Գազայի պատերազմի ընթացքում սպանվել է 211 լրագրող
Օկուպացված տարածքներում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակն ուրբաթ օրը զգուշացրել է Պաղեստինում լրագրողների սպանությունների թվի աճի կապակցությամբ, հայտարարելով, որ Գազայի պատերազմի ընթացքում սպանվել է 211 լրագրող։
Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ տարածած հայտարարության մեջ ասվում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո Գազայում Իսրայելի հարձակումների ընթացքում սպանվել է առնվազն 211 լրագրող, այդ թվում՝ 28 կին։
Pars Today-ի փոխանցմամբ՝ ըստ այս հայտարարության՝ կան լուրջ նշաններ, որ իսրայելական բանակը միտումնավոր թիրախավորում է լրագրողներին։ Եթե այդ պնդումն ապացուցվի, այն կարող է համարվել ռազմական հանցագործություն։
Որոշ կալանավորված լրագրողներ խոսել են հարցաքննության ընթացքում իրենց նկատմամբ կրած խոշտանգումների, սեռական ոտնձգությունների և նվաստացումների մասին։
Դատապարտելով Իսրայելի կողմից արտասահմանցի լրագրողների մուտքը Գազա խոչընդոտելը, կազմակերպությունը հայտարարել է որ տարածաշրջանում մնացած պաղեստինցի լրագրողները պատերազմի զոհեր են։ Կազմակերպությունը նաև զգուշացրել է Արևմտյան ափին և Երուսաղեմի արևելյան հատվածում լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների մասին։
Դատապարտելով այս գործողությունները, ՄԱԿ-ը կոչ է արել անհապաղ դադարեցնել լրագրողների սպանությունները, ձերբակալությունները և ահաբեկումները, նշելով, որ այդ գործողությունների հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն միջազգային հաստատությունների և երրորդ կողմի կառավարությունների առջև։
Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ Իսրայելի ռեժիմի կողմից Ղազայի վրա հարձակումների ժամանակ նահատակվել է ավելի քան 52 հազար 400 պաղեստինցի, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են։
Անցյալ տարվա նոյեմբերին Միջազգային քրեական դատարանը արձակեց ռեժիմի վարչապետի և պատերազմի նախարարի ձերբակալության օրդեր՝ Գազայում ռազմական հանցագործություններ կատարելու մեղադրանքով։