Վլադիմիր Ջաբարովը ամփոփել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքները
https://parstoday.ir/hy/news/world-i145254-Վլադիմիր_Ջաբարովը_ամփոփել_է_Նիկոլ_Փաշինյանի_և_Վլադիմիր_Պուտինի_հանդիպման_արդյունքները
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը խիստ կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն քայլը, որ նա արտահերթ խորհրդարանական ընտրություններում վերընտրվելուց հետո իր առաջին այցը կատարել է հենց Մոսկվա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2021 15:04 Asia/Tehran
  • Վլադիմիր Ջաբարովը ամփոփել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքները

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը խիստ կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն քայլը, որ նա արտահերթ խորհրդարանական ընտրություններում վերընտրվելուց հետո իր առաջին այցը կատարել է հենց Մոսկվա:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մոսկվա-Երևան հեռուստակամրջի ժամանակ Ջաբարովը Նիկոլ Փաշինյանի քայլը անվանել է «բարի նշան»:

Նա նշել է, որ կողմերը քննարկել են աշխատանքային հարցեր, իրավիճակը տարածաշրջանում, Ղարաբաղը, խաղաղապահ առաքելությունը և այլն:

Ջաբարովի կարծիքով` նախկին խորհրդային երկրները (Ադրբեջանը և Հայաստանը) վաղ թե ուշ պետք է կարգավորեն հարաբերությունները և սկսեն պայմանավորվել, վերականգնել երկրները այդ ցնցումներից հետո, իսկ ռուս խաղաղապահների ներկայությունը երաշխիք է ապագայում հնարավոր արյունահեղություններից խուսափելու համար:

Ջաբարովն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների տեղակայումը կիրականացվի երկու երկրների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնությամբ, և  ցանկացած սադրանք կկասեցվի:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքում ռազմաբազա ստեղծելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարություններին, Ջաբարովը նշել է, որ Ռուսաստանը շատ բացասական է գնահատում դա՝ հավելելով, որ Մոսկվան հնարավորություն ունի ճնշում գործադրել Թուրքիայի վրա, իսկ Թուրքիային հակառակորդ պետք չէ ի դեմս Ռուսաստանի:

Նա նաև հիշեցրել է, որ Թուրքիան երբեք չի եղել Ռուսաստանի դաշնակիցը՝ ընդգծելով, որ Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերը միշտ չէ, որ համընկնում են Կովկասում Ռուսաստանի և  նրա դաշնակիցների շահերի հետ:

Խոսելով  հայ գերիների վերադարձի խնդրի մասին՝ ռուս քաղաքական գործիչը նշել է, որ Ադրբեջանն արհեստականորեն ձերբակալում է հայ ռազմագերիներին՝ նրանց ներկայացնելով որպես հանցագործներ:

Նա վստահեցրել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը բոլոր ջանքերը գործադրում է այդ խնդրի լուծման համար:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio