Էրդողանի քաղաքականությունից միայն փլատակներ են մնացել. Foreign Policy
«Անկարան խանդավառությամբ արձագանքեց «արաբական գարնանը»՝ իր համար տեսնելով Մերձավոր Արեւելքում «փոփոխությունների քամին» կառավարելու հնարավորություն: Սակայն Սիրիայի հակամարտությունը, որն այնպիսի ընթացք չունեցավ, ինչպես հաշվարկել էր թուրք նախագահը, փոխեց ամեն ինչ: Թուրքիայի արտաքին քաղաքականությունից մնացին միայն փլատակները»,- գրում է քաղաքագետ Հենրի Բարկին ամերիկյան Foreign Policy պարբերականում:
«Տարիներ առաջ Անկարան հարեւանների հետ հարաբերություններն էր հարթում եւ տարածաշրջանում գերիշխող դիրք զբաղեցնելու հայտ էր ներկայացրել: Այժմ այդ երկիրը փչացրել է հարաբերությունները տարածաշրջանային բոլոր հարեւանների, նաեւ ԱՄՆ-ի, Եվրամիության եւ Ռուսաստանի հետ: Մինչ «արաբական գարնան» մեկնարկը Սիրիայի եւ Թուրքիայի նախագահները պահպանում էին գործնական եւ անգամ անձնական սերտ հարաբերություններ: Սակայն 2011թ.-ին Սիրիայում բռնկված քաղաքացիական պատերազմի ընթացքում թուրք առաջնորդը երես թեքեց իր նախկին ընկերոջից եւ դաշնակցից: Էրդողանը հրապարակայնորեն Ասադին կոչեց բռնապետ՝ պնդելով, որ նա իշխանության ղեկին մի քանի ամսից ավելի չի մնա: Իսկ սիրիացի առաջնորդը հենց այնպես չհանձնվեց, համառորեն պահեց իշխանությունը եւ Էրդողանին հանեց հավասարակշռությունից»,-գրում է Բարկին:
«Թուրք նախագահը սկսեց քննադատել ԱՄՆ-ին սիրիական հակամարտությանը միջամտելուց հրաժարվելու համար: Անկարան սկսեց թուրք-սիրիական սահմանը բացել ծայրահեղական իսլամիստ զինյալների առջեւ, ինչը սրեց լարվածությունը Վաշինգտոնի հետ հարաբերություններում: Թուրքիայի կառավարությունը շատ լավ հասկանում էր, որ այդ ջիհադիստներից շատերը միանալու են ահաբեկչական խմբավորումներին, սակայն շարունակում էր աջակցել նրանց: Տասնյակ հազարավոր օտարերկրյա զինյալների ժամանումը Սիրիա շուտով դարձավ ակնհայտ բոլորի համար»:
«Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները «մահացու հարված» հասցրեցին թուրքական իշխանությունների եւ քրդերի միջեւ ծխացող խաղաղ գործընթացին: Այս հակամարտության ընթացքում իրենց ազդեցությունը զգալիորեն ընդլայնեցին սիրիացի քրդերը (Սիրիայի Ժողովրդավարական միություն), ովքեր աջակցում են Քուրդիստանի Աշխատավորական կուսակցությանը: Բացի այդ, քրդերին օժանդակում էր ԱՄՆ-ն: Իսկ Էրդողանն այդ միությանն անվանում էր «ավելի մեծ աղետ», քան «Իսլամական պետությունն» է: Քրդերը խարխլեցին Էրդողանի արտաքին եւ ներքին քաղաքական դիրքերը: Իսկ Ասադի կողմից սիրիական հակամարտությանը միջամտելու Ռուսաստանի որոշումը Թուրքիայի նախագահին փակուղի մտցրեց»,-գրում է հոդվածագիրը:
«Նոյեմբերին թուրքերը խոցեցին ռուսաստանյան օդանավը. դա շատ անզգույշ քայլ էր, ինչը Մոսկվայի կողմից պատասխան գործողությունների հանգեցրեց` տնտեսական, քաղաքական եւ ռազմական ոլորտներում: Էրդողանը թերագնահատեց Պուտինին, եւ սկսվեցին նրա ձախողումները Սիրիայում: Էրդողանն ստիպված հետեւում էր, թե ինչպես են Ռուսաստանը եւ Իրանն աջակցում սիրիական բանակին թուրքերի դաշնակիցների դեմ պայքարում»:
Բարկին հետեւյալ եզրահանգումն է անում. «թուրքական քաղաքականությունն այլեւս Թուրքիայի հետ առնչություն չունի, այն կապված է անձամբ Էրդողանի հետ: Առաջիկայում նա ստիպված կլինի բախվել 3 լուրջ մարտահրավերների հետ. նախ`Թուրքիան նախագահական հանրապետության վերածելու նրա ձգտումը, 2-րդ` քրդերի հետ հակամարտությունը, եւ 3-րդ` Սիրիայում հակամարտության հնարավոր էսկալացիան»:
galatv.am
8/2/2016