Աֆղանստանում ափիոնի կակաչի ցանքատարածությունները հասել են ռեկորդային չափերի. ՄԱԿ
Աֆղանստանում գյուղատնտեսական այն հողերի մակերեսը, որոնք վերածվել են ափիոնի կակաչի ցանքատարածությունների, հասել Է ռեկորդային 328 հազար հեկտարի՝ մեկ տարում ավելանալով 63 տոկոսով:
Այդ մասին վկայում են ՄԱԿ-ի՝ Թմրանյութերի եւ հանցավորության դեմ պայքարի վարչության ամենամյա զեկույցի տվյալները, որոնք նոյեմբերի 15-ին ներկայացվել են Վիեննայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ափիոնի կակաչի մշակման այս մակարդակը նոր ռեկորդ Է կանոնավոր մոնիթորինգի սկսվելու պահից (1994 թվականին) ի վեր եւ 2014 թվականի նախորդ ռեկորդը գերազանցել Է 104 հազար հեկտարով կամ 46 տոկոսով»,-ասված Է փաստաթղթում: Հետազոտության համաձայն, անցյալ տարի երկրում ափիոնի արտադրողներին հաջողվել Է ոչ միայն իրենց գործունեությունն ընդլայնել որոշ տարածաշրջաններում, այլեւ ընդգրկել երեք նոր տարածաշրջան՝ Սամանղանը, Ղազնին եւ Նուրիստանը: Այսպիսով, ափիոնի կակաչը գրավում Է նաեւ երկրի հյուսիսային շրջանները, որոնք ավանդաբար ավելի քիչ Էին ներգրավված դրա արտադրության մեջ: Արդյունքում ափիոնից ազատ են մնացել երկրի միայն 10 տարածաշրջաններ, 24 նահանգներ ներգրավված են արտադրության գործում, ճշտվում Է փաստաթղթում: Կակաչի այս տեսակն ամենից ակտիվ աճեցվում Է Աֆղանստանի ամենահարավային նահանգում՝ Գիլմենդում, հետեւում Է զեկույցից: Այսպես, կակաչի ցանքատարածություններն այնտեղ զբաղեցնում են 144 հազար հեկտար, նրան հաջորդում Է Ղանդահարը, որտեղ այն զբաղեցնում Է շուրջ 28 հազար հեկտար: Ընդ որում՝ հետազոտողները ճշտում են, որ ափիոնի արտադրությունը 2017 թվականին կարող Է հասնել ինը հազար տոննա թմրանյութերի՝ ափիոնի համարժեքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Armenpress.am