ՌԴ պատվիրակները քվեարկել են կոնկրետ հայ ռազմագերիների հարցը օրակարգ մտցնելու հարցով
Ռուսաստանի պատվիրակությունը քվեարկել է ոչ թե փաթեթի, այլ կոնկրետ հայ ռազմագերիների հարցը օրակարգ մտցնելու հարցով։
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքը հրապարակել է անվանական քվեարկության արդյունքները հայ ռազմագերիների հարցն արտակարգ ռեժիմով գարնանային նստաշրջանի օրակարգ ներառելու հարցի վերաբերյալ:
93 պատվիրակ կողմ է քվեարկել «Հայ ռազմագերիներ, այլ գերիներ եւ տեղահանվածներ» հարցն օրակարգ մտցնելուն, 21-ը՝ դեմ, 18-ը ձեռնպահ է մնացել: Դեմ քվեարկած ԵԽԽՎ 21 պատվիրակներից 8-ը ներկայացնում են Թուրքիան, 6-ը՝ Ադրբեջանը, 5-ը՝ Ռուսաստանը, այդ թվում՝ Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Լեոնիդ Սլուցկին եւ նախկին գեղասահորդ Իրինա Ռոդնինան, 1-ական պատվիրակ Հունգարիայից եւ Սերբիայից: Ռուսաստանի պատվիրակության եւս 7 անդամ ձեռնպահ է մնացել:
Հայ գերիների թեման ընդգրկված է ընթացիկ հարցերի փաթեթում։ Այս փաթեթում ընդգրկված էր 4 հարց, որոնցից երկուսը վերաբերում են կորոնավիրուսին, իսկ մեկը՝ Եվրոպայի անվտանգությանը Ռուսաստանից բխող սպառնալիքին։
lragir.am