Ի՞նչ կփոխի Թուրքիայում նախագահական համակարգը. Haberturk, Թուրքիա
Մենք օրական 670 հազար բարել նավթ ենք արտահանում: 2016թ. բյուջեի նախատեսման պահին նավթի գինը կանխատեսվում էր միջինը 40 դոլար մեկ բարելի դիմաց: Այսօր արդեն այն շեղում է արձանագրում գրեթե ինը դոլար: Խոսքը տարեկան 2,1 մլրդ լրացուցիչ ծախսերի մասին է:
Բնական գազի գինը կախված է նավթի գնից: Նավթի թանկացմանը զուգահեռ այն նույնպես աճում է:
Օրերս Ստամբուլի զբոսաշրջային շրջաններից մեկի քառաստղանի հյուրանոցի դռանը ցուցանակ էր կախված՝ գիշերակացը՝ 50 եվրո բովանդակությամբ: Մեկ տարի առաջ նույն այդ հյուրանոցում մեկ օրը արժեր 120 եվրո: Քաղաքական պատճառներով մեր տնտեսությունը կորցրեց այնպիսի խոշոր շուկաներ, ինչպիսիք են Ռուսաստանը և Իրաքը: Թուրքական լիրան գնալով արժեզրկվում է: Ահաբեկչությունը դարձել է համար մեկ խնդիրը:
Ես սա չեմ գրում, որպեսզի ստիպեմ ձեզ անհանգստանալ, այս թեման ես կկապեմ նախագահական համակարգի հետ և մի քանի հարց կուղղեմ ձեզ՝
1. Եթե մենք ունենայինք նախագահական համակարգ, տարեկան 34 մլրդ դոլար ապահովող իրաքյան շուկան կմնա՞ր իր տեղում:
2. Աշխարհում գոյություն ունեցող ամենադաժան խմբավորումը՝ ԴԱԻՇ-ը չէ՞ր լինի:
3. Եթե մենք նախագահ ունենայինք, Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցությունը վա՞յր կդներ զենքը՝ վախենալով նախագահից:
4. Նախագահական համակարգի դեպքում մենք չէի՞նք ոչնչացնի ռուսական ինքնաթիռը:
5. Նավթի գները այսպես չէի՞ն տատանվի:
6. Նախագահական համակարգի դեպքում մենք, ի՞նչ է, վաղուց ԵՄ-ի կազմո՞ւմ կլինեինք:
7. Մենք կզարգացնեինք տեխնոլոգիա՞ն:
8. Եթե նախագահ ունենայինք, չէի՞նք ունենա այնպիսի գաղտնի կազմակերպություններ, ինչպիսիք են «Էրգենեքոնը», «Քուվալդան», Odatv-ը: Մեր դատական համակարգը հանկարծ անկա՞խ կդառնար:
9. Մենք կամուրջնե՞ր կկառուցեինք, ավտոմայրուղինե՞ր, մետրո՞:
10. Եթե մենք նախագահ ունենայինք, մենք նավթ և բնական գա՞զ կհայտնաբերեինք և կանկախանայի՞նք:
Բավական են հարցերը: Իշխանությունը ժողովրդից ստացած ուժի պատճառով ազատ է վարվելու այնպես, ինչպես հարմար է իրեն: Բայց ինչ էլ որ արվում է, ոչ թե համակարգով է պայմանավորված, այլ բանականությամբ, սեփական զարգացման հասկացողությամբ կամ չհասկացողությամբ:
Թուրքիան ռեֆորմների կարիք ունի, ժողովրդավարացման կարիք ունի: Եթե նախագահական համակարգը կզարգացնի մրցակցությունն այս երկրում, կվերականգնի արդարության հանդեպ հավատը, դուրս կբերի մեզ քաղաքակիրթ հասարակությունների հարթակ, ուրեմն թող լինի: Սակայն այդ դեպքում բարի եղեք բացատրել մեզ՝ ի՞նչ կփոխվի նախագահական համակարգի անցնելիս, ինչպե՞ս կվերանա ահաբեկչությունը: Ինչո՞ւ է մեր առաջնահերթ խնդիրը նախագահական համակարգը: Հարցս ուղղում եմ վարչապետ Բինալի Յըլդըրըմին:
Յավուզ Սեմերջի
1in.am/
29/5/2016