Լիբանանի նախագահ Միշել Աունը բարձր է գնահատել հայ-լիբանանյան հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i75487-Լիբանանի_նախագահ_Միշել_Աունը_բարձր_է_գնահատել_հայ_լիբանանյան_հարաբերությունները
Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությանը Բեյրութում ընդունել է Լիբանանի Հանրապետության նախագահ, գեներալ Միշել Աունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2017 14:05 Asia/Tehran
  •  Լիբանանի նախագահ Միշել Աունը բարձր է գնահատել հայ-լիբանանյան հարաբերությունները

Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությանը Բեյրութում ընդունել է Լիբանանի Հանրապետության նախագահ, գեներալ Միշել Աունը։

Սուրեն Կարայանին ուղեկցել է Լիբանանի ծրագրավորման պետական նախարար Միշել Ֆարաոնը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախագահ Աունը բարձր է գնահատել հայ-լիբանանյան հարաբերությունները` կոչ անելով ամրապնդել դրանք բոլոր ուղղություններով, հատկապես տնտեսական ոլորտում։ «Լիբանանահայերը կարևոր դեր են խաղում Լիբանանի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման գործում», - ասել է նա: Լիբանանի նախագահը նաև կոչ է արել երկու երկրների գործարարներին ակտիվ համագործակցել միմյանց հետ: Սուրեն Կարայանն իր հերթին ընգծել է տնտեսական համագործակցության կարևորությունը և ներդրումային հնարավորությունները։ «Հայկական պատվիրակությունը այսօր Լիբանանում է` նախարար Միշել Ֆարաոնի հրավերով, և մեր հիմնական նպատակն է ամրապնդել համագործակցությունը Լիբանանի տնտեսական հաստատությունների մեր գործընկերների հետ», - հավելել է նախարար Կարայանը: «Մենք համարում ենք, որ Լիբանանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության ներուժը դեռևս հավուր պատշաճի իրացված չէ։ Նախարար Ֆարաոնի հետ մենք պայմանավորվել ենք զարգացնել տնտեսական համագործակցությունն այն ուղղություններով, որոնցում դեռ բավականին աշխատանք կա անելու։ Հայ և լիբանանցի գործարարների դերը հատկապես կարևոր է այս համագործակցությունը խթանելու գործում», - ասել է նախարար Կարայանը և ներկայացրել Հայաստանի արտաքին տնտեսական համագործակցությունն ու թիրախային շուկաներում առկա հնարավորությունները։ Կողմերը քննարկել են նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության խթանման հնարավորությունները:

Armenpress.am