Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Ղարաբաղի հարցը
Երեկ Դոհայի օդանավակայանում ուշ երեկոյան հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները:
Այսօր նրանք Քաթարի արտգործնախարարի հետ եռակողմ բանակցությունների են մասնակցում Սիրիայի հարցով: Քաթարում կայացած ռուս-թուրքական երեկվա բանակցություններին Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն քննարկել են նաև Ղարաբաղի թեման: «Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել եմ այսօր ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունները, Ղարաբաղը, Լիբիան և Սիրիան», – Թվիթերում երեկ ավելի ուշ գրել էր Չավուշօղլուն:
Երեկ Ռուսաստանի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, թե չնայած Ղրիմի հարցում տարաձայնությունների առկայությանը, Մոսկվան և Անկարան ունեն ռազմավարական փոխգործակցություն և որպես օրինակ նշել էր փոխգործակցությունը Ղարաբաղում ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի շրջանակներում: