Ստիպված են հաշվի նստել. ռուս փորձագետը՝ խաղաղապահների նկատմամբ Բաքվի վերաբերմունքի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i150106-Ստիպված_են_հաշվի_նստել._ռուս_փորձագետը_խաղաղապահների_նկատմամբ_Բաքվի_վերաբերմունքի_մասին
Քաղաքագետը համոզված է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը ԼՂ–ում ոչ թե 5 տարի, այլ ավելի երկար կմնա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2021 10:10 Asia/Tehran
  • Ստիպված են հաշվի նստել. ռուս փորձագետը՝ խաղաղապահների նկատմամբ Բաքվի վերաբերմունքի մասին

Քաղաքագետը համոզված է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը ԼՂ–ում ոչ թե 5 տարի, այլ ավելի երկար կմնա։

ԼՂ–ում ռուս խաղաղապահների մանդատին առնչվող Ադրբեջանի ղեկավարության մեկնաբանություններն ուղղված են ներքին լսարանին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՌԳԱ արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովը։

Ավելի վաղ Ադրբեջանի առաջնորդի օգնական, նախագահական վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը BBC–ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «ԼՂ–ում ռուս խաղաղապահների մանդատի հետ կապված լրացուցիչ իրավական մեխանիզմների վերաբերյալ որոշակի բանավեճեր դեռևս շարունակվում են»։

Սկակովի խոսքով` խաղաղապահների մուտքը միշտ չէ և ոչ ամեն տեղ է ձևակերպվում խորհրդարանի կողմից հաստատված որոշման ճանապարհով։

«Նման օրինակները բազմաթիվ են։ Սերբիայի խորհրդարանը հաստատե՞լ էր Կոսովո խաղաղապահների մուտքը։ Ոչ։ Եղե՞լ է խորհրդարանի որոշում Բոսնիա և Հերցեգովինա, Խորվաթիա զորախումբ մտցնելու համար։ Նույնպես ոչ։ Այդ ամենը հեքիաթներ են և փորձ` դեմքի լավ արտահայտություն պահպանել վատ խաղի ժամանակ»,– կարծում է փորձագետը։

Ըստ նրա` խաղաղապահները ԼՂ–ում կմնան ոչ թե 5 տարի, այլ ավելի երկար։ Եվ Բաքուն, նրա կարծիքով, ի զորու չէ նրանց դուրս բերել։ Ադրբեջանը, ըստ նրա, ստիպված կլինի հաշվի նստել ԼՂ–ում ռուսական զորախմբի ներկայության հետ։

«Իհարկե ինչ–որ մեկին կարող է դա դուր չգալ, բայց դա նրա անձնական խնդիրն է»,– նշել է քաղաքագետը։

Փորձագետի կարծիքով` այդ հայտարարություններին որևէ գործընթացներ չեն հաջորդի։ Միևնույն ժամանակ նա չբացառեց, որ որոշակի սադրանքներ կլինեն, սակայն դրանք իրավիճակի վրա ընդհանուր առմամբ ազդել չեն կարողանա։

«Կարծում եմ, մեզ մոտ հասկանում են, որ նման փորձեր հնարավոր են և պատրատ են դրանց»,– համոզված է Սկակովը։

armeniasputnik.am