Երկու հայ նախարար՝ Լիբանանի նոր կառավարությունում
Սաըդ Հարիրին ներկայացրել է Լիբանանի 30 հոգանոց նոր կառավարությունը, որի կազմում ընդգրկված են երկու հայ նախարարներ:
ԻՌՆԱ-ի կիրակի գիշեր կատարած հաղորդման համաձայն, Լիբանանի կառավարության նոր կազմը ներկայացվել է այդ երկրի նախագահ գեներալ Միշել Աունի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի և վարչապետ Սաըդ Հարիր ներկայությամբ գումարված նիստում:
Այս կապակցությամբ վարչապետի խոսնակ Մոհամմեդ Ֆալիֆելը մամուլի ասուլիսի ժամանակ ընթերցել է նախկին կառավարության վարչապետ Թամամ Սալամի հրաժարականն ընդունելու, ինչպես նաև վարչապետի պարտականությունները Սաըդ Հարիրիին և նոր կառավարությանը փոխանցելու մասին Լիբանանի նախագահի հրամանագիրը:
Լիբանանի նոր կառավարության կազմում իրենց պաշտոններում վերականգնվել են նախկին ԱԳ նախարար Ջեբրան Բասիլն ու ՆԳ նախարար Նահադ Ալ-Մաշնուղը:
Լիբանանի կառավարության կազմում ընգրկված են նաև երկու հայ նախարարներ: Սաըդ Հարիր կառավարության կազմում ՀՅԴ-ն ներկայացնող Ավետիս Գիդանյանը կզբաղեցնի զբոսաշրջության հարցերով պետնախարարի պաշտոնը, իսկ նախկին կառավարության անդամ Ժան Օգասապյանը կվարի կանանց հարցերի նորաստեղծ պետնախարարության պարտականությունները: