Թուրքիայի թիրախում քրդական ուժերի ոչնչացումն է, ոչ թե ԻՊ-ն. փորձագետ
Սիրիայի արտգործնախարարությունը դատապարտում է Թուրքիայի ներխուժումը երկրի հյուսիս՝ վերջինին մեղադրելով Սիրիայի պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման մեջ:
Հիշեցնենք, որ թուրքական զինուժը օգոստոսի 24-ին մուտք է գործել Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետությունից» սիրիական Ջերաբլուս քաղաքն ազատագրելու համար: «Սիրիայի տարածքում ցանկացած հակաահաբեկչական գործողություն պետք է անցկացվի Դամասկոսի ու սիրիական բանակի հետ համաձայնությամբ: Այն, ինչ այժմ կատարվում է Ջերաբլուսում, ահաբեկչության դեմ պայքար չէ, այլ ահաբեկչության մի տեսակը մյուսով փոխարինել: Սիրիան պահանջում է վերջ տալ ագրեսիային ու ՄԱԿ- ին կոչ է անում կիրառել ընդունված բանաձեւերը»,- նշվում է ԱԳՆ հայտարարության մեջ: Սիրիայի տարածք Թուրքիայի ներխուժմանն արձագանքել են նաև տեղի քրդերը՝ նշելով, որ Թուրքիայի բուն նպատակը ոչ թե ԻՊ-ի, այլ քրդական ուժերի ոչնչացումն է: Այս տեսակետը կիսում են նաև հայ փորձագետները:
«Եթե Էրդողանի բուն նպատակը լիներ ԻՊ-ի դեմ պայքարը, ապա դա կաներ հենց իր պետության ներսում: Սիրիայի հյուսիս ներխուժած թուրքական զինուժի հարվածի թիրախում, իհարկե, նախևառաջ քրդերն են»,- համոզված է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը: Ինչո՞ւ քրդերը. հարցին պատասխանը հստակ է. «Թուրքիան ցանկանում է վերահսկողություն սահմանել թուրք-սիրիական սահմանի այդ հատվածում՝ փորձելով բացառել տարածքը քրդերի ձեռքն անցնելու հնարավորությունը:
Փորձագետի խոսքով՝ Թուրքիան ներխուժեց Սիրիա՝ համաձայնության գալով տարածաշրջանի բոլոր խաղացողների, այդ թվում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի հետ: Ստեղծվել է իրավիճակ, երբ համընկել են բոլորի շահերը, որոնք ավելի տեսանելի կլինեն հետագա զարգացումների ընթացքում՝ ասում է թուրքագետը:
Թուրքական արտաքին քաղաքականությունն ունի յուրահատկություն. գլոբալ ամենատարբեր խնդիրների համատեքստում կարողանալ օրակարգ մտցնել նվաճողական սեփական նպատակներն ու դրանք իրագործել: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ այդ յուրահատկությունը տեսնելու համար բավարար է թերթել Թուրքիայի միայն 20-րդ դարի պատմությունը:
Մելքոնյանի համոզմամբ ևս Սիրիայի հյուսիսում թուրքական հարվածն ուղղված ոչ թե, նրա ձեւակերպմամբ, իր գործընկեր ԻՊ-ի, այլ տեղի քրդական բնակչության դեմ: «Ահաբեկչության դեմ պայքարի հռետորաբանությամբ Թուրքիան այսօր փորձում է միանգամից երկու նապաստակ սպանել, ցավոք, գերտերությունների լուռ համաձայնությամբ»,- ասում է թուրքագետը:
Սիրիան այսօր բախվում է ծանոթ խնդրին, երբ միջազգային մեծ խաղերում շահարկման առարկա են դառնում երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Մելքոնյանի ձևակերպմամբ՝ սա միջազգային քաղաքականության գրված ու չգրված օրենքներից է, որին փոքր պետություններն ու ժողովուրդները ստիպված են բախվել: Այս պահին զոհի դերում սիրիական պետությունն է և քուրդ ժողովուրդը։
armedia.am
27/8/2016