Աթաթուրքի սկզբունքներն ու գաղափարները դուրս կմնան նոր սահմանադրությունից. թուրքական մամուլ
Habertürk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Մեհմեթ Ուչումը հայտարարել է, որ կառավարությունը ցանկանում է պարզեցնել սահմանադրության 110-120-րդ հոդվածները և ընդհանրապես 1/3-ով կրճատել սահմանադրության մեջ տեղ գտած հոդվածները:
Ուչումը հայտարարել է, որ Թուրքիան 2016 թվականի մեծ մասը կարող է ծախսել նոր սահմանադրության մշակման վրա, որը կարող է դեկտեմբերին ներկայացվել Թուրքիայի խորհրդարանին:
Ուչումը հավելել է, որ նոր սահմանադրությունից դուրս են մնալու Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի սկզբունքներն ու գաղափարները, և որ համապատասխան փոփոխություններն առնչվում են մասնավորապես 2-րդ, 42-րդ, 58-րդ, 81-րդ, 103-րդ և 134-րդ հոդվածներին:
Ուչումն ընդգծել է, որ նոր սահմանադրության մշակման համար ուսումնասիրվել է 50 երկրի սահմանադրություն՝ սկսած Հարավային Աֆրիկայից մինչև Իսլանդիա: «Նոր սահմանադրության նախագծի պատրաստման աշխատանքները կավարտվեն հունիսի վերջին, այն հանրությանը կներկայացվի հուլիսին: Պատգամավորների թիվը 550-ից կարող է նվազեցվել 450-ի»,- տեղեկացրել է նա:
http://www.1in.am/
15/6/2016