Շտայնմայերը կոչ է արել Հալեպի ռազմական գործողություններում հասնել 48-ժամյա դադարի
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Ռուսաստանին կոչ է արել աջակցել՝ սիրիական Հալեպի ռազմական գործողություններում հասնելու 48-ժամյա դադարի: Համապատասխան հայտարարությունը նա արել է գերմանական Die Welt am Sonntag պարբերականին տված հարցազրույցում:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ռազմական գերատեսչությունը պատրաստ է աջակցել ՄԱԿ-ի առաջարկությանը՝ Հալեպի ռազմական գործողություններում շաբաթական 48-ժամյա դադարի մասին, որի նպատակն է քաղաքում իրականացնել մարդասիրական գործողություններ:
«Այժմ պետք է ամեն ինչ անել, որ այդ հայտարարությունն արագորեն վերածվի գործողության»,- ասել է Շտայնմայերը:
Շտայնմայերը կոչ է արել զերծ մնալ այս բնակավայրում հետագա ռազմական գործողություններից: Նա պնդել է, որ Ռուսաստանը՝ լինելով պետություն, որն աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, կրում է «հատուկ պատասխանատվություն»:
Գերմանիայի արտգործնախարարը հերթական անգամ հայտարարել է, որ Սիրիայի հակամարտության լուծումը կարող է լինել միայն քաղաքական: «Եվ մենք այս հարցում Ռուսաստանից ակնկալում ենք վճռական ներդրում»,- ասել է նախարարը:
lratvakan.am/
21/8/2016