Փարիզը և Լոնդոնը կոչ են անում վերջ տալ Հալեպի պաշարմանը
Ֆրանսիայի և Բրիտանիայի իշխանությունները կոչ են անում վերջ տալ Հալեպի պաշարմանը և մյուս գործողությունները, որոնք դեմ են Սիրիայի հարցով մյունխենյան պայմանավորվածություններին:
RIA Nօvosti-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարներ Ժան-Մարկ Էյրոյի և Բորիս Ջոնսոնի հայտարարության մեջ Փարիզում նրանց հանդիպման արդյունքներով:
«Ժան-Մարկ Էյրոն և Բորիս Ջոնսոնն ամենավճռական կերպով դատապարտում են Հալեպի պաշարումը ռեժիմի և նրա դաշնակիցների ուժերի կողմից: 300 000-հոգանոց բնակչությամբ այդ քաղաքի պաշարումը անհնար է դարձնում խաղաղ բանակցությունների վերսկսումը»,- ասվում է կոմյունիկեում:
«Նախարարները պաշտոնապես ռեժիմի դաշնակիցներին կոչ են անում անհապաղ վերջ տալ գործողությունները, որոնք խախտում են Մյունխենում ձեռք բերված պայմանավորվածությունները զինադադարի մասին և միջազգային հումանիտար իրավունքը: Նրանք կոչ են անում շտապ կարգով լիովին վերականգնել ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի գործունեությունը»,- ասվում է կոմյունիկեում:
ԱԳՆ ղեկավարները նորից հայտարարել են Սիրիայի ընդդիմության Բանակցությունների հարցով բարձրագույն կոմիտեին և ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ստաֆան դե Միստուրային իրենց աջակցության մասին: