Ի՞նչ հարցեր կքննարկվեն Մոսկվայում Փաշինյան-Պուտին-Ալիև հնարավոր հանդիպմանը
https://parstoday.ir/hy/news/world-i130731-Ի_նչ_հարցեր_կքննարկվեն_Մոսկվայում_Փաշինյան_Պուտին_Ալիև_հնարավոր_հանդիպմանը
«Մոսկվայում եռակողմ բարձրաստիճան հանդիպումը տրամաբանական կլինի»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Մոսկվայում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման հավանականությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2021 14:40 Asia/Tehran
  • Ի՞նչ հարցեր կքննարկվեն Մոսկվայում Փաշինյան-Պուտին-Ալիև հնարավոր  հանդիպմանը

«Մոսկվայում եռակողմ բարձրաստիճան հանդիպումը տրամաբանական կլինի»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Մոսկվայում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման հավանականությանը։

Նշենք, որ մամուլում դեռևս չհերքվող տեղեկություններ են շրջանառվում, որ առաջիկայում Մոսկվայում եռակողմ բարձրաստիճան հանդիպում է կայանալու Փաշինյանի, Պուտինի և Ալիևի մասնակցությամբ, որը կլինի Փաշինյան-Ալիև առաջին հանդիպումը պատերազմից հետո։ Չի հերքվել նաև տեղեկությունը, որ Փաշինյանն առաջիկայում այցելելու է Մոսկվա։

Ռուսական «Ինտերֆաքս»-ը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել է նման հանդիպման մասին՝ նշելով, որ այն կկայանա ամանորյա արձակուրդներից հետո, հավանական ամսաթիվ է նշվում հունվարի 11-ը։ Հավելենք, որ  մինչ տոները  ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը մեկնել էր Մոսկվա, որը վերջին շրջանում նրա երրորդ այցն էր Ռուսաստանի մայրաքաղաք։ Նրա այցի բովանդակության վերաբերյալ մամուլում մի շարք տեղեկություններ էին շրջանառվում։

Լուկիանովը մեզ հետ զրույցում ասաց, որ չի բացառվում, որ նման հանդիպում նախատեսվի, դա տրամաբանական կլինի, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրվել է հեռավար կարգով, իսկ դրան հաջորդած ողջ բարդ գործընթացը՝ քայլերը, ենթադրում են ավելի սերտ քննարկումներ և բանակցություններ։ Ըստ նրա, եռակողմ հայտարարությամբ նախատեսված հրադադարի հաստատումից հետո մի  բարդ գործընթաց է սկսվել, որը ներառում է սահմանների հստակեցումը երկու կողմերից, որոնցից յուրաքանչյուրն առաջնորդվում է իր քարտեզներով, նոր հաղորդակցությունների բացման շուրջ բանակցությունները և հումանիտար խնդիրները, այդ թվում՝ գերիների փոխանակում և վերադարձ։

Նրա խոսքով՝ չի բացառվում նաև, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ քննարկումներ ծավալվեն, այսինքն՝ սա առիթ կլինի բոլոր կնճռոտ և երկարաձգված հարցերը քննարկելու համար։

168.am