը կարող է զբաղեցնել միայն խորհրդարանում մեծամասնություն ունեցող կուսակցության ղեկավարը: 60-ամյա Յըլդըրըմը «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադիրներից է, Էրդողանի վաղեմի գործընկերն ու դաշնակիցը: Բինալի Յըլդըրըմը ծնվել է 1955 թ. դեկտեմբերի 20-ին, Էրզինջան նահանգում: Մասնագիտությամբ ինժեներ է, ղեկավարել է Ստամբուլի նավահանգիստը: Էրդողանի հետ համագործակցել սկսել է դեռ 1990-ականներից, երբ վերջինս Ստամբուլի քաղաքապետն էր: 2001-ին Էրդողանի հետ կանգնած է եղել «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադրման ակունքներում, որը 2002-ից ի վեր Թուրքիայում իշխող կուսակցություն է: 2002-ին ընտրվել է խորհրդարանի պատգամավոր, վերջին 13 տարիներին զբաղեցրել է Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության ու կապի նախարարի պաշտոնը: Ուշագրավ է, որ Յըլդըրըմի կինը` Սեմիհա Յըլդըրըմը, նույնպես ակտիվ կուսակցական գործիչ է: Նա ընդգրկված է կուսակցության ակտիվ կանանց շարքերում և պատասխանատու է տարբեր սոցիալական նախագծերի իրականացման համար: Յըլդըրըմի անունը պաշտոնավարման ընթացքում մեկ անգամ չէ, որ շոշափվել է կոռուպցիոն սկանդալների կապակցությամբ: 2013-ին նա անգամ կարճ ժամանակով հեռացավ պաշտոնից նման սկանդալի պատճառով: Նրա դեմ գործը, սակայն, շուտով կարճվեց, և նա վերականգնվեց պաշտոնում: Ընտրություններից առաջ էլ թուրքական լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր Յըլդըրըմի որդու լուսանկարները՝ Սինգապուրի կազինոներից մեկում խաղալիս: Սակայն այս և որևէ այլ հանգամանք չխանգարեց նրա ընտրվելուն, ավելի ճիշտ` նշանակվելուն: Յըլդըրըմը վարչապետի միակ առաջադրված թեկնածուն էր: Նրա կուսակիցներին մնում էր կա՛մ հաստատել նրա թեկնածությունը, կա՛մ մերժել: Նա ընտրվեց կուսակցության առաջնորդ և վարչապետ` ստանալով 1470 քվեներից 1405-ը: Ի՞նչ քաղաքականություն կվարի նոր վարչապետը Ակնկալվում է, որ նոր վարչապետը նոր քաղաքական գիծ կունենա և թարմ լուծումներ կառաջարկի Թուրքիայում առկա մի շարք խնդիրներին. ԵՄ-ի հետ հարաբերություններ, քրդերի դեմ պայքար, երկրի կառավարման համակարգի որոշում և այլն: Սակայն, վերլուծաբանների կարծիքով, չարժե Յըլդըրըմից քաղաքական գծի էական փոփոխություններ սպասել: Ըստ կանխատեսումների` նոր վարչապետը և Էրդողանը նույն քաղաքական գիծը կվարեն, այսինքն՝ էական փոփոխություններ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունում չեն լինի: Բացի այդ, Յըլդըրը մի հիմնական խնդիրը կլինի հետևել սահմանադրական փոփոխությունների ընթացքին, ինչի շնորհիվ ներկայիս հիմնականում ներկայացուցչական լիազորությունների փոխարեն կստանա հզոր լծակներ: «Նյու Յորք թայմսի» հաղորդմամբ` թուրք վերլուծաբանների կարծիքով` նոր վարչապետն առանձին քաղաքական ֆիգուր չի լինելու, այլ ընդամենը՝ Էրդողանի արբանյակը: Նրա դերը կնմանվի Հորդանանի կամ Մարոկկոյի թագավորությունների վարչապետի դերին, որտեղ նրանք նշանակվում են