Թուրքիան ու Ռուսաստանը կարող են ագրեսիվանալ. ռազմական պլան Հայաստանի դեմ
Թուրքիան ռազմական գործողություն է սկսել Իրաքի տարածքում, այսպես ասած՝ քրդական բանվորական կուսակցության դեմ հակաահաբեկչական պայքարի շրջանակում, ինչպես անվանում է իր այդօրինակ գործողությունները:
Դրանք իրականում այլ բան չեն, քան Թուրքիայի էքսպանսիոն քաղաքականության դրսևորում, որ վարում է այդ երկրի նախագահ Էրդողանն իշխանության գալուց ի վեր: Թուրքական նոր ռազմագործողության ֆոնին հայկական համացանցում բավականին տարածվել է հրապարակումը, որտեղ նշվում է, որ Թուրքիայի գլխավոր շտաբում մշակվել և քննարկվել է Հայաստանի դեմ գրոհի պլան: Այդ մասին հրապարակել է Nordic Monitor կայքը, որը շվեդական հասարակական կազմակերպության հովանու ներքո է: Թուրքիայից այդ տեղեկությունը նոր չէ, հրապարակվել է մի քանի ամիս առաջ էլ: Ընդհանրապես, Թուրքիայի վերաբերյալ այդօրինակ նկրտումների մասին տեղեկությունները այլևս որևէ մեկին չեն զարմացնում ոչ միայն Հայաստանում, այլևս աշխարհում: Թուրքիան դարձել է ամենաագրեսիվ պետություններից մեկը, եթե ոչ ամենաագրեսիվը: Այդ հարցում նրա գործընկերը վերջին տարիներին Ռուսաստանն էր, բայց ներկայումս ակնհայտորեն կան խնդիրներ, Մոսկվան ու Անկարան չեն կարողանում պայմանավորվել Լիբիայի հարցում, ըստ էության չեն կարողանում այլևս պայմանավորվել սիրիական հարցում: Անգամ ռուս-թուրքական ռազմավարական դաշինքի ապոլոգետ ռուսաստանցի փորձագետներն են խոսում այն մասին, որ դաշինքն, ըստ ամենայնի, սպառել է իրեն: Դա նշանակում է, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ռուսաստանը կարող են դառնալ բավականին ագրեսիվ: Առավել ևս, որ նրանք ունեն խնդիրներ ոչ միայն միմյանց հետ, այլ նաև աշխարհաքաղաքական ազդեցիկ դերակատարների, ներկայումս գերակա տանդեմի՝ Չինաստանի և ԱՄՆ հետ:
Հավանաբար՝ ռուս-թուրքական ագրեսիվությանն է պատրաստվում նաև հարևան Վրաստանը, որն օրերս հայտարարեց Բաթումում Թուրքիայի մի քանի զինված քաղաքացի ձերբակալելու մասին: Նախօրեին էլ Վրաստանի հատուկ ծառայությունները Վրաստանում ՌԴ քաղաքացի էին ձերբակալել, որն, ըստ տեղեկության, պատրաստվում էր մահափորձ կատարել վրաց այն լրագրողի նկատմամբ, որը համընդհանուր հայտնիություն ձեռք բերեց ուղիղ եթերում Պուտինի հասցեին հայհոյանքից հետո: Վրաստանի հատուկ ծառայությունը կասկածում է, որ ՌԴ քաղաքացու միջոցով նրան վերացնելու հարցը լուծում է Չեչնիայի նախագահ Կադիրովը: Կադիրովն ինքը հերքել է դա: Խնդիրը, սակայն, ավելի լայն իմաստով հենց Վրաստանի հատուկ ծառայության երկու գործողություններն են, փաստորեն Թուրքիայի և Ռուսաստանի ուղղությամբ: Ահա, այդ լայն ֆոնին բավականին ուշագրավ լույսի ներքո կարող են հայտնվել այն ներքաղաքական զարգացումները, որ այս շաբաթներին ծավալվում են Հայաստանում, և դրանց առնչությամբ կառավարության գործողությունները:
1in.am