«Ժողովուրդ». Բանակցությունները գաղտնի են, ինչպես ամեն ինչ
https://parstoday.ir/hy/news/world-i146952-Ժողովուրդ_._Բանակցությունները_գաղտնի_են_ինչպես_ամեն_ինչ
Երեկ հանրության համար անակնկալ կերպով պարզ դարձավ, որ Մոսկվայում պետք է բանակցություններ լինեն հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2021 08:44 Asia/Tehran
  • «Ժողովուրդ». Բանակցությունները գաղտնի են, ինչպես ամեն ինչ

Երեկ հանրության համար անակնկալ կերպով պարզ դարձավ, որ Մոսկվայում պետք է բանակցություններ լինեն հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասով:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հանրության համար անակնկալ կերպով պարզ դարձավ, որ Մոսկվայում պետք է բանակցություններ լինեն հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասով: Բանն այն է, որ նախորդ օրը գիշերվանից ադրբեջանական կողմը նախահարձակ գործողություններ էր սկսել, որի հետեւանքով հայկական կողմն ունի երեք զոհ եւ չորս վիրավոր:

Եվ, ահա, ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունում այսպիսի հատվածի ենք հանդիպում. «Հակառակորդը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչեւ Վերին Շորժա հատվածում»,- նշված է ՊՆ տարածած հաղորդագրությունում: Սակայն հետաքրքիր է, որ մինչեւ այս պահը Մոսկվայում սպասվող որեւէ բանակցության մասին տեղեկություն առկա չէր:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ ռուսական կողմի առաջարկով հրադադար է հայտարարվում, սակայն որեւէ տեղեկություն կրկին առկա չէր, թե հրադադարն ինչ պայմաններով է հաստատվում, եւ ինչ խոստման դիմաց:

Իշխանության ներկայացուցիչներն ավելի քան լուռ են: Սահմանային լարվածության ֆոնին երեկ որեւէ հայտարարություն չեղավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից այն դեպքում, երբ նա նախկինում որեւէ իրադարձության ժամանակ շտապում էր լայվ մտնել կամ գրառում անել, համախմբման կոչեր անել: Լուռ էր ոչ միայն նա, այլև նրա կուսակիցները:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել նրա խոսնակ Մանե Գեւորգյանի հետ, սակայն հեռախոսազանգերը մնացին անպատասխան. իշխանությունները որդեգրել են դարձյալ գաղտնիության քողի ներքո քայլեր անելու տարբերակը:

News.am