Ի՞նչ նպատակով է Իսրայելը Լիբանանում խախտում հրադադարը
Լիբանանի հարավային շրջանների վրա իրականացրած հարձակման ժամանակ, Իսրայելի բանակը սպանել է «Հեզբոլլահի» օդուժի հրամանատարներից մեկին։
Չնայած Լիբանանի և Սիոնիստական ռեժիմի միջև հրադադարի մասին համաձայնագրին, ռեժիմը շարունակում է միջամտել Լիբանանի ներքին գործերին, ոտնահարել Լիբանանի ազգային ինքնիշխանությունը և ռմբակոծել երկրի տարածքները:
Հղում անելով Al-Mayadeen-ին, Pars Today-ը հաղորդում է, որ իսրայելական ռեժիմի հարձակման հետևանքով Ջարջուա քաղաքում նահատակվել է երկու մարդ, ևս երեքը վիրավորվել են:
Լիբանանն ագրեսիայի երկիր չէ
Արձագանքելով լիբանանցիներին տեղափոխող իրանական ինքնաթիռը թիրախավորելու Իսրայելի սպառնալիքին, լիբանանցի պատգամավոր Էբրահիմ Մուսավին շաբաթ օրն ասել է․ «Սիոնիստական ռեժիմի ագրեսիան ուղղված է Լիբանանի ինքնիշխանության դեմ։ Իսկ միջազգային հանրության, հատկապես ԱՄՆ-ի մեղսակցության պատճառով, ռեժիմն ավելի ամբարտավան է դարձել։ Լիբանանում բոլորը պետք է բարձրաձայն դատապարտեն դա և պարտադրեն միջազգային պատասխանատու կառույցներին քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Չպետք է թույլ տալ, որ Սիոնիստական ռեժիմը մտածի, որ երբ ցանկանա, կարող է հարձակվել Լիբանանի վրա:
Այս կապակությամբ, «Հեզբոլլահի» կոչով, օրերս Լիբանանում տեղի են ունեցել բողոքի ցույցեր։
Իսկ ԻԻՀ ԱԳՆ խոսնակն արձագանքելով Լիբանանի քաղաքացիներին տեղափոխող մարդատար ինքնաթիռը խոցելու Իսրայելի սպառնալիքին, նշել է, որ դա Լիբանանի ազգային ինքնիշխանության խախտում է և երկրի ավիացիոն անվտանգության դեմ ուղղված սպառնալիք:
ԱՄՆ-ն ու Իսրայելը փորձում են վերահսկել Լիբանանը
«Ալ Մանար» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, «Հեզբոլլահի» քաղաքական խորհրդի ղեկավարի տեղակալ Մահմուդ Քամաթին շաբաթ երեկոյան դիմելով շարժման հրավերով Բեյրութի օդանավակայան տանող ճանապարհին հավաքված մարդկանց, ասել է. «Մենք դեմ ենք, որ Լիբանանը հայտնվի ԱՄՆ-ի և Իսրայելի տիրապետության տակ։ Բեյրութի օդանավակայանում իրանական օդանավերի վայրէջքը կանխելը վիրավորանք է Լիբանանի կառավարության համար և հաստատում է, որ ԱՄՆ-ն իր ցանկությունն է պարտադրում մեր երկրին։ Իրանը բարեկամ երկիր է։ Դիմադրությանը աջակցող ժողովուրդը դեմ է ամերիկյան և իսրայելական նվաստացուցիչ քաղաքականությանը և երբեք չի ընդունի այն»։
Բեյրութի օդանավակայանում իրանական ինքնաթիռների վայրէջքի արգելքի դեմ հասարակական բողոքի ցույցերը շարունակվում են։ Բեյրութի տարբեր շրջանների զայրացած բնակիչները հինգշաբթի երեկոյան դուրս են եկել փողոց՝ բողոքելով ամերիկյան և իսրայելական միջամտության դեմ և փակել օդանավակայան տանող ճանապարհը։