Սիրիա է առաքվել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը. 18 տոննա սննդամթերք
ՀՀ նախագահի հանձնարարությամբ, ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հունիսի 7-ին Սիրիա է առաքվել հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը:
Հայաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այն ներառում է շուրջ 18 տոննա առաջին անհրաժեշտության պարագաներ՝ հիմնականում սննդամթերք:
Մարդասիրական օգնությունը Սիրիա է ուղարկվել Ռուսաստանի Դաշնության ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռով: Բեռների վրա մակագրված է. «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից` Սիրիայի եղբայրական ժողովրդին»։
Մարդասիրական օգնությունն ուղեկցելու եւ տեղում բաշխման գործընթացը կազմակերպելու նպատակով Սիրիա են մեկնել ՀՀ պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչները:
News.am