Լիբանանի վարչապետ Հարիրին ընդունել է Ֆրանսիա այցելելու հրավերը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i76272-Լիբանանի_վարչապետ_Հարիրին_ընդունել_է_Ֆրանսիա_այցելելու_հրավերը
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին ընդունել է Ֆրանսիա այցելելու հրավերը՝ մոտ երկու շաբաթ առաջ տարածաշրջանը ցնցած նրա անակնկալ հրաժարականից հետո: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակը, հաղորդում է Associated Press-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2017 12:50 Asia/Tehran
  • Լիբանանի վարչապետ Հարիրին ընդունել է Ֆրանսիա այցելելու հրավերը

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին ընդունել է Ֆրանսիա այցելելու հրավերը՝ մոտ երկու շաբաթ առաջ տարածաշրջանը ցնցած նրա անակնկալ հրաժարականից հետո: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակը, հաղորդում է Associated Press-ը:

Մակրոնի գրասենյակից պաշտոնյայի խոսքերով՝ սպասվում է, որ Հարիրին կժամանի Ֆրանսիա և շաբաթ հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Լիբանանի նախագահ Միշել Աունն իր հերթին հայտարարել է, որ Հարիրին և նրա ընտանիքը շաբաթ կժամանեն Ֆրանսիա: Նա նշել է, որ այնտեղ Հարիրին կհանգստանա մի քանի օր մինչև Բեյրութ ժամանելը «հրաժարականի վերաբերյալ որոշում» կայացնելու համար:

Աունը ողջունել է Հարիրիի որոշումն ընդունել Ֆրանսիայի հրավերը՝ ասելով, որ նա հույս ունի, որ դա «բացել է Լիբանանում քաղաքական ճգնաժամի կարգավորման դուռը»:

Ճգնաժամի առնչությամբ Եվրոպա քննարկումների համար մեկնած Լիբանանի արտգործնախարար Ջեբրան Բասիլը Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ կարևոր է, որ Հարիրին վերադառնա և «կայացնի այն որոշումը, որը ցանկանում է»: Գերմանիայի նախարարն իրավիճակը «շատ վտանգավոր է» անվանել:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Սաադ Հարիրին կիրակի նախազգուշացրել է, որ Լիբանանը կարող է արաբական երկրների կողմից ենթարկվել պատժամիջոցների և հայտնել է, որ մի քանի օրից կվերադառնա Լիբանան հաստատելու համար երկրի վարչապետի պաշտոնից իր հրաժարականը:

Նոյեմբերի 4-ին Էր Ռիադում գտնվող Լիբանանի վարչապետ, սուննի քաղաքական առաջնորդ Սաադ Հարիրին անսպասելի հրաժարական էր տվել՝ հայտարարելով, որ վախենում է իր կյանքի համար: 

Լիբանանի իշխանությունները կարծում են, որ Հարիրին իր կամքին հակառակ պահվում է Սաուդյան Արաբիայում, որի իշխանություններն էլ նրան հրահանգել են հրաժարական տալ:

Ռիադը հայտարարում է, որ Հարիրին՝ «Սաուդյան Արաբիայի վաղեմի դաշնակիցը», ազատ մարդ է և երկիրը կապ չի ունեցել նրա հրաժարականի մասին հայտարարելու որոշման հետ:

Լիբանանի նախագահը հրաժարվում է որոշում կայացնել անակնկալ հրաժարականն ընդունելու վերաբերյալ, մինչև վարչապետ Սաադ Հարիրին չվերադառնա հայրենիք:

tert.am/