թագավորի կողմից ու մշտապես գտնվում հզոր միապետի ստվերում: Յըլդըրըմն էլ շտապել է հաստատել այս ամենը կուսակցական ժողովի ժամանակ արված հայտարարություններով, ապա նաև ասուլիսով: Կուսակցական ժողովի ժամանակ՝ դեռ վարչապետ նշանակվելուց առաջ, Յըլդըրըմը հայտարարել է, որ հարկավոր է փոխել երկրի սահմանադրությունն ու խորհրդարանականից անցնել նախագահական համակարգի: Նրա խոսքով` եկել է ժամանակը օրինականացնելու Թուրքիայի քաղաքականությունում գոյություն ունեցող դե ֆակտո իրավիճակը: «Մենք ամեն ջանք կգործադրենք՝ նախ և առաջ ներդաշնակ աշխատելով մեր հիմնադիր ղեկավարի և առաջնորդի հետ, ինչպես նաև մեր կուսակցության մյուս գործընկերների հետ, կյանքի կոչելու մեր հզոր Թուրքիայի նպատակները»,- Անկարայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Արդարություն և զարգացում» կուսակցության նորընտիր ղեկավարը: Թուրքիայի նոր վարչապետը հայտարարել է նաև, որ կառավարության փոփոխությունը չի փոխի երկրի վարած պայքարն ընդդեմ ահաբեկչական խմբավորումների: Թուրքիան կշարունակի պայքարել «Իսլամական պետության» և քրդական գրոհայիններին դեմ ինչպես իրենց տարածքում, այնպես էլ Սիրիայում: Հիշեցնենք, որ Ահմեդ Դավութօղլուն մայիսի սկզբին էր հայտարարել հրաժարականի մասին: Նրա հրաժարականի պատճառը, ըստ շրջանառվող լուրերի, տարաձայնություններն են Էրդողանի հետ: Հիմնական անհամաձայնությունը վերաբերել է նախագահական համակարգի անցմանը և նախագահի լիազորությունների ընդլայնմանը: Դավութօղլուն վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 21 ամիս: Ուշագրավ է, որ նախագահի պաշտոնում նշանակվելուց հետո, երբ այն ժամանակվա ԱԳ նախարար Դավութօղլուն նշանակվեց վարչապետ, խոսակցություններ կային, որ Էրդողանն ընտրել է իրեն հնազանդ թեկնածուի, որը չի խոչընդոտի իր միանձնյա կառավարմանը: Դավութօղլուն, ի վերջո, դեմ արտահայտվեց Էրդողանի՝ լիազորություններն ընդլայնելու քայլերին: Նա կողմ չէր անցմանը նախագահական համակարգին, ինչպես նաև համամիտ չէր քրդերի դեմ տարվող կոշտ պայքարին ու ռազմական գործողություններին: Փաստորեն, վերջին շրջանում թե՛ իշխող կուսակցությունում, թե երկրի՛ կառավարությունում երկիշխանություն էր ստացվել, ինչն Էրդողանը չհանդուրժեց: Ի տարբերություն Դավութօղլուի, որը վարչապետ դառնալուց առաջ ԱԳ նախարար էր, Յըլդըրըմը քիչ է հայտնի միջազգային ասպարեզում և, բնականաբար, հեղինակությամբ Էրդողանի հետ մրցել չի կարող: Նշենք, որ Էրողանը նախագահի պաշտոնում ընտրվել է 2014 թվականին, երբ Թուրքիայում առաջին ուղիղ նախագահական ընտրություններն էին: Մինչ այդ երկրի նախագահին ընտրում էր խորհրդարանը: Նախագահի պաշտոնը զբաղեցնելուց առաջ Էրդողանը 11 տարի վարչապետ է եղել: Խորհրդարանական համակարգում երկրի առաջին դեմքը վարչապետն է, իսկ նախագահի լիազորությունները սահմանափակ են: Էրդողանի կարծիքով` երկրի կառավարումն ավելի արդյունավետ կլինի նախագահական համակարգի պարագայում:

Ankakh.com

26/5/2016