Թուրքիային անհանգստացրել է Մակրոնի հանդիպումը Սիրիայի քրդական պատվիրակության հետ
(last modified Wed, 21 Jul 2021 13:59:15 GMT )
Հուլիս 21, 2021 18:29 Asia/Tehran
  • Թուրքիային անհանգստացրել է Մակրոնի հանդիպումը Սիրիայի քրդական պատվիրակության հետ

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը սիրիայի քրդերի կողմից հիմնված «Սիրիայի դեմոկրատական խորհրդի» պատվիրակության հետ, հաղորդում է Ermenihaber-ը։

Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչի տարածած հայտարարության մեջ պնդում է արվում, որ «Սիրիայի դեմոկրատական խորհուրդը» գործում է Սիրիայի քրդերի զինված ուժերը համարվող «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (YPG-ԺՊՈւ) համակարգմամբ, որն էլ, ըստ Անկարայի, հանդիսանում է Թուրքիայի ու մի շարք այլ երկրների կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) սիրիական ճյուղավորումը:

«Հակառակ մեր բոլոր հորդորներին՝ պառակտող օրակարգ ունեցող և ձեռքերն արյունոտ այս կազմակերպության հետ Ֆրանսիայի հարաբերությունները վնաս են հասցնում Թուրքիայի ազգային անվտանգությանը, Սիրիայի քաղաքական ու տարածքային ամբողջականությանը և տարածաշրջանի կայունությանը միտված ջանքերին»,- ասված է Բիլգիչի տարածած հայտարարության մեջ:

Թուրքիայի իշխանությունները հարևան Սիրիայի հյուսիսում ինքնավարություն ստեղծելու փորձեր արած կամ անող քրդական կազմավորումներին համարում են սպառնալիք իրենց երկրի անվտանգությանը և ամեն կերպ փորձում վիժեցնել այդ կազմակերպությունների ծրագրերը կամ քայքայել ու ոչնչացնել դրանց:

armlur.am