ՄԱԿ-ում սպառազինությունների վերահսկման մասին բանաձև է ընդունվել
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, ձայների մեծամասնությամբ ընդունվել է սպառազինությունների վերահսկման մասին Ռուսաստանի առաջարկած բանաձևը:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, ՄԱԿ-ի ԳԱ-ն ուրբաթ օրը 179 կողմ ձայներով ընդունել է սպառազինությունների վերահսկման, զինաթափման և զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման համակարգի ամրապնդման մասին Ռուսաստանի առաջարկած բանաձևը:
Ըստ հաղորդման, ոչ մի երկիր դեմ չի քվեարկել այդ բանաձևին:
179 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ը քվեարկել են այդ բանաձևի օգտին: Միայն Ուկրաինան, Վրաստանը և Պալաո կղզիները ձեռնպահ են քվեարկել:
Այդ փաստաթուղթը պահանջում է ամենայն լրջությամբ քննարկել սպառազինությունների վերահսկման ոլորտում համաձայնագրերի ու դաշինքների ժամկետների ավարտի բացասական հետևանքները:
Փաստաթղթում նաև կարևորվել է ՄԱԿ-ի դերն այդ ոլորտում բանակցությունները շարունակելու հարցում: