Թուրքիան իր նորագույն պատմության ամենածանր փուլի սկզբում է. Ռուբեն Սաֆրաստյան
Թուրքիան գտնվում է իր նորագույն պատմության ամենածանր փուլի սկզբի եզրին. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի նախագահ Ռուբեն Սաֆրաստյանը՝ նշելով, որ Թուրքիան ծանր իրադրության մեջ է հայտնվել թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության հարցերում:
«Այսօր Սիրիան կանգնած է ճգնաժամի նոր փուլի առջև, ինչը պայմանավորված կլինի այն հանգամանքով, որ այնտեղ կսկսեն տեղակայվել ցամաքային այլ ուժեր, խոսքը Սաուդյան Արաբիայի մասին է, որը պատրաստ է մի քանի հազար զինյալ տեղակայել Սիրիայում: Նաև մոտակա օրերին պետք է սկսվեն Բրյուսելում բանակցություններ՝ ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի միջև այս հարցն իրականություն դարձնելու համար: Բայց Թուրքիան ևս, համաձայն ռուսական ու Արևմտյան մամուլի, զինված ուժեր է կուտակում Սիրիայի սահմանի մոտերքում»,-ասաց նա:
Ռուբեն Սաֆրաստյանը նաև նշեց, որ Թուրքիան, մխրճվելով սիրիական ճգնաժամի մեջ, չկարողացավ իրականացնել իր նպատակները:
«Ասադը գնալով ուժեղացնում է իր դիրքերը: Թուրքական զինյալները պարտություն են կրել սահմանամերձ այն շրջաններում, որտեղ հաստատվել էր իր հսկողությունը: Սա վկայում է այն մասին, որ շատ ծանր վիճակում է Թուրքիան այս ճգնաժամի հետ կապված հարցերում:
Ես կարծում եմ, որ ականատես կլինենք այն բանի, որ Թուրքիան ռազմական միջամտություն կփորձի իրականացնել Սիրիայի հյուսիսային հատվածում»,-նշեց նա:
Անդրադառնալով Թուրքիայի ներքին իրադրությանը՝ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ անցած տարվա մի քանի ամիսներին նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, սրելով երկրում ներքին իրադրությունը, քրդերին դարձնելով իր քաղաքականության թիրախն ու բնակչությանը լարելով, լուծեց ընտրական խնդիրները, բայց, փոխարենը, ստացավ երկրում մի իրադրություն, որը վերջին տասնամյակներում չկար Թուրքիայում:
«Թուրքիայում վերսկսվել է քրդական զինված պայքարը, ինչը շատ լուրջ է: Երկրի հարավ-արևելյան հատվածի մի քանի քաղաքներում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից: Էրդողանը հաշվարկել էր, որ մի քանի ամսում վերջ կտան Քրդական բանվորական կուսակցության ռազմական ներուժին, բայց նրանք գնալով ուժեղանում են: Այսինքն՝ Թուրքիան երկրի ներսում ստացավ մի վիճակ, որ վտանգավոր է երկրի համար»,-ասաց նա:
Հարցին, թե կարո՞ղ է ռուս-թուրքական հակամարտությունը վերածվել ռուս-ամերիկյան հակամարտության, Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց, որ Թուրքիայի վերջին մի քանի ամիսների քաղաքականությունը հենց նպատակ ունի ներքաշելու ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին ռուս-թուրքական խնդիրների մեջ:
«Վերջին շրջանում Թուրքիան ավելի հաճախ է դիմում ՆԱՏՕ-ին ու սա հստակ քաղաքականություն է: Իհարկե, ԱՄՆ-ն օժանդակում է Թուրքիայի դիրքորոշմանը, բայց մյուս կողմից կարծես բավական զգուշավոր է: Նրանք չեն ձգտում ՌԴ-ի հետ սրել հարաբերությունները»,-ասաց նա:
tert.am
5/2/2016